ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բազմահազարանոց ցույցեր Մոլդովայում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում նախօրեին բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են իշխող եվրոպամետ կոալիցիայի առաջնորդների հրաժարականի պահանջներ:

«Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմի կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ավելի քան 10 հազար մարդ: Ցուցարարները մեղադրում էին իշխանություններին երկրի բանկերից մեկ միլիարդ եվրո գողանալու մեջ: Այսպես, նախորդ տարի կոռուպցիայի և անօրինական մեխանիզմների միջոցով մոլդովական երեք բանկերից երկրից դուրս է հանվել 1 միլիարդ եվրո, ինչը հանգեցրել է երկրի ֆինանսաբանկային համակարգում լուրջ խնդիրների:

 «Կառավարությունը ձևացնում է, թե պայքարում է կոռուպցիայի դեմ և բարեփոխումներ է իրականացնում երկրում: Քաղաքական կամքի բացակայությունը խոսում է այն մասին, որ իշխանությունները մասնակից են դարձել դարի գողությանը: Դրա արդյունքում միջազգային գործընկերները կորցրել են վստահությունը Մոլդովայի նկատմամբ, և անհնարին է դարձել դրսից երկրին աջակցությունը», - ասվում է հանրահավաքի արդյունքում ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ:

Վերջինիս հեղինակները պահանջում են գլխավոր դատախազի, Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային կենտրոնի տնօրենի, Մաքսային ծառայության ղեկավարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականը: «Եթե այս պահանջները չիրականացվեն մինչև օգոստոսի 27-ը՝ Մոլդովայի անկախության օրը, մենք ավելի լայնածավալ ցույց կկազմակերպենք», - նշել է «Արժանապատվություն և արդարություն» քաղաքացիական պլատֆորմի ներկայացուցիչ Վալենտին Դոլգանյուկը, հայտնում է rusplt.ru-ն:

Հարկ է նշել, որ հանրահավաքի նախօրեին համանման պահանջով հանդես է եկել նաև Մոլդովայի վարչապետ Կիրիլ Գաբուրիչը: Երկրի նախագահին և խորհրդարանին ուղղված բաց նամակում նա նշել է, որ «երկիրն ամբողջությամբ կոռումպացված է, նրա ֆինանսական համակարգն արյունահոսում է, իսկ դրա համար ստիպված են վճարել շարքային քաղաքացիները»: Գաբուրիչը պահանջել է հեռացնել իրենց պաշտոններից Գլխավոր դատախազին և Ազգային բանկի ղեկավարին, ինչպես նաև Ֆինանսական շուկայի հարցերով ազգային հանձնաժողովի ղեկավարին:

Իր այս պահանջը կատարելու համար վարչապետը մեկ ամիս ժամանակ է տվել՝ հակառակ դեպքում խոստանալով հրաժարական տալ, տեղեկացնում է kommersant.ru-ն:

Այսպիսով, կարելի է ասել, թե վարչապետը միացել է երկրի ընդդիմությանը՝ ինչը միանշանակ լուրջ ահազանգ է մոլդովական իշխանությունների համար:

Այս ամենի հետ միասին մոլդովացիները բողոքում են նաև երկրի եվրաինտեգրացիայի քաղաքականությունից: Մոլդովացիները դժգոհ են, որ չնայած ԵՄ-ին անդամակցության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների դրական գնահատականին՝ Բրյուսելը չի պատրաստվում Մոլդովային ընդունել իր շարքերն առաջիկա 10 տարիների ընթացքում: Այս մասին հատարարել էր Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը:

Վերջին սոց․ հարցումների համաձայն, այժմ մոլդովացիների ընդամենը 40 տոկոսն է կողմ երկրի եվրաինտեգրացիայի քաղաքականությանը՝ 2007 թվականի 78 տոկոսի փոխարեն:

Ակնհայտ է դառնում, որ մոլդովական իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն ստեղծված իրավիճակը շտկելու համար։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: