ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այս անգամ Ղրիմ կայցելեն իտալացի պատգամավորները

Իտալական «Հինգ աստղ» շարժման մի խումբ պատգամավորները պատրաստվում են այցելել Ղրիմ: Այս մասին «Коммерсант» -ին հայտնել է այցելության նախաձեռնողներից մեկը, «Հինգ աստղ» շարժման պատգամավոր Մանիլո դե Ստեֆանոն:  

Դե Ստեֆանոյի փոխանցմամբ՝ Ղրիմ իտալացի պատգամավորների այցելությունը նախատեսվում է հոկտեմբերի սկզբին: Դե Ստեֆանոյի խոսքերով՝ Ղրիմ այցելելու հրավեր իրենք ստացել են Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովից: Արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի անդամ Ալեսանդրո դի Բատիստայի  գլխավորած իտալացի խորհրդարանականների 8-10 հոգանոց պատվիրակության Ղրիմ այցելության նպատակն է պարզել, թե ինչպես են ապրում մարդիկ Ղրիմում 2014 թվականի մարտի հանրաքվեից հետո:

Իտալացի խորհրդարանականները պատրաստվում են Ղրիմ այցելել Ռուսաստանի տարածքով: «Մենք իտալական քաղաքականությունում փոքրամասնություն ենք: Իտալական խորհրդարանի մեծամասնությունն իհարկե կարծում է, որ Ռուսաստանին Ղրիմի միացումն անօրինական է»,- նշել է Դե Ստեֆանոն: Նա ընդգծել է, որ իրենք հստակ գիտակցում են, որ հետագայում կարող են Ուկրաինա մուտքի արտոնագիր այլևս չստանալ և այս կապակցությամբ պատրաստվում են այցը համաձայնեցնել ոչ միայն Մոսկվայի, այլ նաև Կիևի հետ:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Ղրիմ էր այցելել ֆրանսիացի քաղաքական գործիչների մի խումբ՝ Ազգային ժողովի պատգամավոր Տիեր Մարիանիի գլխավորությամբ: Ի տարբերություն իտալական պատվիրակության՝ ֆրանսիական պատվիակության 10 անդամներից 8-ը ներկայացնում էին երկրի առաջատար քաղաքական ուժերից մեկը՝  նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի «Հանրապետական» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի խորհրդարանականների Ղրիմ այցելությունը հարուցել էր Կիևի զայրույթը. ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչությունը ֆրանսիացի խորհրդարանակաների այս նախաձեռնությունն «անպատասխանատու քայլ» էր որակել, իսկ ԱԳՆ ղեկավար Պավել Կլիմկինը հայտարարել էր, որ պատվիրակության անդամներին կարգելվի Ուկրաինա այցելությունները: Նշենք, որ  ֆրանսիական պատգամավորների Ղրիմ այցելությունը խիստ բացասաբար էր ընդունվել նաև Եվրոպայում և հատկապես Ֆրանսիայում:

Սակայն, ինչպես տեսնում ենք, Ղրիմ այցելությունների նկատմամբ Արևուտքի և Ուկրաինայի բացասական արձագանքն այլևս չի ծառայում որպես կանխարգելիչ գործոն: Ղրիմ այցելելու մտադրության մասին հայտնել է նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի սոցիալիստների քաղաքական խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցերով զեկուցող Անդրեաս Գրոսսը: Նա նշել էր, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պատրաստվում է  կազմակերպել եվրոպական տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված մի «տպավորիչ առաքելության» այց Ղրիմ՝ չբացառելով, որ այցը կարող է լինել ԵԽԽՎ շրջանակներում:

Իհարկե, Կրեմլը քիչ ջանքեր չի թափում եվրոպացի խորհրդարանականների Ղրիմ այցելություններ կազմակերպելու համար՝ փորձելով դրանց միջոցով ցույց տալ, որ այս հարցում անգամ եվրոպական երկրների քաղաքական շրջանակներում չկա միասնական մոտեցում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: