ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 455,97 դրամ ԱՐԾԱԹ - 259,35 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 785,72 դրամ

Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունն այլ երկրներում

DIMITAR DILKOFF/AFP/Getty Images

Թուրքիայի և Կատարի միջև կնքվել է ռազմական ոլորտի համագործակցության մասին համաձայնագիր, ըստ որի՝ պաշտոնապես սկսել է գործել Կատարում տեղակայված Թուրքիայի զինված ուժերի ռազմաբազան:

Նախատեսվում է, որ «բազմաթիրախ» ռազմական բազայում զինվորական ծառայություն կանցնի հազարից ավել թուրք զինվորական: Նշվում է նաև, որ բացի ռազմաօդային ուժերից` Կատարի թուրքական ռազմաբազայում տեղակայվելու են նաև ռազմածովային ուժեր:

Ավելի վաղ Կատարում Թուրքիայի դեսպան Ահմեդ Դեմիրոկը հայտնել էր, որ բազայում տեղակայվելու է մոտ 3000 զինծառայող, որոնք կներկայացնեն Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերն ու հրահանգիչները:

Նշենք, որ Թուրքիայի օտարերկրյա մեկ այլ ռազմական բազաարդեն երկար տարիներ գործում է Կիպրոսի օկուպացված (թուրքական) հատվածում: Այսպես, Կիպրոսի թուրքական մասում տեղակայված է 74 հազարանոց թուրքական զորք, որից միայն 5 հազարն են թուրք կիպրացիներ: 2010 թվականից թուրքական ռազմաբազա է գործում նաև Ալբանիայում:

Նշենք, որ 2015 թվականի վերջին Անկարան հայտարարեց Կատարում, Սոմալիում, Վրաստանում և Ադրբեջանում (Նախիջևանում) ռազմական բազաների հիմնելու մտադրության մասին: Եթե վերջին երկուսի դեպքում հստակ պայմանավորվածություններ (հանրությանը հայտնի) չկա, ապա Սոմալիում թուրքական ռազմաբազայի մասին կարելի է խոսել որպես արդեն կայացած փաստի: Նշվում է, որ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղակայվելիք բազայում նախատեսվում է, որ սկզբնական շրջանում 200 թուրք հրահանգիչներ վարժանքներ կանցկացնեն Սոմալիի 1500 զինվորականների համար՝ «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: 

Նշենք, որ վերջին տարիներին բացի արտերկրում բազաներ հիմնելուց, Թուրքիան մեծացնում է իր ռազմական բյուջեն: Այսպես, ՀՆԱ-ի մակարդակով ռազմական բյուջեի ծախսերը 2015 թվականի համեմատ աճել են 0,2 տոկոսով՝ կազմելով ՀՆԱ 3,7 տոկոսը: Գումարային տեսքով 2016 թվականի ռազմական բյուջեն կազմում է 62,9 մլրդ լիրա (21,2 մլրդ դոլար), ինչը 10,4 մլրդ լիրայով գերազնացոում է 2015 թվականի բյուջեն:

Թուրքիան իր արտաքին քաղաքականության շրջանակներում դրել է երկրի տարածաշրջանային դերի բարձրացման խնդիր: Հենց այս համատեքստում էլ թուրքական իշխանությունները քայլեր են ձեռնարկում երկրի ռազմական ներկայությունը տարածաշրջանում ընդլայնելու ուղղությամբ, քանի որ ռազմական բազայի առկայությունն ապահովում է այդ երկրում երաշխավորված ազդեցություն: Միևնույն ժամանակ ռազմական բազաների ստեղծումը Կատարում, Սոմալիում հնարավորություն կտան հանդես գալ Պարսից ծոցում և Հյուսիսային Աֆրիկայում որպես անվտանգության համակարգ ապահովող կարևոր դերակատար՝ մեծացնելով երկրի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև միջազգային ազդեցությունը:

Սակայն, հարկն է նշել, որ Թուրքիայի նման քաղաքականությունը նաև որոշակի վտանգներ է պարունակում տարածաշրջանային կայունության համար: Այսպես, Կատարում թուրքական ռազմական բազայի ստեղծումը Պարսից ծոցում անվտանգության ապահովման հարցում ուժերի որոշակի վերադասավորում է առաջացնում, ինչը չի կարող անտեսել Իրանը, ով ևս ունի տարածաշրջանային հավակնություններ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 8 կմ/ժ
0 C°
 
-2°   
07.12.2019
-1°   
08.12.2019
Հարցում

Արդյոք Հայաստանի իշխանությունները բավարար չափո՞վ են տեղեկացնում մեր հասարակությանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: