ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողան. Թուրքիան երբեք քրդական խնդիր չի ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, շեղվելով 2005 թվականին Դիարբեքիրում արված իր պատմական մեկնաբանություններից, երբ նա առաջին անգամ հրապարակավ ընդունեց քրդական խնդրի գոյությունը, հայտարարել է, որ Թուրքիան երբեք քրդական խնդիր չի ունեցել՝ նշելով, որ Թուրքիայում քրդերը նույն իրավունքներն ունեն, ինչ և թուրքերը: «Այս երկրում երբեք քրդական խնդիր չի եղել: Այնուամենայնիվ, որոշ միջազգային ուժեր փորձում են այն օրակարգում պահել: Մենք վերջ տվեցինք քրդական խնդրին Դիարբեքիրում 2005 թվականին իմ արած հայտարարությամբ: Իմ քուրդ քաղաքացիները կարող են խնդիրներ ունենալ, ինչպես և թուրք քաղաքացիները: Թուրքիայի 36 էթնիկ խմբերն էլ իրենց խնդիրները ունեն: Մշտական քննարկումներ են տեղի ունենում քրդական խնդրի շուրջ, սրա պատճառով 40 000 մարդ է սպանվել այս երկրում», - Էրդողանի խոսքերը մեջբերում է թուրքական Today's Zaman-ը:

Պարբերականը հիշեցնում է, որ 2005 թվականին դեռևս Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանն առաջին անգամ խոստավանեց քրդական խնդրի առկայությունը և խոստացավ այն կարգավորել խաղաղ և ժողովրդավարական միջոցներով: «Քրդական խնդիրը ողջ թուրք ժողովրդի խնդիրն է: Մենք կկարգավորենք այն ավելի մեծ ժողովրդավարության և բարօրության միջոցով», - այն ժամանակ հայտարարեց Էրդողանը:

Իսկ հիմա Էրդողանն ասում է, որ թուրքական կառավարությունը ճանապարհներ և օդանավակայաններ է կառուցում Թուրքիայի քրդաբնակ հարավարևելյան շրջաններում, սակայն այդ ճանապարհին խոչընդոտների է հանդիպում Քրդստանի Աշխատավորական կուսակցության (PKK) կողմից:

Էրդողանն ասել է, որ հեռուստատեսությամբ ելույթ ունեցող և քրդական խնդրի մասին խոսող մարդիկ նպատակ ունեն պառակտել Թուրքիան: Նա նշել է, որ որոշ մարդիկ միտումնավոր ջանքեր են գործադրում քրդական խնդիրն ակտիվ պահելու համար, որ հող պատրաստեն ոմանց համար «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակվելու և անկարգություններ հրահրելու համար:

Թուրքիայի նախագահի այս հայտարարությունն առաջ է բերել թուրք ընդդիմադիր գործիչների քննադատությունը, ովքեր մեղադրել են Էրդողանին կեղծավոր պահվածքի մեջ, որի նպատակը հասարակական ընկալում ձևավորելն է: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) փոխնախագահի կարծիքով «Էրդողանը ցանկանում է տպավորություն ստեղծել, թե հենց ինքն է լուծում բոլոր խնդիրները Թուրքիայում»:

Հատկանշական է, որ քրդական խնդրի առկայությունը հերքելը դարձել է թուրքական ղեկավարության քաղաքական գիծը: 2015 թվականի հունվարին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «խորամանկ» անվանեց այն մարդկանց, ովքեր տարբերություն են դնում թուրքերի և քրդերի միջև: Դավութօղլուն հայտարարեց, որ կցանկանար քրդերեն խոսել սովորել այնպես, ինչպես թուրքերեն է խոսում: «Չնայած նրան, որ բանտերում արգելված էր քրդերեն խոսել և երգել՝ ես այսօր այստեղ եմ, որ փոխեմ այդ բոլոր օրենքները», - նշեց Դավութօղլուն քրդերեն լեզվով սկսած իր ելույթի ժամանակ:

Պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Օսմանյան կայսրության տապալումից հետո, երբ սկսվեց անկախության համար քրդերի պայքարը, Սևրի պայմանագրով ենթադրվում էր, որ նախկին Օսմանյան կայսրության տարածքում պետք է Քրդստան պետություն ստեղծվի: Սակայն Մուստաֆա Քեմալը, հայտարարելով, որ քրդերն ու թուրքերը եղբայրներ են, խոստացավ կատարել քրդերի բոլոր պահանջները՝ նրանց իր կողմը գրավելով: Իսկ հետո հրաժարվեց քրդերին ճանաչել որպես ազգային փոքրամասնություն՝ արգելելով քրդերեն լեզվի կիրառումը և ազգային տարազ կրելը: Թվում է` այժմ նույն քաղաքականությունն է վարում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: