ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքական իշխանությունները բացահայտ պատերազմ են մղում քուրդ բնակչության դեմ

independent.co.uk

Թուրքիայի տարբեր շրջաններում քրդերի կոտորածներն աստիճանաբար ավելի մեծ թափ են ստանում՝ ինչն իրական պատերազմի և ազգի կանխամտածված ոչնչացում է հիշեցնում: Պատերազմ հայտարարելով Թուրքիայում «ահաբեկչական խմբավորում» հանդիսացող Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ՝ Թուրքիայի կառավարությունն իրականում պատերազմ է հայտարարել ինքնավարության ձգտող ամբողջ քուրդ ժողովրդի դեմ:

Հունվարի 10-ի առավոտյան ՔԲԿ-ին անդամակցելու մեղադրանքով Թուրքիայի Վան նահանգի Արտամեդի շրջանում թուրք ոստիկանները գործողություն իրականացնելիս տեղում սպանել են տան ներսում գտնվող 18-25 տարեկան 12 քուրդ ակտիվիստի, որոնցից 6-ը Վանի համալսարանի ուսանողներ են եղել: Ինչպես հայտնում է Kurdish Daily News-ը՝ բոլոր սպանվածները եղել են քաղաքացիական հագուստներով և գրեթե բոլորը մահացել են գլխին հասցված կրակոցներից:

Չբավարարվելով խաղաղ բնակիչների դեմ զենք կիրառելով՝ թուրքական ուժերն ագրեսիայի նոր ալիք են բարձրացրել Ամեդի կենտրոնական Սուր թաղամասում, որտեղ հունվարի 11-ի վաղ առավոտյան տանկեր են կիրառվել:

Երկու հսկայական պայթյուն է տեղի ունեցել Սուլեյման Նազիֆի տարրական դպրոցի մոտակայքում, սակայն զոհերի մասին ոչ մի տեղեկություն դեռևս չի հաղորդվում:

Ծանր բախումներ են ընթանում Կուրսունլու մզկիթի տարածքում, որտեղ հրետանային հարվածներով ուղղակիորեն մեկը մյուսի հետևից պայթեցնում են բնակիչների տները, իսկ Ֆաթիհփաշա մզկիթի մոտակայքում ոստիկանության հատուկ ծառայության աշխատակիցները անկանոն կրակ են բացում քաղաքացիական տարածքներում: Ինքնավարություն հռչակած շրջաններ հասնելու համար՝ տանկերի ճանապարհը բացելու նպատակով  Հասըրլըի շրջակայքում թուրքական ուժերը շարունակում են քանդել բնակավայրերը, և այս ամենը տեղի է ունենում ուղղաթիռների մասնակցությամբ:  

Հատկանշականն այն է, որ թուրքական ուժայինները երկրի արևելքում սպանում են զինված պայքարի հետ ոչ մի կապ չունեցող խաղաղ բնակիչներին: Արդեն անգամ նշվում է, որ Թուրքիայում տեղի ունեցող կոտորածները ոչնչով չեն տարբերվում Իրաքում և Սիրիայում տեղի ունեցողներից: Ծխացող տների պատկերներ, սպանված խաղաղ բնակիչների դիեր կարելի է այժմ հանդիպել Թուրքիայի քրդաբնական գրեթե բոլոր տարածքներում: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2002-ին իշխանության գլուխ գալով՝ խոստացավ «արդարացի» լուծում տալ քրդական խնդրին, իսկ «արդարացի լուծումը» թուրքական իշխանությունների դեպքում, ինչպես փորձը ցույց է տալիս,  դարեր շարունակ տեղի է ունենում կոտորածների տեսքով: 

Այս մասին է փաստում է նաև թուրքական «Մարդու իրավունքների պաշտպանության հիմնադրամ» հասարակական կազմակերպության հունվարի 9-ին հրապարակված զեկույցը, ըստ որի՝ 2015-ի դեկտեմբերի 11-ից մինչև 2016-ի հունվարի 8-ը Թուրքիայի արևելքում ուժայինները սպանել են 79 քաղաքացիական անձ, որոնցից 14-ը եղել են անչափահաս, իսկ վերջին 5 ամիսների ընթացքում սպանվել է 162 քաղաքացի:

Զեկույցում նշվում է, որ այս կոտորածները տեղի են ունեցել հիմնականում թուրքական ուժայինների` տանկերով և ծանր հրետանիով բնակելի շենքերը ոչնչացնելու հետևանքով, որը տեղի է ունենում պարետային ժամերի ընթացքում:  

Իրականացվող կոտորածներին վերջ դնելու նպատակով Դիարբեքիրի իրավաբանների ասոցացիայի փաստաբանները, ոչ մի աջակցություն չստանալով Թուրքիայի արդարադատության նախարարությունից, դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ ակնկալելով, որ ՄԻԵԴ-ը վերջապես կստիպի Թուրքիային վերացնել պարետային ժամը և կվերականգնի քաղաքացիների ազատ տեղաշարժը: Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ին ուղղված դիմումի պատասխանը կլինի մինչև հունվարի 21-ը:

Այս առումով քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունն, իր հերթին, ՄԻԵԴ-ից պահանջել է հարցաքննել թուրքական իշխանություններին, թե ինչ վիճակում են հայտնվել տեղի քաղաքացիները պարետային ժամ իրականացնելու արդյունքում:  Սակայն, ինչպես երևում է  թուրք տարբեր քաղաքական գործիչների հայտարարություններից, կառավարությունն ունի բոլոր մշակված մեխանիզմները դատարանից «մաքուր դուրս գալու համար»: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: