ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հունաստանի վարչապետը հանդուգն առաջարկություն է արել իր պարտատերերին

Հունական հանրաքվեի մասին այսօր ողջ աշխարհն է խոսում: Միջազգային հանրության, համաշխարհային և հատկապես եվրոպական մեդիա դաշտի ուշադրությունը կենտրոնացած է հանրաքվեի արդյունքների, դրան հաջորդող զարգացումների ու հետագա հնարավոր սցենարների վրա:

Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն ու Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը նշել են, որ, չնայած հույն ժողովուրդը դեմ է քվեարկել վարկատուների նշած պահանջներին, և չնայած նրանք հարգում են հույների կամքն ու որոշումը, ամեն դեպքում չեն ցանկանում, որ դա հանկարծ հանգեցնի Հունաստանի եվրագոտուց հեռանալուն կամ առավել ևս Եվրոպական Միությունը լքելուն:

«Մենք չպետք է թերագնահատենք հանրաքվեի արդյունքները, սակայն չենք կարող չնշել, որ Հունաստանին մեզնից հեռացնելը բնավ մեր նպատակը չէ», - ասել է Շուլցը, իսկ Յունկերն, իր հերթին ավելացրել է.«Բանակցությունները կշարունակվեն այնքան, որքան պետք է: Մենք պետք է գանք փոխզիջման»:

Նույն կարծիքին են նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թե՛ Անգելա Մերկելը, թե՛ հատկապես Ֆրանսուա Օլանդը փորձում են ամեն գնով պահել Հունաստանին և ոչ մի դեպքում թույլ չտալ վերջինիս կտրուկ քայլերի դիմել:

Սա, իհարկե, ըստ փորձագետների, պայմանավորված է ոչ թե հույների հանդեպ մեծ սիրով կամ կարեկցանքով, այլ ավելի շուտ այն մտավախությամբ, որ հանրաքվեի հետևանքները շղթայաբար կազդեն մյուս միջերկրածովյան պետությունների` Իտալիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի վրա:

ԵՄ առաջնորդները վախենում են նաև Ռուսաստանի հնարավոր ակտիվացումից: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այժմ ամեն ինչ անում է ծանր դրության մեջ գտնվող Ալեքսիս Ցիպրասին «սիրաշահելու» և հնարավոր ամեն ինչով «օգնելու» համար: Հունաստանի վարչապետը ճիշտ է առայժմ չի հանձնվում և չի «դավաճանում» իր եվրոպական ընտանիքին, բայց ամեն դեպքում ընտանիքի անդամները զգուշանում են ու չեն ուզում շատ կոպիտ խոսել իրենց այդքան գլխացավանք պատճառած և ծանր դրության մեջ գտնվող Հունաստանի հետ:

Հատկանշական է, որ նույն բանը կողքից անընդհատ ԱՄՆ-ն է հուշում` հորդորելով թե՛ ԵՄ-ին, թե' հունական կողմին ընդհանուր հայտարարի գալ և վերջ տալ այս ողջ անհեթեթությանը:

Ցիպրասն էլ, որպես բավական խելացի ղեկավար, շահելով ժողովրդի վստահությունը և այն օգտագործելով վարկատուների դեմ, այժմ էլ նոր նախագիծ է կազմել, որն օրերս կայանալիք եվրագոտու անդամների հերթական գագաթաժողովի ժամանակ պետք է ներկայացնի ԵՄ-ին:

Օգտվելով առիթից, որ բոլորն ամեն կերպ ջանում են հետ պահել Հունաստանին եվրագոտին և ԵՄ-ն լքելուց, Ցիպրասը որոշել է 30%-ով կրճատել տալ Հունաստանի պարտքերը, որպեսզի կարողանա դրանց տակից դուրս գալ:

Սա իհարկե էապես կթեթևացնի երկրի միլիարդավոր եվրոների արտաքին պարտքը, բայց մյուս կողմից էլ, դժվար թե հավանության արժանանա արդեն իսկ պարտքերի մարման ժամկետներն այդքան հետաձգած և Հունաստանին պարբերաբար ընդառաջ գնացած պարտատերերի կողմից: 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: