ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումը Ադրբեջանին

Մայիսի 16-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո սա Սարգսյանի և Ալիևի առաջին հանդիպումն էր:

Ի՞նչ արդյունքներ արձանագրեց հանդիպումը:

Նախ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանք վերահաստատել են, որ «հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Համանախագահող երկրները շեշտել են 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը»։ Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և նրանց մոտեցումների մասով:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև համաձայնեցված կետերին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համատեղ հայտարարության համաձայն դրանք կայանում են հետևյալում.

  • Նախագահները վերահաստատել են իրենց հավատարմությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը,
  • Հետագա էսկալացիայի ռիսկը նվազեցնելու նպատակով նրանք համաձայնել են հնարավորինս կարճ ժամանակում ավարտին հասցնել ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմի մշակումն ու տեղադրումը,
  • Նախագահները համաձայնել են ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գոյություն ունեցող գրասենյակի ընդլայնմանը,
  • Նրանք համաձայնել են շարունակել ԿԽՄԿ հովանու ներքո իրականացնել անհետ կորած անձանց մասին տեղեկատվության փոխանակում,
  • պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել բանակցությունների հաջորդ փուլը հունիս ամսին փոխադարձաբար ընդունելի վայրում՝ նպատակ հետապնդելով վերսկսել բանակցությունները համապարփակ կարգավորման շուրջ:

Հավելենք նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարը, ամփոփելով հանդիպման արդյունքները, նշեց նաև, որ «Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման պարամետրերի համաձայնեցման շուրջ աշխատանքը շարունակվելու է»: «Հավանաբար, հաշվի առնելով կողմերի միջև բավական լարված իրադրությունը՝ ստիպված կլինենք դա անել փուլ առ փուլ: Կարգավորման առաջին փուլի պարամետրերը համաձայնեցնելու հնարավորություն կա: Դրանք ձևակերպվել են ռուսական միջնորդության շրջանակներում, որը գործել է համանախագահների ընդհանուր մոտեցումներին համահունչ և ստացել է մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերների աջակցությունը», - հայտարարեց Լավրովը: Նա նաև հավելեց, որ հիմքեր կան ենթադրելու, որ «հայ և ադրբեջանցի բանակցողները տրամադրված կլինեն ձևակերպելու փոխզիջումներ»:

Ի՞նչ տվեց Վիեննայի հանդիպումն Ադրբեջանին:

Վիեննայում Ադրբեջանը ստիպված եղավ արձանագրել իր ռազմական արկածախնդրության տապալումը: Հարյուրավոր զոհերի գնով անգամ, Ադրբեջանը չկարողացավ հասնել իր ծրագրի իրագործմանը, որը հաստատ չէր կարող կայանալ նրանում, ինչ Ադրբեջանն ունի այսօր: Ադրբեջանը հույս ուներ սրընթաց պատերազմով առնվազն մի քանի շրջան գրավել և բանակցային սեղանին իր պայմանները թելադրել հայկական կողմերին:

Դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, Վիեննայի հանդիպումը ցույց տվեց, որ բանակցություններում զիջման գնացող կողմը հենց Ադրբեջանն է, որը երկար տարիների մերժումից հետո ստիպված եղավ համաձայնություն տալ հետաքննության մեխանիզմների ներդրմանը:

Ադրբեջանը ստիպված եղավ զիջել և իր համաձայնությունը տալ նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը, ինչը Վիեննայի հանդիպման գլխավոր պայմանավորվածություններից մեկն էր:  Թեև այսօր ադրբեջանական կողմը փորձում է վիճարկել իր տված համաձայնությունը: «Անջեյ Կասպրշիկի լիազորությունների էական փոփոխություններ չեն կարող լինել: Այնտեղ նշվածը Մինսկի խմբի դիրքորոշումն է, մենք այդ հարցում պարտավորություններ չենք ստանձնել», - հայտարարում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը: Ստացվում է, որ ադրբեջանական կողմը, ստիպված լինելով իր համաձայնությունը տալ այս կետին և, ըստ էության, պատրաստ չլինելով դրա կատարմանը, խուսափում է այդ մասին բարձրաձայնելուց ՝  փնտրելով այլ մեկնաբանություններ:

Ադրբեջանն, ըստ էության, վիճարկում է 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը պահպանելու կարևորությունը, որը շեշտադրվել է համանախագահող երկրների կողմից: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարում է, որ «Ադրբեջանը Վիեննայի հանդիպման ժամանակ համաձայնություն է տվել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանը հետագա բանակցությունների շարունակման համար»: Այսինքն, Ադրբեջանն, ըստ էության, կրկին մատնացույց է անում ապրիլի 5-ին ձեռքբերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, այլ ոչ թե 1994 և 1995թ․ հրադադարի համաձայնագրերը՝ կրկին խուսափելով մինչև վերջ հայտարարել այդ մասին: 

Վիեննայի հանդիպումից հետո Ադրբեջանը և նրա նախագահ Իլհամ Ալիևը ստիպված եղան ընդունել ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքները: Ադրբեջանը եկավ այն գիտակցման, որ չի կարող Ղարաբաղյան հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով: Դա հասկանում էին նաև Վիեննայի հանդիպման մասնակիցները:

Ադրբեջանում նաև հասկանում են, որ նման ռազմական արկածախնդրության դիմելու ևս մեկ հնարավորություն կարող է երկրորդ անգամ չտրվել: Ադրբեջանի գործողությունների վրա աչք փակելու, ուշ արձագանքելու և այլնի համար ներդրված քաղաքական, ռազմական, ֆինանսական և այլ ռեսուրսների վերականգնումը ևս հեշտ չի լինելու: 

Ինչ վերաբերում է Վիեննայի հանդիպման այն արդյունքներին, որոնք Ադրբեջանն իր համար կարող է դրական համարել, ապա դրանք կայանում են հետևյալում:

Ադրբեջանը չպատժվեց ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սկսելու համար: Նրան առնվազն չստիպեցին իր զորքերը հետ քաշել մինչև ապրիլի 1-ը եղած դիրքերը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման անհրաժեշտությունը չամրագրվեց (ընդամենը վերահաստատվեց հավատարմությունը հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը): ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, փորձելով գոհացնել կողմերին, կրկին խուսափեցին հասցեական հայտարարություններից՝ ագրեսորի համար չսահմանելով համապատասխան պատիժ: Ադրբեջանում, սովորության համաձայն, սա կարող է ընկալվել որպես «կանաչ լույս» հետագայում ևս նման արկածախնդրությունների դիմելու համար: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: