ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող բանաձեւ է ընդունել

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի աշխատանքային օրվա ավարտին արեւելյան գործընկերության պատվիրակները Ցեղասպանության 100-րդ տարելիցին վերաբերող բանաձեւ են ընդունել՝ հանուն արդարության վերականգնման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդներին կարեկից ու աջակից լինելու հորդորով:

«Ոչ մի ցեղասպանության հանցագործություն մեկ օրում չի սկսվում ու ավարտվում, և միայն այն ժամանակ, երբ ցեղասպանություն իրականացրած ոճրագործն ընդունում է իր արարքը, կարելի է արդյունք տեսնել: Թուրքիան սեփական պատմությունը խմբագրելու անհաջող փորձերով է տարված»,- հայտարարել է հայկական պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: «Տպավորություն չլինի, որ Եվրանեսթն այս տարի Հայաստանում է անցնում, դրա համար էլ հայկական պատվիրակությունը ցանկանում է այս բանաձևն ընդունել»,- նշել է Զաքարյանն ու հավելել, որ այս բանաձևը դեռ նախորդ տարի պիտի ընդունվեր, սակայն տեխնիկական պատճառներով ընդունումը հետաձգվեց: Նիստը վարող համանախագները նշել են, որ ԵԺԿ-ն ամբողջությամբ պաշտպանում է այս բանաձևը, և հիշեցրել, որ արդեն ընդունվել է նման բանաձև: 

Բանաձեւին դեմ քվեարկելու մասին է հայտարարել Ուկրիանայի պատվիրակությունը՝ բացատրությամբ, թե Հայաստանը չի դատապարտել ուկրաինական «Հոլոդոմորը»՝ սովասպանությունը: Այսուհանդերձ, բանաձեւն ընդունվել է 33 կողմ, 4 դեմ եւ 0 ձեռնպահ ձայներով։

Ստորև ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ.

«Հայաստանի և Եվրոպական խորհրդարանների համատեղ բանաձևը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը,

– Հաշվի առնելով ԵԽ կանոնակարգի 9-րդ հոդվածի 3-րդ կետը

– Հաշվի առնելով ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

– Հաշվի առնելով 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը

– Հաշվի առնելով Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին ՄԱԿ-ի 1968 թվականի նոյեմբերի 26-ի կոնվենցիան

– Հաշվի առնելով 1987 թվականի հուլիսի 20-ի՝ Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով 2000 թվականի նոյեմբերի 15–ի՝ Թուրքիայի անդամակցույթյան առաջադիմության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով 2005 թվականի սեպտեմբերի 28-ի՝ Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը

– Հաշվի առնելով ԵՄ անդամ մի շարք երկրների օրենսդիր մարմինների բանաձևերն ու հայտարարությունները

– Նկատի ունենալով, որ 2015 թվականին նշվում է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

– Նկատի ունենալով, որ ողջ մարդկությանը բնորոշ արժանապատվության և հավասար ու անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության և խաղաղության հիմքն են կազմում աշխարհում

– Քանի որ ցեղասպանության ժխտումը լայնորեն ընդունված է որպես ցեղասպանության վերջնական փուլ՝ ապահովելով ցեղասպանություն իրագործողների անպատժելիությունը և ցուցադրաբար ճանապարհ հարթելով հետագա ցեղասպանությունների համար

– Քանի որ Հայոց ցեղասպանության աներկբա և ժամանակին դատապարտման բացակայությունը մեծապես նպաստել է մարդկության դեմ հետագա ոճրագործությունների կանխման ձախողմանը,

– Քանի որ այսպիսի հանցագործությունների վաղ կանխումը կարող է միանշանակ կանգնեցնել հակամարտությունների, ողբերգությունների և մարդկային աղետների ուժգնացումը

Վեհաժողովը

– Դատապարտում է մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունները և ցեղասպանությունը, խստորեն դատապարտում է դրանց ժխտման փորձերը,

– Հարգանքի տուրք է մատուցում բոլոր ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների անմեղ զոհերին,

– Շեշտում է, որ ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթությունների շարքում,

– Ընդգծում է, որ այս ուղղությամբ միջազգային հանրության կարողությունների հետագա զարգացումը շատ օգտակար է,

– Աջակցում է ցեղասպանությունների կանխման համար միջազգային պայքարին, ցեղասպանության ենթարկված մարդկանց իրավունքների վերականգնմանը և պատմական արդարության հաստատմանը,

– Հրավիրում է Թուրքիային առերեսվելու իր անցյալի հետ,

– Համարում է, որ ժողովուրդների միջև հետագա հաշտեցման հիմքերի հաստատումը մեծ կարևորություն ունի»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    21.06.2026
       
    22.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: