ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն վերանայել է հարևանության քաղաքականությունը. ի՞նչն է դրվել հիմքում

ԵՄ-ն հարևանների հետ հարաբերությունների հիմքում դնելու է կայունության սկզբունքը: Այդ մասին ասված է նոյեմբերի 18-ին հրապարակված ԵՀՔ վերանայված քաղաքականության մեջ (որը ներառում է նաև Արևելյան գործընկերությունը):

Ուկրաինական ճգնաժամը, խնդիրներն ԱլԳ երկրներում, ինչպես նաև միջերկրական ավազանում և Մերձավոր Արևելքում ստիպեցին ԵՄ-ին շտկումներ մտցնել իր հարևանության քաղաքականության մեջ: Գարնանը մեկնարկած այս գործընթացը ներառում էր գործընկեր բոլոր երկրների հասարակության տարբեր շերտերի, քաղաքական ուժերի, վերլուծական շրջանակների հետ մի շարք քննարկումներ ու խորհրդակցություններ: Դրանց արդյունքում հրապարակվեց նոր ռազմավարությունը, որի հիման վրա ԵՄ-ն գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հետ կառուցել է իր հարաբերությունները:

Ամբողջ ռազմավարության անկյունաքարում դրված է կայունության սկզբունքը: ԵՀՔ-ն պետք է ուղղված լինի կայունություն ապահովելու գործընկեր երկրներից յուրաքանչյուրում և տարածաշրջանում ընդհանրապես: Դրան հասնելու համար որդեգրվել է բարեփոխումները շարունակելու, առկա խնդիրներին առավել ճկուն կերպով արձագանքելու, գործընկերներին առավել «ուշադիր» լսելու սկզբունքները:

Գործընկեր երկրներից յուրաքանչյուրի հանդեպ հարաբերությունների առավել խոր դիֆերենցման հիմքում դրվել է ավելի մեծ ընդհանուր սեփականության, պատասխանատվության սկզբունքը: Երկկողմ հարաբերություններն այսուհետ կառուցվելու են ոչ թե բոլորի համար մշակված միասնական սցենարով, այլ յուրաքանչյուրի հետ՝ ըստ իր նկրտումների և գերակայությունների: Միաժամանակ մեծ ուշադրություն է հատկացվելու տարածաշրջանային համագործակցությանն ու համատեղ ծրագրերին: Այդ նպատակով ներմուծվելու է «Թեմատիկ շրջանակների» ձևաչափը, որում ներգրավվելու են մի քանի գործընկեր երկրներ միաժամանակ: Գործընկեր երկրների հետ տարբերակված հարաբերությունների սկզբունքն արտահայտվելու է նաև ԵՀՔ ամենամյա զեկույցներում: Ամեն տարի գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար հրապարակվող Առաջընթացի զեկույցներին այսուհետ փոխարինելու է մեկ միասնական զեկույց ամբողջ ԵՀՔ տարածաշրջանի համար, և երկրներից յուրաքանչյուրի համար իր ստանձնած պարտավորությունների կատարումը գնահատող պարբերաբար թողարկվող զեկույց:

Զուգահեռաբար նոր ռազմավարության մեջ մեծ ուշադրություն է հատկացվում հարևան երկրների հարևաններին, նրանց հետ համագործակցությանն ու նրանց ազդեցությանը տարածաշրջանի վրա: Նշվում է Թուրքիայի հետ համագործակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության կարևորությունն ընդհանուր մարտահրավերների դիմագրավման համար:

Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, նշվում է, որ ԵՄ-ն պետք է շարունակի խորացնել հարաբերությունները գործընկերների հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի (ԽՀԱԱՀ) շրջանակներում, իսկ այն չստորագրած երկրների հետ մշակի տնտեսական առավել ճկուն համաձայնագիր:

Ճկունության սկզբունքը կարևորվում է նաև ֆինանսական միջոցների կառավարման, առանձին ծրագրերի ֆինանսավորման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արագ արձագանքի հնարավորություն ունենալու համար:

Նոր ռազմավարությամբ առավել մեծ ուշադրություն է հատկացվում երիտասարդությանը, նրա զբաղվածության ապահովմանն ու տեղում ԵՄ արժեքների, եվրաինտեգրման օգուտների և շահավետության մեկնաբանման հարցում երիտասարդական ՀԿ-ների հետ համագործակցությանը: Երիտասարդների համար զբաղվածության ոլորտների շարքում հատկապես խրախուսվելու է հետազոտությունների, վերլուծությունների իրականացումը:

Արևելյան գործընկերության և ընդհանրապես Եվրոպական հարևանության քաղաքականության զարգացումներն աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում ցույց տվեցին, որ միասնական մոտեցման կիրառումն ընդունելի չէ ոչ միայն Արևելյան և Հարավային հարևանության տարածաշրջանների, այլև գործընկերներից յուրաքանչյուրի հանդեպ: Նոր ռազմավարության նպատակն է յուրաքանչյուր գործընկեր երկրի հետ զարգացնել այն ոլորտները, որոնք երկու կողմերի համար էլ կարևոր են, և որոնց համար երկու կողմերն էլ հավասարապես պատասխանատվություն կկրեն: ԵՄ-ն դադարում է ուսուցչի դերում հանդես գալ: «Այսուհետ մենք պետք է այն գաղափարից, որ ԵՄ-ն կենտրոնն է՝ շրջապատված հարևան երկրներով, անցում կատարենք համագործակցության վրա հիմնված նոր գործընկերության»,- ասել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Այսուհետ ԵՄ-ն առավել ճկուն է լինելու թե՛ գործընկերներից յուրաքանչյուրի համար առաջարկվող իր հնարավորությունների, թե՛ դրա համար կիրառվող գործիքների մասով: Հիմնական նպատակն այնպիսի համագործակցության կառուցումն է, որը հնարավորություն կտա զերծ մնալու նոր ճգնաժամերից և կայունություն կապահովի հարևան տարածաշրջանում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: