ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՆԱՏՕ-ն ևս ներգրավվում է դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի դեմ պայքարին

AFP

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը այսօր՝ փետրվարի 15-ին, Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն անօրինական միգրացիայի դեմ պայքարի նպատակով ԵՄ և ՆԱՏՕ գործողությունների համակարգումը: Հանդիպմանը կհաջորդի ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչների և սահմանների հսկողության եվրոպական Frontex գործակալության ընդլայնված նիստ, տեղեկացնում է РИА Новости-ն:

Անօրինական միգրացիայի դեմ պայքարում ԱՏՕ-ին ներգարվելու մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ փետրվարի 8-ին Անկարայում կայացած հանդիպման ժամանակ: Մասնավորապես նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը պետք է պարեկություն իրականացնեն Էգեյան ծովում՝ Թուրքիայից Հունաստանի սահմանով միգրանտների անօրինական հոսքը կանխելու համար: ՆԱՏՕ-ն պետք է նաև ապահովեր թուրք-սիրիական սահմանին միգրանտների հոսքի վերահսկողությունը:

Սակայն, այս գաղափարը Աթենքին դուր չեկավ: Հունական սահմաններում ՆԱՏՕ-ի պարեկության դեմ հանդես եկավ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ նշելով, որ դա հնարավոր է միայն Թուրքիայի տարածքային ջրերում և Հունաստանի սուվերեն իրավունքների պահպանման դեպքում: Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ բարդ բանակցությունների արդյունքում Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը փետրվարի 11-ին հայտարարեց ՆԱՏՕ-ի ներգրավելու հարցում կողմերի միջև համաձայնության մասին: Հունաստանի պաշտպանության նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի խնդիրը պետք է լինի դադարեցնել մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվող հանցավոր խմբերի գործունեությունը: Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է միգրանտներին հետ ուղարկեն Թուրքիա:

Այսպես, Էգեյան ծով պետք է ուղարկվի ՆԱՏՕ-ի երկրորդ ռազմածովային խումբը, որը գտնվելու է Գերմանիայի հրամանատարության տակ և համագործակցելու է առափնյա հսկողության ազգային ուժերի և Frontex գործակալության հետ:  Ընդ որում՝ ՆԱՏՕ-ի ուժերի խմբում Թուրքիան ընդգրկվելու է միայն  Թուրքիայի տարածքային ջրերում և օդային տարածքում գործողությունների մեջ, իսկ Հունաստանն՝ իր տարածքային ջրերում և օդային տարածքում իրականացվող հակամիգրացիոն գործողություններում:

Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միգրանտների անօրինական հոսքի դեմ գործողությունը կսկսի հաջորդ ամիս, իսկ մինչ այդ հունական սահմանների մոտ հասած ՆԱՏՕ-ի 5 նավերը կուսումնասիրեն թուրք-հունական ծովային սահմանը և կմշակեն գործողությունների պլան:

Նշենք, որ ՆԱՏՕ-ին միգրացիոն ճգնաժամում ներգարվելու այս պլանը լուրջ տարաձայնություններ է առաջացրել ոչ միայն Հունաստանում, որտեղ քաղաքական որոշ ուժեր պնդում են, որ այն խախտում է երկրի սուվերեն իրավունքները, այլ նաև Գերմանիայում: Բունդեսթագի արտաքին քաղաքակության հարցերով հանձնաժողովի նախագահ, Մերկելի կուսակից Նորբերտ Ռյետգենը  Die Welt թերթի հետ զրույցում նշել էր, որ ԵՄ արտաքին սահմանների ամրացումն ոչ թե ռազմական, այլ ընդհանուր քաղաքական խնդիր է: «Միգրանտների խնդիրը Եվրոպան կարող է և պետք է լուծի իր ինստիտուտների և գործիքների միջոցով», - ընդգծել էր քաղաքական գործիչը:

ՆԱՏՕ-ին միգրացիոն ճգնաժամի կարգավորման հարցում ներգրավելու դեմ հանդես են գալիս նաև Գերմանիայի ընդդիմադիր գործիչները, որոնց կարծիքով Միջերկրականում միգրանտների հոսքի կարգավորումը ՆԱՏՕ-ի առաջադրանք հայտարարելը սխալ է: Իրավապաշտպան կազմակերպություններն ընդգծում են, որ Միջերկրականում ՆԱՏՕ-ի գործողությունները սահմանափակում են միգրանտների իրավունքները: ProAsyl իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Գյունտեր Բուրկհարտն իր հերթին ընդգծում է, որ միգրանտներն օրինական ճանապարհով չեն կարող հասնել Եվրոպա, իսկ ՆԱՏՕ-ն մաքսանենգության դեմ պայքարելու մանդատ չունի:

ՆԱՏՕ-ի ներգրավման կապակցությամբ մտահոգություններ են հայտնում նաև վերուծաբանները, որոնց կարծիքով ՆԱՏՕ-ն չի սահմանափակվի միայն Թուրքիայի ափերի մոտ պարեկությամբ: Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի գործողություններն, ըստ նրանց, ուղղված են Սիրիայում ռազմական գործողություն սկսելուց հետո տարածաշրջանում ռուսական աճող դերի հակադրմանը և զսպմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: