ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու նոր հնարք են գտել

«Համեցե՛ք, խնդրեմ, մեր արխիվները բաց են, փաստերն այստեղ են։ Այժմ մենք հարյուր հազարավոր, միլիոնից ավելի փաստաթղթեր ունենք: Դո՞ւք որքան ունեք: Հանե՛ք ձեր փաստերը, մասնագետներին հանձնարարենք, թող գան ու այս փաստաթղթերի վրա աշխատեն: Ամեն ինչ բացահայտ է», - սա Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի հերթական ելույթի՝ երեկ Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացման խոսքից մի հատված է:

Այսպիսով, հերթական անգամ թուրքական պետության ղեկավարի կողմից առաջ է քաշվում «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու գաղափարը՝ «պատմական փաստերն ուսումնասիրելու և ճշմարտությունը վեր հանելու նպատակով»:

Թուրքիայի կողմից «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկը վաղուց է, ինչ շրջանառության մեջ է: 2005 թվականին Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից պաշտոնական առաջարկի տեսքով ներկայացվեց Հայաստանի իշխանություններին: Հայկական կողմի (թե՛ ՀՀ-ի, թե՛ սփյուռքի) պատասխանն այս հարցում միշտ էլ նույնն է եղել՝ «Ցեղասպանությունն ապացուցելու կարիք չկա, այն անհերքելի ճշմարտություն է»:

Եվ իսկապես, առավել քան անհեթեթ է ամեն անգամ այս հանձնաժողովի ստեղծման մասին խոսելը, առավել ևս, որ նույն Թուրքիան սեփական դատարանի վճռով դատապարտել է ոճրագործությունն իրականացնողներին: Երկու ամիս տևած դատավարության արդյունքում 1919-ի հուլիսին դատարանը հրապարակել է իր վճիռը՝ մահվան դատապարտելով Ցեղասպանության կազմակերպիչներին, որոնց թվում՝ Էնվերին, Թալեաթին, Ջեմալին, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մեղավոր ճանաչելով հայերի զանգվածային կոտորածներ կազմակերպելու և իրականացնելու մեջ: Թերևս միայն սա էլ բավական է Թուրքիային՝ ընդմիշտ մոռանալու «պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու անհեթեթ առաջարկի մասին, չնայած, որ գոյություն ունեն բազմաթիվ այլ վկայություններ ևս, այդ թվում՝ Թուրքիայում հավատարմագրված եվրոպացի դիվանագետների նամակներ, զեկուցագրեր և այլն:

Ինչ խոսք, այս ամենը գիտակցում է նաև Թուրքիան, և երբ չկա ճշմարտությունն ընդունելու քաջություն, դրանից խուսանավելու տարբեր հնարքներ են գործի դնում Թուրքիայի իշխանությունները:  Էրդողանը նույնիսկ պնդում է, թե «Թուրքիան կապ չունի հարյուր տարի առաջ տեղի ունեցածի հետ»: Այնինչ այստեղ բավական է միայն հիշել, որ Թուրքիայի Հանրապետությունն արդեն իսկ ճանաչվել է որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Խոսքը «Օսմանյան պարտքի արբիտրաժի» մասին է, որով վերջնական պատասխան տրվեց Թուրքիայի իրավահաջորդության հարցին: Այդ դատավարության ընթացքում քննարկվում էր Օսմանյան կայսրության արտաքին պարտքի վճարման հարցը և համաձայն արբիտրաժի որոշման, Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու ճանաչվեց Օսմանյան կայսրության արտաքին պարտքերի համար, քանի որ հանդիսանում է նրա իրավահաջորդը: Բնական է, որ նույն կերպ ներկայիս Թուրքիան պատասխանատու է նաև Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության համար:



այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: