ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իսրայել-Կիպրոս- Հունաստան համագործակցություն ընդդեմ Թուրքիայի՞

REUTERS/Yiannis Kourtoglou

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում հունվարի 28-ին կայացած հանդիպման ավարտին հայտարարել են գազատարի կառուցման ծրագրերի մասին, որը կկապի երեք պետություններն ու դուրս կգա եվրոպական շուկա: Կողմերը պայմանավորվել են դեպի Եվրոպա գազատարի կառուցման տնտեսական նպատակահարմարությունն ուսումնասիրելու համար ստեղծել եռակողմ հանձնաժողով, տեղեկացնում է euronews-ը:

Չնայած միջերկրածովյան այս երկրների ղեկավարները չեն մանրամասնել, թե որ հանքավայրից են պատրաստվում իրականացնել դեպի Եվրոպա գազի մատակարարումը, սակայն վերլուծաբանները ենթադրում են, որ խոսքն Իսրայելի տարածքային ջրերում վերջերս հայտնաբերված երեք խոշոր գազային հանքավայրերից (Դալիտ, Լևիաֆան, Տամար) մեկի մասին է: Նշենք, որ ներկայումս Կիպրոսն ու Հունաստանը հետաքրքրված են «Աֆրոդիտե» հանքավայրի կիպրական հատվածի ինտենսիվ շահագործման մեջ, իսկ Իսրայելը՝ այս հանքավայրի հարևանությամբ՝ իր տնտեսական շահերի գոտում գտնվող Լևիաֆան հանքավայրից գազի Եվրոպա արտահանման մեջ: Կողմերի կարծիքով՝ նավթի գների անկման և էներգակիրների պահանջարկի նկատմամբ առաջարկի գերազանցության ֆոնին առավել շահութաբեր կլինի տարածաշրջանային հանքավայրերից էներգակիրների համատեղ արտահանումը Եվրոպա:

Նշենք, որ Եվրոպա գազի մատակարարման համար կողմերը նախատեսում են կառուցել 1700 կմ երկարությամբ EastMed գազատարը, որի տարեկան թողարկելիությունը կլինի 15 մլն խոր. մետր: Սկզբնական փուլում նախատեսվում է կառուցել գազատարի Իսրայել-Կիպրոս ճյուղը, որտեղից էլ Եվրոպա գազ արտահանելու վերջնական նպատակով գազատար կկառուցվի դեպի Հունաստան:

Թել-Ավիվը, Աթենքը և Նիկոսիան վստահ են, որ այս ծրագիրը շատ կհետաքրքրի ԵՄ իրենց գործընկերներին, որոնք ցանկանում են ազատվել ռուսական գազից կախվածությունից և դիվերսիֆիկացնել մայրցամաք էներգակիրների մատակարարման աղբյուրները:

Նշենք, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի բացառել երեք երկրների միավորումն ընդհանուր էլեկտրացանցով: Դեռևս 2013 թվականին Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը հայտարարել էին էներգետիկ ռեսուրսների միավորման պլանների մասին: EuroAsia Interconnector ծրագրի շրջանակներում երեք երկրների էլեկտրական ցանցերը պետք է իրար կապվեին ստորջրյա կաբելի միջոցով: Այդ ծրագրի բյուջեն գնահատվում էր 1.5 մլրդ եվրո, որը ներդրվելու էր Կիպոսում և Հունաստանի հարավում գազային էլեկտրոկայաններ կառուցելու համար:

Ցիպրասն Իսրայելի և Կիպրոսի հետ համագործակցությունն անվանել է Հունաստանի համար ռազմավարական ընտրություն, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը: Նեթանյահուն իր հերթին Նիկոսիայի հանդիպումն անվանել է պատմական. «Վերջին անգամ հույները, կիպրացիներն ու հրեաներն ընդհանուր սեղանի շուրջ նստել ու զրուցել են 2000 տարի առաջ»: Չնայած հանդիպման ավարտին լրագրողներին կողմերը բազմիցս նշեցին, որ այս ծրագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ, սակայն վերլուծաբանները կարծում են, որ իրականում Իսրայել-Հունաստան-Կիպրոս համագործակցութունն ուղղված Թուրքիայի տարածաշրջանային դերի նավազեցմանը, քանի որ Եվրոպա իսրայելական գազի արտահանման համար առավել նպատահարմար է Թուրքիայի տարածքով տարանցումը: Նշենք, որ և՛ Իսրայելը, և՛ Հունաստանը, և՛ Կիպրոսը այժմ  Թուրքիայի հետ հակասություններ ունեն մի շարք կարևոր հարցերում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    01.01.2025
       
    02.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: