ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ցեղասպանությունը հերքելիս ՄԻԵԴ վճռին հղվելն ակնհայտ ամբոխավարություն է

Օրերս թուրքական «Վաթան» կուսակցությունը հանդես է եկել հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունիի քննադատությամբ, ով Հարավային Կալիֆոռնիայի Հանրային ռադիոյի հարցազրույցում հայտարարել էր, թե Հայոց ցեղասպանության հերքում անընդունելի է: «1915-ին Հայաստանում տեղի ունեցածը ցեղասպանություն է: Դա անհերքելի է»,- մասնավորապես նշել էր դերասանը:

Դողու Փերինչեքի գլխավորած «Վաթան» կուսակցության միջազգային կապերի պատասխանատու Օնուր Գյուզալթանն օրերս հանդես է եկել Քլունիի հայտարարության քննադատությամբ: Թուրք գործիչը հերթական անգամ հերքել է Ցեղասպանության փաստը՝ «վկայակոչելով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով:

Թերևս կարիք չկա նշելու, որ թուրք գործչի հայտարարությունը զուտ պոպուլիստական բնույթ է կրում և գործի ու վճռի մանրամասներից անտեղյակ լսարանի վրա ներազդելու նպատակ ունի:

Մինչդեռ իրավագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ վկայությունը լիովին անհիմն է: ՄԻԵԴ Մեծ պալատը, անդրադառնալով Փերինչեքի գործին, ոչ միայն հարցականի տակ չի դնում Ցեղասպանության եղելությունը, այլև վճռի 101-րդ կետով հստակ ամրագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական «Կոնվենցիայի 19-րդ հոդվածով Դատարանի խնդիրը սահմանափակված է հավաստիանալու, որ «Բարձր պայմանավորվող կողմերը [այս դեպքում՝ Շվեյցարիան] պահպանում են Կոնվենցիայով և նրա Արձանագրություններով իրենց ստանձնած պարտավորությունները», իսկ Հոդված 32§1-ով նրա իրավասությունը տարածվում է միայն «Կոնվենցիայի և դրա արձանագրությունների մեկնաբանությանն ու կիրառմանն առնչվող դեպքերի վրա»: Ի տարբերություն նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարանի, Միջազգային քրեական դատարանի և Միջազգային արդարադատության դատարանի՝ այն չունի Ցեղասպանության կոնվենցիայով կամ նման խնդիրներին առնչվող միջազգային իրավունքի այլ գործիքներով սահմանված քրեական կամ այլ իրավասություն: 102. Սրանից հետևում է, որ այս գործում Դատարանից ոչ միայն չի պահանջվում վճռել, թե արդյո՞ք 1915թ. և դրանից հետո հայ ժողովրդի՝ Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված կոտորածներն ու զանգվածային տեղահանությունները կարող են բնորոշվել որպես ցեղասպանություն այդ տերմինի միջազգային իրավական իմաստով, այլև իրավասու չէ այս հարցի շուրջ այս կամ այն կերպ իրավականորեն պարտադրող հայտարարություններ անել»: 

Թերևս, մեկնաբանությունն ավելորդ է. ակնհայտ է, որ թուրք քաղաքական գործչի հայտարարությունը բացահայտ սուտ է: Չեզոք դիրքորոշում գրավելով հայոց Եղեռնին «ցեղասպանություն» միջազգային իրավական սահմանումը տալու հարցում՝ ՄԻԵԴ Մեծ պալատի վճիռը հայկական կողմերի համար հետաքրքրական մի շարք «նյուանսներ» է բացահայտում: Օրինակ՝ հետաքրքիր է այն, որ Թուրքիան, ինչպես և Հայաստանը, հանդես գալով որպես երրորդ կողմ, փորձելով հիմնավորել այն, որ Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը չպետք է քրեական հետապնդման ենթարկվեր Շվեյցարիայում, ևս չի հերքում Օսմանյան կայսրությունում հայերիս զանգվածային կոտորածների փաստը: «Հայցորդը [Փերինչեքը] հարցականի տակ չի դրել կոտորածների և տեղահանությունների փաստը, պարզապես դեմ է հանդես եկել դրանք որպես ցեղասպանություն որակելուն». - նշված է Թուրքիայի հայտում: «Ճշմարիտ է, որ հայցորդը պրովոկատիվ է եղել հայ ժողովրդի համար խորը վշտի աղբյուր հանդիսացող թեմայի առնչությամբ: Ինչևէ, նա դա չի արել Շվեյցարիայում 1915թ. և դրան հաջորդած տարիների զոհերին վարկաբեկելու համար, այլ հանրային քննարկում ծավալելու նպատակ է հետապնդել»,-շարունակում է թուրքական կողմը:

Այսինքն՝ թուրքական կողմն ընտրել է ոչ թե Փերինչեքի գործողություններն արդարացնելու, այլ դրանց շարժառիթների մասով առավել մեղմ հիմնավորումներ գտնելու ուղին: Հիշեցնենք, որ դեռևս 2005-ին Շվեյցարիայում հանրային քննարկումների ընթացքում Փերինչեքը հայոց ցեղասպանությունն անվանել էր «միջազգային կեղծիք»: ««Հայոց ցեղասպանություն» կեղծիքը 1915թ. սկզբնապես մշակել են Անգլիայի, Ֆրանսիայի և ցարիստական Ռուսաստանի իմպերիալիստները, ովքեր ձգտում էին մասնատել Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում»: Շվեյցարիայում, որտեղ Հոլոքոստի, ինչպես և բոլոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ իրականացված հանցանքների ժխտումը քրեականացված է, թուրք գործիչը «ռասայական խտրականության» մեղադրանքով դատապարտվել էր 90 օրվա ազատազրկման և 3000 շվեյցարական ֆրանկի տուգանքի: Փերինչեքը բողոքարկել էր վճիռը Շվեյցարիայի դաշնային դատարանում, որը պատիժը թողել էր անփոփոխ: Այնուհետև խոսքի ազատության իր իրավունքը պաշտպանելու համար թուրք գործիչը դիմել էր ՄԻԵԴ:

Շվեյցարական կողմը, ձգտելով հիմնավորել Փերինչեքի՝ խոսքի ազատությունը սահմանափակելու հիմքերը, նշում է. «Հանգուցյալների հիշատակի անարգումը այն հանցանքների շարքում է, որոնք միտված են պայքարելու պատմական փաստերը կեղծողների դեմ, ում կեղծ պատմական աշխատությունները տարածում են այնպիսի տեսություններ, ինչպիսին է «Աուշվիցի սուտը», որը հավաստում էր, որ Հոլոքոստ երբեք տեղի չի ունեցել, և գազի խցիկներ գոյություն չեն ունեցել: Դրանք պնդում են, թե շատ ավելի քիչ հրեաներ են մահացել, քան 6 միլիոնը, և, բացի այդ, հրեաները տնտեսական ու ֆինանսական օգուտ են քաղել Հոլոքոստից: Պատմության կեղծումը չի կարող դիտարկվել զուտ որպես վեճ պատմաբանների միջև: Այն հաճախ ռասիստական քարոզչություն է քողարկում, ինչը հատկապես վտանգավոր է, երբ թիրախավորում է երիտասարդներին կրթական գործընթացում»:

Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պաշտպանելով խոսքի ազատությանը, նշում է նաև, որ իրավունքը ժողովրդավարական հասարակությունում կարող է սահմանափակվել՝ ելնելով «ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, հանրային անվտանգության պահանջներից, անկարգությունները կամ որևէ հանցանք կանխելու, որևէ մեկի առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու, այլոց իրավունքներն ու հեղինակությունը պաշտպանելու ... նպատակով»:

Շվեյցարական կողմի փաստարկները հաշվի առնելով հանդերձ՝ ՄԻԵԴ Մեծ պալատը նշում է, թե բավարարված չէ ««անկարգությունները կանխելու հիմքով» հայցորդ կողմի խոսքի ազատությունը սահմանափակելու անհրաժեշտության հիմնավորումներով»: Միաժամանակ Դատարանը նշում է նաև, որ «սահմանափակումը կարող էր միտված լինել շահագրգիռ անձանց ու նրանց սերունդների արժանապատվությունը պաշտպանելուն» և առնչվել «այլոց իրավունքները պաշտպանելու» անհրաժեշտությանը: Ինչևէ, Դատարանը վճռում է, որ «հայցորդ կողմի հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես ատելության, բռնության կամ անհանդուրժողականության կոչ հայերի նկատմամբ»: Դրանք չեն դիտարկվում նաև որպես ռասիստական հայտարարություններ, որոնք վիրավորում են 1915թ. և դրան հաջորդած տարիների զոհերի ու նրանց սերունդների արժանապատվությունը: Դատարանը գտնում է, որ Փերինչեքի վիրավորական հայտարարություններն ուղղված են առավելապես Մեծ տերությունների և դրանց իմպերիալիստական շրջանակների դեմ: Ուստի ՄԻԵԴ Մեծ պալատը եզրակացնում է, որ Փերինչեքի խոսքի ազատության սահմանափակումն արդարացված չէ: 

Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել, որ Փերինչեքի գործով ՄԻԵԴ վճիռը չի անդրադառնում նույնիսկ Շվեյցարիայի՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի նպատակահարմարությանը, այլ պարզապես գնահատական է տալիս կոնկրետ դեպքին կոնկրետ հանգամանքներում՝ այդ ամենը դիտարկելով Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների պահպանման համատեքստում:

Ավելին, ինչպես տեսանք, Դատարանը զերծ է մնում 1915թ. կոտորածներին որևէ իրավաբանական գնահատական կամ որակավորում տալուց: Փոխարենը Թուրքիան հրապարակավ և պաշտոնապես հաստատում է Օսմանյան կայսրությունում հայերի «կոտորածների և տեղահանությունների փաստը»: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: