ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության վրա․ Ս․Սարգսյան

Այսօր Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից առաջ տեղի է ունեցել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Ինչպես հաղորդում է Նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է․  

«Մեծարգո՛ նախագահ Դոլ,

Հարգելի՛ գործընկերներ,


Նախ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոլին այս ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի և այն բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Պարո՛ն նախագահ,

Հայաստանի եվրոպական օրակարգը մնում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից, և մենք հանձնառու ենք խորացնելու և էլ ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը ԵՄ հետ: Արևելյան գործընկերությունն այսօր հեշտ ժամանակներ չի ապրում, սակայն մենք չենք համարում, որ այն իրեն սպառել է կամ այլևս անելիք չունի: Պարզապես հարկ է առավել իրատեսորեն գնահատել ստեղծված իրավիճակը, նորովի շարունակել Պրահայից սկսված այս համատեղ ճամփորդությունը: Այո՛, այսօր գործընկերներից երեքն ունեն ԵՄ հետ հարաբերությունների մի մակարդակ, մյուսներն՝ այլ՝ ելնելով իրենց իրավիճակի առանձնահատկություններից: Հետևաբար, պետք է հասկանալ, թե այս նոր պայմաններում ո՞րն է այն առանցքը, որ կապում է գործընկերներին և Եվրոպական միությանը, և ինչի՞ շուրջ է իրականում ընթանալու համագործակցությունը:

Շատ կարևոր է պահպանել այն հատկանշականը, այն ընդհանրականը, ինչը մեզ միավորում է որպես Գործընկերություն: Մենք առավել քան համոզված ենք, որ այդ ընդհանրության հիմքում պետք է շարունակի մնալ բոլոր գործընկեր պետությունների հավատարմությունն ընդհանուր արժեքներին, ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությունը, խաղաղությանն ու կայունության ապահովմանը տարածաշրջանում: Հետևաբար, հետագա համագործակցության հիմքում պետք է պահպանել մեր հավատարմությունը հասարակության և հաստատությունների կառուցմանն ու զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ազատ և արդար ընտրություններ անցկացնելուն, դատական համակարգի անկախությանը, ազատ մրցակցության վրա հիմնված շուկայական տնտեսության կայացմանը:

Միաժամանակ ողջունում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի կողմից ներկայացված «Դեպի նոր Եվրոպական հարևանության քաղաքականություն» հայեցակարգային փաստաթղթի հիմքում ընկած է գործընկեր պետությունների իրական կարիքները հաշվի առնելու և նրանց անհատականացված մոտեցում ցուցաբերելու սկզբունքը, ինչն իրապես կնպաստի ԵՄ հետ համագործակցության հնարավոր ուղղությունների և նոր հեռանկարների բացահայտմանը:

Մենք համարում ենք, որ գործընկերների անդամակցությունը որևէ կառույցի չի սահմանափակում նրա համագործակցությունն այլ կառույցների հետ: Այդ պատճառով է, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ ԵՄ հետ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը:

Եվրոպայում ստեղծված ներկայիս աշխարհաքաղաքական բարդ պայմաններում Հայաստանն իր հավասարակշռված քաղաքականությամբ ոչ միայն չստեղծեց լրացուցիչ լարվածության օջախ եվրոպական տարածաշրջանում, այլ ընդհակառակը, կարողացավ իր քաղաքականությունը կառուցել տարբեր ինտեգրացիոն համակարգերի համատեղելիության, հավասարակշռության և բազմավեկտոր համագործակցության սկզբունքների հիման վրա:

Հենց այս պատկերացումներն են դրվելու առաջիկայում ԵՄ հետ նախատեսվող Հայաստան-ԵՄ հարաբերությունները կանոնակարգող նոր իրավական փաստաթղթի հիմքում, որի կապակցությամբ ակնկալում ենք Ձեր բոլորի աջակցությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Արդեն տևական ժամանակ է, որ գործընկեր երկրներից մեկում` Ուկրաինայում, տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները լուրջ ճգնաժամ են առաջացրել: Ուկրաինայի իրավիճակի լիարժեք կարգավորումը առանցքային նշանակություն ունի թե՛ երկրի հետագայի համար, թե՛ միջազգային առկա լարվածության լիցքաթափման համար: Ես հույս ունեմ, որ այստեղ ևս կհաղթանակի հեռուն նայելու և ամեն ինչ ճիշտ գնահատելու գործելաոճը. լուծումները կգտնվեն միմյանց խնդիրները հարգելու և միմյանց հասկանալու՝ միակ կայուն ճանապարհով, իսկ գործընթացների ամեն փուլում հանուն համապարփակ կարգավորման համատեղ աշխատանքը կգերակայի միակողմանի փնովումներով հրապարակային հայտարարությունների տարածման՝ ոչ մի տեղ չտանող գայթակղությանը: Ցավոք, նման նշաններ ես տեսնում եմ նաև ԵԺԿ այսօրվա հռչակագրի մեջ, որի մի շարք կետերի շուրջ մենք չկարողացանք հասնել կոնսենսուսի: Կարծում եմ` դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ առաջին անգամ ԵԺԿ գործընկերները լիարժեք չեն ներգրավվել նախագծի մշակման փուլում:

Խոսելով եվրոպական տարածաշրջանում համագործակցության և անվտանգության ապահովման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ԼՂ հակամարտությանը, որը շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ:

Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Օգտվելով առիթից՝ կրկին շնորհակալություն եմ հայտնում ԵԺԿ քաղաքական համաժողովի կողմից 2015 թվականի մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունման կապակցությամբ: Բարձր եմ գնահատում ԵԺԿ-ի և անձամբ նախագահ Դոլի ներդրումը Եվրոպական խորհրդարանի ս.թ. ապրիլի 15-ի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման գործում, որը խոսում է այս հարցում եվրոպական ընտանիքի հստակ դիրքորոշման և համամարդկային արժեքներին հավատարի լինելու մասին: Շնորհակալ եմ, պարոն Դոլ, ապրիլի 24-ին Երևան այցելելու իմ հրավերն ընդունելու և «այլևս երբեք» համաշխարհային ուղերձին միանալու համար:

Վերջին ամիսներին մեր եվրոպական օրակարգը հագեցած էր բազմաթիվ միջոցառումներով: Դրանց թվում առանձնացնեմ մարտ ամսին Երևանում Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նիստի անցկացումը, ինչպես նաև նախորդ շաբաթ Երևանում կայացած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը:

Վերջում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է ԵԺԿ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքներն ակնհայտ են մեզ համար: Այս առումով բարձր եմ գնահատում օրեր առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամակցությունը ԵԺԿ երիտասարդական կազմակերպությանը:

Շնորհակալություն»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: