ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանի «խորամանկ» այցը Իրան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում և Եմենում տիրող իրավիճակի պատճառով երկու երկրների միջև առկա տարաձայնությունների համապատկերի վրա այցելել է Իրան: Սա նախապես ծրագրավորված այց էր, և կայացավ՝ չնայած Եմենի ճգնաժամում Իրանի դերակատարման վերաբերյալ Էրդողանի կոպիտ հայտարարություններին: Նշենք, որ Էրդողանն անընդունելի էր անվանել տարածաշրջանում գերիշխելու Իրանի ցանկությունը՝ կոչ անելով վերջինիս դադարեցնել Եմենում Ալ-Խոուսի շարժմանը տրամադրվող աջակցությունը: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ իր այցն Իրան կկայանա՝ չնայած իրանցի մի շարք գործիչներ կոչ էին անում Իրանի կառավարությանը չեղյալ հայտարարել Էրդողանի այցը:

Դեռևս 2014 թվականին Իրան կատարած այցի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է ամրապնդել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները: Հասան Ռոհաննի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան իրանական գազի կարիք ունի, և պատրաստ է ավելացնել դրա ներկրումն ընդունելի գնի սահմանման պարագայում: «Իրանական գազի 90-95%-ը գնում է Թուրքիան, սա շատ մեծ ծավալ է: Սակայն, իրանական գազը մեզ համար ամենաթանկն է: Եթե մենք պայմանավորվենք ընդունելի գնի շուրջ, ապա կավելացնենք ներկրման ծավալները, քանի որ մեր երկիրն իր զարգացած արդյունաբերությամբ գազի կարիք ունի: Բացի այդ, մենք պետք է գազը մեր քաղաքացիներին խելամիտ գնով վաճառենք», - Էրդողանի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ «կողմերը չեն ցանկանում մնալ դոլարի կամ եվրոյի ճնշման տակ»: «Մենք պայմանավորվել ենք օգտագործել թուրքական և իրանական ազգային արժույթները: Դա լրացուցիչ ուժ կհաղորդի մեր երկրներին», - հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Թուրքիայի և Իրանի նպատակն է առևտրաշրջանառության ծավալը ներկայիս 14 միլիարդից հասցնել 30 միլիարդի:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումները: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Իրանը պետք է միջնորդ հանդիսանան Սիրիայի և Իրաքի հակամարտություններում, որ դադարեցնեն արյունահեղությունն այս երկրներում: Իր հերթին Իրանի նախագահը նշել է, որ Իրանն ու Թուրքիան հանդես են գալիս Եմենում կրակի դադարեցման և այլ երկրների միջամտության դեմ: Դժվար է պատկերացնել, թե ինչպես է Էրդողանը պատկերացնում Իրանի և Թուրքիայի միջնորդությունն այս երկրներում, որտեղ նրանք աջակցում են հակամարտության տարբեր կողմերին:

Հատկանշական է, որ Թեհրան մեկնելուց ժամեր առաջ Էրդողանն ընդունել է Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ բեն Նաիֆ Ալ-Սաուդին: Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, հանդիպման մասին Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը չի հայտնել: Ավելի ուշ Anadolu գործակալությունը տեղեկացրել է, որ հանդիպումը 1 ժամ 40 րոպե է տևել: Հանդիպման այլ մանրամասների մասին չի հաղորդվում՝ թեև ակնհայտ է, որ այն պետք է դիտարկել Իրանի և Սաուդյան Արաբիայի՝ տարածաշրջանային 2 տերությունների միջև մանևրելու թուրքական քաղաքականության համատեքստում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: