ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են արհեստական թշնամանք ստեղծել Հայաստանի և իսլամական աշխարհի միջև

middleeasteye.net

Թուրքիան և Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում են` Հայաստանի և իսլամական աշխարհի միջև թշնամության պատրանք ստեղծելու համար: Դիվանագիտական, քաղաքական, ինչպես նաև ռազմական դաշտում կրած ցանկացած պարտության դեպքում նրանք միանգամից սկսում են հայտարարել իսլամական միասնության, Հայաստանի և ողջ իսլամական աշխարհի միջև իբրև թե գոյություն ունեցող թշնամանքի մասին:

Վերջին ամիսների բուռն զարգացումների ժամանակ այս երևույթն ավելի ակնառու է դարձել: Հակահայկական հայտարարությունների և գործողությունների իրականացման համար առաջին հերթին օգտագործվում են հենց իսլամական կազմակերպությունները:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ապրիլի 14-15-ին Թուրքիայում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթաժողովը, որի ժամանակ ընդունված փաստաթղթերում տեղ գտան հակահայկական բազմաթիվ ձևակերպումներ: Մասնավորապես, գագաթաժողովի արդյուքնում ընդունված Վերջնական կոմյունիկեն կոչ է անում Հայաստանին իր «զինված ուժեր դուրս բերել Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի Հանրապետության այլ գրավյալ տարածքներից»՝ վերահաստատելով իր «սկզբունքային աջակցությունն Ադրբեջանի ջանքերին»:

Ավելին` բանաձևերից և հայտարարություններից ԻՀԿ-ն անցավ պրակտիկ գործողությունների: Հայտարարվեց ԻՀԿ-ի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով Կոնտակտային խմբի ստեղծման մասին, որը «ուղղված է լինելու Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիային»: Ընդ որում, Թուրքիան կոչ արեց ԻՀԿ անդամ-երկրներին ակտիվորեն ներգրավվել Կոնտակտային խմբի աշխատանքներում: Հասկանալի է, որ այս ողջ նախաձեռնության հետևում կանգնած էր հենց Թուրքիան, որն այս կազմակերպության ամենախոշոր և ակտիվ անդամներից մեկն է:

Այնուհետև հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց, ինչից հետո Թուրքիան կրկին դիմեց ԻՀԿ-ի օգնությանը: Թուրքական Anadolu գործակալությունը հայտնեց, որ ԻՀԿ-ն դատապարտել է Բունդեսթագի կողմից նման բանաձևի ընդունումը: Տեղեկության համաձայն` կազմակերպությանը կից Իսլամական կոնֆերանսի երկխոսության և համագործակցության երիտասարդական ֆորումը նախատեսում է Եվրոպայի և ԻՀԿ անդամ երկրների երիտասարդներին սովորեցնել «պատմական ճշմարտությունը»: Վերջինիս ներքո նախատեսվում է մուսուլման երիտասարդներին սովորեցնել, որ «1915 թվականին հայերը կոտորել են Անատոլիայի թուրքերին»:

Իսկ հունիսի 8-ին Իլհամ Ալիևն իր մոտ հրավիրեց Ադրբեջանում իսլամական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և իսլամական կազմակերպությունների ղեկավարներին և իր շնորհակակալությունը հայտնեց ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ընդունված հակահայկական փաստաթղթերի համար: Ալիևը հայտարարեց, որ «Հայաստանի ղեկավարությունը մուսուլմանական երկրներին վերաբերվում է որպես թշնամիների, հետևաբար, շատ կարևոր է, որ ողջ իսլամական աշխարհը միասնականություն դրսևորի» Ղարաբաղյան հակամարտության և մյուս հարցերում:

Հերթական անգամ փորձելով կրոնական երանգ հաղորդել Ղարաբաղյան հակամարտությանը՝ Ալիևը թշնամանքի պատրանք է ստեղծում Հայաստանի և իսլամական աշխարհի միջև: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը մշտապես բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Իրանի հետ, բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ ունի Սիրիայի, Լիբանանի, Իրաքի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ալժիրի, Եգիպտոսի և բազմաթիվ այլ մուսուլմանական երկրների հետ: Հետևաբար, Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերն անտրամաբանական են և դատապարտված են տապալման:

Հատկանշական է նաև, որ այս կերպ Ադրբեջանն ու Թուրքիան նաև փորձում են իսլամական աշխարհը հակադրել ոչ միայն քրիստոնյա Հայաստանին, այլ նաև եվրոպական արժեքներին, ինչը ևս չափազանց վտանգավոր մարտավարություն է և ծայրահեղականության աճի ֆոնին կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: