ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինաստանը ևս ակտիվացնում է պայքարն իսլամական ծայրահեղականության դեմ

Չինաստանի Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանի ոստիկանությունը 56 օր շարունակվող հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացրել է 28 ծայրահեղականի, հաղորդում է BBC News-ը: Հակաահաբեկչական գործողության մեջ իշխանությունները ներգրավել էին տեղի տարբեր էթնիկական խմբերի պատկանող շուրջ 10 հազար մարդու:

Նշվում է, որ ուժային գործողությունը եղել է չինական իշխանությունների  պատասխանն այս տարվա  սեպտեմբերի 18-ին ծայրահեղականների կողմից ածխի հանքերից մեկի վրա հարձակմանը: Հարձակումը եղել է ահաբեկչական ակտ, որն ուղղակիորեն ղեկավարվել է արտասահմանյան ծայրահեղական կազմակերպությունների կողմից, գրում է «Տյանշան» գործակալությունը: Ահաբեկչական այդ հարձակման արդյունքում մահացել էր 16 մարդ, ևս 18-ը վիրավորվել էր:

Արևմտյան լրատվամիջոցներում պարբերաբար հայտվում են Չինաստանում նման միջադեպերի մասին հաղորդումներ, սակայն չինական իշխանությունները գերադասում են չմեկնաբանել դրանք: Այսպես, հուլիսին հաղորդվում էր, որ ոստիկանական անցակետի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում Քաշգար քաղաքում մահացել է առնվազն 18 մարդ, սակայն չինական իշխանությունները մինչ այժմ չեն հաստատել այդ տեղեկությունը:

Նշենք, որ Սինցզյան ույղուրական ինքնավար շրջանը բնակեցված է մուսուլման ույղուրներով: Շրջանում գործում են իսլամական ծայրահեղական խմբավորումներ, որոնք պայքարում են Սինցզյանի անկախացման համար: Դրանց շրջանում առավել ակտիվ է «Արևելյան Թուրքմենստանի իսլամական շարժում» ծայրահեղական խմբավորումը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական: Վերջինիս անդամները 2008 թվականից ի վեր 6 անգամ դիմել են արտասահմանյան ծայրահեղական կազմակերպությունների  «տակտիկական ղեկավարներին» օգնության խնդրանքով՝ հավատարմության երդում տալով նրանց:

Չնայած Չինաստանը չի միացել ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիային, սակայն երկրում առկա իսլամական ծայրահեղական շարժումների պայմաններում «Իսլամական պետությունը» լուրջ վտանգ է ներկայացնում Պեկինի համար՝ հատկապես, որ այն արդեն բավականին ակտիվացել է հարևան Աֆղանստանում և Պակիստանում: Արդեն կան բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ Սիրիայում և Իրաքում ԻՊ շարքերում կռվում են նաև ույղուրները: Նշենք, որ Մերձավոր Արևելքում նրանց հայտնվելուն ակտիվորեն աջակցում են թուրքական ընկերությունները:

ԻՊ կողմից այս շաբաթ Չինաստանի քաղաքացու մահապատժի ենթարկելուց հետո Պեկինը հայտարարել է, որ ավելի ակտիվ ջանքեր կգործադրի ահաբեկչության դեմ պայքարում և այդ հարցում միջազգային համագործակցության հաստատման գործում: Սակայն, փորձագետները կարծում են, որ Չինաստանն այնուամենայնիվ ռազմական գործողությունների չի մասնակցի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: