ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը պետք է լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ. Դաշնակցություն

Մայիսի 3-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ «Արմեդիա» ՏՎԳ-ն անցկացրել է հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցը «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության Արցախի կառույցի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:  

 

- Պարո՛ն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում ընթացող նախընտրական պայքարը, և արդյո՞ք ապահովված են բոլոր պայմանները թափանցիկ և լեգիտիմ ընտրությունների անցկացման համար:

- Արդեն մեկ օր մնաց քարոզարշավի պաշտոնական ավարտին: Մեկ ամսվա ընթացքում մենք՝ որպես հայտ ներկայացրած քաղաքական ուժ, կազմակերպել ենք մեր նախընտրական քարոզարշավը՝ օրենքի բոլոր տարրերին համապատասխան, և եղել ենք Արցախի բոլոր բնակավայրերում: Այդ իսկ առումով մենք նախընտրական քարոզարշավի շրջանակներում որևէ արտառոց երևույթների կամ օրենքի որևէ խախտումների չենք հանդիպել: Ստեղծված են բավարար պայմաններ՝ ազատ մրցակցային պայքար մղելու համար: Կարծում եմ, որ նախադրյալները բավարար են, և մայիսի 3-ի ընտրությունները որևէ առումով հարցականի տակ դնելու կամ լեգիտիմ չլինելու որևէ հիմքեր, գոնե այս պահին, չկան:

 

- Իսկ ինչպե՞ս կբնութագրեք կայանալիք ընտրությունների կարևորությունը: Ըստ Ձեզ` կարող են այս ընտրությունները առաջընթաց ապահովել ԼՂՀ ժողովրդավարացման հարցում:

- Անշուշտ, սա մեկ քայլ կլինի: Հետևելով նախորդ ընտրությունների դինամիկային և ընտրությունների ընթացքում զարգացումներին` ակնհայտ կարող ենք ասել, որ հերթական ընտրությունները մեկ քայլ առաջ կլինեն ոչ միայն ժողովրդավարական սկզբունքները արմատավորելու, այլ նաև մեր ժողովրդի կողմից վերահաստատելու 1991 թվականի դեկտեմբերի 10-ի և 2006 թվականի մեր Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կամքը: Այդ իսկ առումով, եթե մենք համեմատում ենք նախորդ հնգամյակների` 2010, 2005 և 2000 թվականների` վերջին 15-20 տարիների ընտրությունների արդյունքների հետ, ապա տեսնում ենք, որ բոլոր ժամանակներում ընտրությունների զարգացման փուլում ապահովվել են առավել քան ժողովրդավարական սկզբունքներ:

 

- Որքանո՞վ այս ընտրությունները կազդեն ԼՂՀ վերաբերյալ միջազգային ընկալումների փոփոխության և արտաքին հարաբերությունների զարգացման վրա: Կարո՞ղ ենք ակնկալել, որ ԼՂՀ սուբյեկտայնության բարձրացման լրացուցիչ ջանքեր կլինեն ընտրություններից հետո:

- Բնականաբար, ամեն ընտրությունների նախօրյակին մենք ակնկալում ենք որոշակիորեն, հատկապես Ադրբեջանի, ադրբեջանական կողմի հակադարձելուն, ընտրությունների արդյունքները հարցականի տակ դնելուն: Սակայն մյուս կողմից Արցախի որևէ համապետական ընտրություն ինքնին մեկ քայլ է ապահովում միջազգային ասպարեզում իր տեղն ունենալու ու նաև իր սուբյեկտայնությունը ավելի ամրապնդելու և ամրակայելու համար: Այդ առումով դրա ապացույցներից է միջազգային դիտորդական առաքելությունները և ուղղակիորեն հետևելը ընտրություններին, որից հետո տալիս են իրենց տեսակետներն ու իրենց ընկալումները: Ես կարծում եմ, որ այս ընտրությունները մեկ անգամ ևս կամրապնդեն ԼՂՀ-ի` որպես ինքնորոշ սուբյեկտի կարգավիճակը և նոր հնարավորություններ ստեղծեն արտաքին ճակատում ծավալելու իր աշխատանքները, հատկապես միջազգային մակարդակում իր անկախությունը ճանաչելու և, ինչո՞ւ ոչ, նաև բանակցային գործընթացում իր ուղղակի ազդեցությունն ունենալու համար:

 

- Իսկ ինչպիսի՞ն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի՝ ձեր կուսակցության տեսլականը:

- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, բնականաբար, մեր կուսակցությունը ի սկզբանե որդեգրել է իր տեսակետը: Նախևառաջ Արցախը պետք է լիիրավ մասնակից լինի բանակցային գործընթացին և լինի բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այն, ինչ տեղի է ունեցել տասնամյակներ առաջ` Ղարաբաղի դուրս մղումը, որևէ ձևով համարժեք քայլ չի դիտարկվում մեր կողմից: Այդ իսկ առումով մեր տեսակետներն անփոփոխ են. մենք բանակցային գործընթացին ավարտական փուլ հաղորդելու և վերջնական հանգուցալուծման համար մենք առաջարկում ենք երկու թեզ. մեկ՝ սեղանի շուրջ բանակցային գործընթաց ծավալելու և այդ գործընթացին ղարաբաղյան կողմի լիարժեք մասնակցությունն ապահովելու, մյուս կողմից՝ դրան զուգահեռ ԼՂ միջազգային ճանաչման գործընթացն ավելի ակտիվացնելու և խորացնելու, որով և կարող ենք ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա:

 

- Ո՞րն է ձեր կուսակցության հիմնական առանձնահատկությունը՝ մյուս քաղաքական ուժերի համեմատ:

 - Յուրաքանչյուր կուսակցություն ունի իր առանձնահատկությունները: Հավանաբար այդ առանձնահատկությունները, կարծում եմ, պետք է դիտարկել այլ տեսանկյունից: Համենայն դեպս, թիվ մեկ առանձնահատկությունն այն է, որ Դաշնակցությունը ղարաբաղյան կուսակցություն չէ: Դաշնակցությունը համահայկական կառույց է և համահայկականությունը Դաշնակցությանը տալիս է նաև այլ երանգ: Այդ իսկ առումով Ղարաբաղի թե՛ պետության, թե՛ ժողովրդի առաջ ծառացած ցանկացած մարտահրավերների թե՛ ներքին ճակատում, թե՛ արտաքին ճակատում լուծման հնարավորությունները և կարելությունները գոնե Դաշնակցության համահայկական ուժերի ներգրավմամբ առավել հնարավոր լուծումներ տալու հնարավորություններ ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: