ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ զարգացումներ. աբսուրդային և սկանդալային

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը հագեցած է հետաքրքիր դրվագներով, աբսուրդային հայտարարություններով, անհիմն կոչերով ու սպառնալիքներով, ինչպես նաև տարբեր միջադեպերով:

Նախևառաջ անդրադառնանք Եվրոպական միության ղեկավար մարմիններից մեկի՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի երեկվա ստրասբուրգյան ելույթին, ով կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել կրակը Ղարաբաղի ուղղությամբ:

Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց էր տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը հակիրճ պատասխանել էր. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակը, դադարեցրե՛ք կռիվը»:

Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից բուռն ծափողջույնների արժանացավ:

Սակայն Յունկերից հետո ամբողջովին հակառակ կոչերով հանդես եկավ ԵԽԽՎ նիստի հերթական հրավիրյալ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով մեղադրեց Երևանին «ադրբեջանական հողերի օկուպացիայի և հրադադարի ռեժիմի խախտման մեջ»:

Դավութօղլուի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է նախազգուշացնի ՀՀ-ին «կրակի դադարեցման ռեժիմը խախտելու և ռազմական սադրանքների կազմակերպման  անթույլատրելիության մասին»:

Ուշագրավ է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունից հետո սկսեցին բարձր ծափահարել դահլիճ հրավիրված Ստրասբուրգում բնակվող մի քանի հարյուր թուրքեր, ովքեր իրականում իրավունք չունեին մտնել ԵԽԽՎ դահլիճ:

Բացի այդ, Դավութօղլուն, սկսելով ելույթ ունենալ, արհեստականորեն ժամանակն այնպես ձգձգեց, որ վերջում հարցերի համար ժամանակ չմնա: Բացի պատգամավորական հինգ խմբերից, այլ պատգամավորներ չեն կարողացել հարցեր ուղղել Դավութօղլուին, այն դեպքում, երբ սովորաբար մեկ տասնյակից ավել պատգամավորներ հնարավորություն են ունենում հարցեր տալ:

Մասնավորապես հայկական պատվիրակության մոտ Թուրքիայի վարչապետին ուղղված մի շարք հարցեր էին կուտակվել, այդ թվում՝ ղարաբաղյան թեմատիկայով նրա սադրիչ հայտարարությունների վերաբերյալ, սակայն հյուրը՝ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտի թույլտվությամբ կոպտորեն խախտել է նստաշրջանի ռեգլամենտը:

Դավութօղլուն խոսել է հիսուն րոպե՝ խեղաթյուրելով Ղարաբաղյան հակամարտության իրականությունը, իսկ Ագրամունտը, ով հայտնի է Ղարաբաղյան հարցում իր ադրբեջանամետ դիքորոշմամբ, չի նախազգուշացրել կամ ընդհատել վերջինիս:

ԵԽԽՎ նիստի մյուս աբսուրդային էլեմենտներից էր նաև այն, որ հույն պատգամավոր Յոաննետա Կավադիան Վեհաժողովին կոչ է արել դատապարտել ՀՀ իշխանություններին: Հարցը վերաբերում է Սարսանգի ջրամբարի թեմայով զեկույցի պատրաստման ընթացքին, որին հայկական կողմը չի ցանկացել մասնակցել:

«Վեհաժողովը խստորեն դատապարտում է հայկական պատվիրակության աշխատանքը և ՀՀ իշխանություններին՝ նշված թեմայով զեկույցի պատրաստման աշխատանքներում համագործակցության բացակայության համար: Այնպես որ, Վեհաժողովը պետք է քննարկի, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն խորհրդարանականների այս պահվածքի դատապարտման առումով»,- մասնավորապես  նշված է Կավադիայի ներկայացած փաստաթղթում:

Այդ ձեռնարկվելիք «միջոցների» շարքում ընդհուպ մինչև նշվել է մեր պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը: Փաստորեն, բավական չէ, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Ադրբեջանի լոբբինգին տրվելով՝ ընդունվեց Միլիցա Մարկովիչի առաջադրած Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձևը (ինչի արդյունքում Ադրբեջանին տրվեց քարտ-բլանշ պատերազմ հրահրելու), այժմ էլ բացահայտ քայլեր են արվում հայաստանյան պատվիրակության դեմ: Հարց է ծագում, թե արդյո՞ք սա է արդարության  ջատագով, մարդու իրավունքների պաշտպան Եվրոպայի իրական դեմքը… Արդարության համար պետք է նշել, որ այս մոտեցումը կիսում է ԵԽԽՎ պատվիրակների միայն մի մասը, և Եվրախորհրդարանում Ղարաբաղյան հարցի քննարկման ժամանակ հնչած հայտարարությունները վկայում են, որ բազմակարծությունը Եվրոպայի հիմնական հատկանիշներից մեկն է: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 8,75 կմ/ժ
    18 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    20°   
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: