ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեծ Բրիտանիան ռազմաբազա է կառուցում Բահրեյնում

Վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան սկսել է մշտական ռազմաբազա կառուցել Մերձավոր Արևելքում: Բազայի կառուցման համար ընտրվել է Բահրեյնը: Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian պարբերականը, «Մինա Սալմոն» նավահանգստում այս պահին գործում են հատուկ նշանակության 4 ռազմանավ, սակայն նոր կառույցն ավելի մեծ ռազմանավեր, այդ թվում նաև ավիակիր ու ականակիր նավեր տեղակայելու հնարավորություն կստեղծի:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդնայս առումով հայտարարել է, որ Բահրեյնի հետ գործարքը երաշխավորում է «Արքայանական նավատորմի» ներկայությունն ապագայում: «Սա Ծոցի գործընկերների հետ մեր համագործակցության խորացման օրինակ է, որի նպատակն է պայքարել ընդհանուր ռազմավարական և տարածաշրջանային վտանգների դեմ», - ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը: Ռազմաբազայի շինարարության համար անհրաժեշտ շուրջ 15 միլիոն եվրոն վճարելու է Բահրեյնը, իսկ ընթացիկ ծախսերը հոգալու է Մեծ Բրիտանիան:

Իր հերթին, Բահրեյնի արտգործնախարար Շեյխ Խալիդ բեն Ահմեդ բեն Մուհամմադ Ալ-Խալիֆան ասել է, որ համաձայնագիրն ընդգծում է տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով Մեծ Բրիտանիայի և մյուս երկրների հետ աշխատելու Բահրեյնի պատրաստակամությունը:

Նշենք, որ Պարսից ծոցում բրիտանական ռազմածովային գլխավոր բազան 1967 թվականին Եմենի Ադեն նավահանգստից տեղափոխվել է Բահրեյն: Հաջորդ տարի բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ մինչև 1971 թվականը մտադիր է փակել Սուեզից արևելք ընկած իր ռազմաբազաները: Բահրեյնը 1971 թվականից հռչակեց Մեծ Բրիտանիայից իր անկախության մասին և գործընկերության մասին նոր պայմանագիր ստորագրեց Միացյալ Թագավորության հետ: Այդ նույն ժամանակ Բահրեյնը պայմանագրեր ստորագրեց Միացյալ Նահանգների հետ` թույլատրելով նրան ռազմական և ռազմածովային օբյեկտներ տեղակայել թագավորությունում:

Բահրեյնն ավանդաբար հանդիսացել է Մեծ Բրիտանիայի առաջնային ռազմածովային հենակետը Պարսից ծոցում: Ինչպես նշում է RT-ն, 1935 թվականից ի վեր այն հյուրընկալել է Արքայական նավատորմի ողջ մերձավորարևելյան հրամանատարությանը:

Նոր ռազմաբազայի գլխավոր նպատակն, ինչպես հայտարարում է բրիտանական կողմը̦ «Իսլամական պետություն» և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարն է: «Մենք Մեծ Բրիտանիայում հասկացել ենք, գուցե ավելի ուշ, քան պետք էր, որ այդ պայքարում հաղթելու համար մենք պետք է պայքարենք ծայրահեղականության բոլոր դրսևորումների, ոչ թե միայն ագրեսիվ արմատականության դեմ», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը:

Ինչպես երևում է, Մեծ Բրիտանիան իր պասիվ քաղաքականության հասցեին հնչող քննադատության ֆոնին որոշել է ակտիվացնել իր մերձավորարևելյան քաղաքականությունը: Եվ Բահրեյնն այս տեսանկյունից դիտարկվել է որպես ամենահարմար երկիրը, որն, ինչպես տեսնում ենք, անգամ պատրաստ է վճարել ռազմաբազայի շինարարության դիմաց: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: