ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ԼՂՀ ընտրություններին միջազգային դիտորդների մասնակցությունը

Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Սլովակիայի խորհրդարանի նախկին խոսնակ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի դեմ: Բաքուն վերջինիս մեղադրում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» խախտելու մեջ: Նշենք, որ Սլովակիայի նախկին խոսնակը 2010թ. մայիսին որպես միջազգային դիտորդ ներկա է գտնվել ԼՂՀ ԱԺ ընտրություններում: Սլովակ քաղաքական գործիչը հետագայում ևս այցելել է Արցախ` աշխարհին ներկայացնելով ղարաբաղյան խնդրի էությունը: «Երբ ես դիտորդ էի ԼՂՀ ընտրություններում, հասկացա, որ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, որը թռիչքային զարգացում է ապահովել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- 2012թ.-ին ԼՂՀ հաջորդ այցից հետո հայտարարել էր Միկլոշկոն: Վերջինս նշել էր, որ Արցախը պետք է շարունակի զարգանալ նույն հունով: «Ղարաբաղը պետք է ամրապնդի հարաբերություններն այլ երկրների հետ` մշակույթի, կրթության, կրոնի ասպարեզում»,-նշել էր նա: Սլովակ գործիչն Արևմուտքին կոչ էր արել աջակցել Արցախին, քանի որ առանց դրա վերջինիս դժվար է ամրապնդել պետականությունն ու տնտեսությունը: «Այդ իմաստով Ղարաբաղը նման է Արևմտյան Բեռլինի, որը երբևէ չէր զարգանա առանց Արևմուտքի աջակցության», - նշել էր Միկլոշկոն` ընդգծելով ԼՂՀ-ում քրիստոնեական արժեքների առկայությունը: «Քրիստոնյա Եվրոպան մոռացել է այն արժեքները, որոնք հիշում են Ղարաբաղում»,-վկայել էր նա:

ԼՂՀ առաջին իսկ այցից հետո սլովակ գործիչը հայտնվել էր ադրբեջանական «սև ցուցակում»: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները, տեղեկացնելով Միկլոշկոյի դեմ քրեական գործ հարուցելու փաստի մասին, որևէ կերպ չեն նշում, թե ինչու հենց այժմ վճռեցին նման գործընթաց մեկնարկել: Թվում է` պատճառն առաջիկա ԼՂՀ ԱԺ ընտրություններն են. նման քայլով Բաքուն պարզապես փորձում է «ահաբեկել» այն օտարերկրացիներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել որպես դիտորդ մասնակցել Արցախում խորհրդարանական ընտրություններին:

Առանձին քննարկման առարկա է, սակայն, նման քայլի արդյունավետությունը. ԼՂՀ այցելող ցանկացած անձ գրեթե մեքենայորեն հայտնվում է ադրբեջանական «սև ցուցակում», և մարդու համար, ում մուտքն արգելված է որևէ երկիր, հազիվ թե կարևոր լինի այդ երկրում իր դեմ հարուցված դատական գործընթացը: Ուստի Բաքվի այս քայլը կարելի է որակել որպես քարոզչություն, որի նպատակը պարզապես սեփական հանրությանը ցույց տալն է, թե իշխանությունների կողմից իրականացվում են «քայլեր» ԼՂՀ-ում ընտրությունների ընթացքին կամ դրանց շուրջ միջազգային արձագանքներին խոչընդոտելու ուղղությամբ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: