ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞ր կողմ կգնա Ուզբեկստանը Քարիմովից հետո

Дмитрий Азаров / Коммерсантъ

Ուզբեկաստանի՝ անկախությունից ի վեր անփոփոխ առաջնորդի՝ 79-ամյա Իսլամ Քարիմովի մահվան մասին տեղեկությունները նորից վերականգնեցին հետաքրքրությունն այս տոտալիտար, փակ, բայց քիչ թե շատ անկախ արտաքին քաղաքականություն վարող երկրի նկատմամբ:

Որոշակի առումով Քարիմովից հետո Ուզբեկստանը կարող է դառնալ ազդեցության համար պայքարի հերթական թատերաբեմ Ռուսաստանի, որն այսօր նախկին ԽՍՀՄ բոլոր տարածքները համարում է սեփական շահերի գոտի, և աշխարհի այլ տերությունների միջև, օրինակ՝ ԱՄՆ-ի և նույնիսկ Չինաստանի, որոնք, բնականաբար, նույնպես ունեն իրենց որոշակի շահերն այս տարածաշրջանում:

Այս առումով ոչ այնքան կարևոր է, թե ով կլինի հաջորդ նախագահը, այլ՝ թե ինչ ուղենիշ կվերցնի երկիրը:

Հիշեցնենք, որ Քարիմովի օրոք Ուզբեկստանը չեզոք դիրք էր գրավում` բազմիցս հայտարարելով, թե չի ցանկանում մտնել ոչ մի դաշինքի մեջ, այդ թվում նաև Եվրասիական տնտեսական միության: Միաժամանակ, շեշտվում էր վերոնշյալ երկրների հետ համագործակցությունը զարգացնելու բացառիկ հետաքրքրությունը: Նշենք, որ Մոսկվան մի քանի անգամ փորձել է «գայթակղել» ուզբեկ նախագահին միանալու եվրասիական հանրությանը:

Իսկ ո՞վ կարող է լինել հաջորդ նախագահը:

Նախ, դա կարող է լինել վարչապետ Շավկատ Միրզիյաևը (ռուսամետ), որը Ուզբեկստանի կառավարությունը ղեկավարում է 2003-ից: Սակայն նա խարիզմատիկ լիդեր չէ և չի կարող Քարիմովի նման «ազգի հայր» լինել: Միրզիյաևը ոչ միայն մեծ ազդեցություն ունի երկրի բանակի ու ոստիկանության վրա, այլ նաև նրա թիկունքին կանգնած է հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, որի նախագահը 1995-ից ի վեր հանդիսանում է Քարիմովի մոտ ընկեր Ռուստամ Ինոյատովը (որն արդեն ավելի քան 70 տարեկան է): Սակայն, որոշ փորձագետների կարծիքով, վերջինս դժվար թե նախագահի պաշտոն զբաղեցնի, քանի որ նրան լրիվ ձեռք է տալիս երկրի «մոխրագույն կարդինալի» իր դերը: Որպես մյուս հավանական թեկնածու տրվում է առաջին փոխվարչապետ արևմտամետ Ռուստամ Ազիմովի անունը:

Այն մասին, թե Միրզիյաևը և Ինոյատովն ինչքան հզոր ու ազդեցիկ են երկրում և նախագահի առողջական վիճակի պատճառով արդեն մի քանի տարի փաստացի ղեկավարում են երկիրը, խոսում է Քարիմովի ավագ դստեր՝ 44-ամյա Գյուլնարա Քարիմովայի «չեզոքացման» մասին հայտնի պատմությունը: Վերջինիս որոշ փորձագետներ համարում էին հոր ժառանգորդը: Սակայն, Գյուլնարայի խոսքերով, իր ծարգրերը չեն իրականանա, ավելին, հարազատ հոր հետ կոնֆլիկտում մեծ դեր է խաղացել ԱԱԾ ղեկավար Ինոյատովը: Իսկ Քարիմովի կրտսեր դուստրը՝ Լոլա Տիլյաևան, հոր տեղը զբաղեցնելու շանսեր բոլորովին չունի:

Ինչ վերաբերում է երկրի հետագա ուղենիշին, ապա թե՛ Միրզիյաևը, թե՛ Ինոյատովը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն Քարիմովի բազմավեկտոր քաղաքականությունը՝ լավ հարաբերություններ պահպանելով Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի հետ:

Իսկ եթե խոսենք երկրում ռադիկալ իսլամի հավանական ուժեղացման մասին, ապա դժվար թե դա տեղի ունենա, քանի որ Քարիմովի երկարամյա ղեկավարության ժամանակ սեփական քաղաքացիների մտքերի նկատմամբ համատարած վերահսկողությունն այնքան խիստ է կատարվել, որ «իշխանությունների ուղուց» ցանկացած շեղում  իսկույն բացահայտվում է և չեզոքացվում:

Այժմ բավականին պատասխանատու ժամանակաշրջան է սկսվում ողջ Կենտրոնական Ասիայի համար: Ուզբեկստանը կարևոր երկիր է, և եթե այնտեղ փոխվի քաղաքական իրավիճակը, ապա դա կանդրադառնա Կենտրոնական Ասիայի բոլոր պետությունների, առաջին հերթին՝ Ղազախստանի վրա:

Ուզբեկստանի առանձնահատկությունն այն է, որ այն գտնվում է անկայուն գոտում. Ֆերգանայի հովիտը գործազրկության բարձր մակարդակով և ռադիկալ ծայրահեղական հոսանքների ակտիվ տարածմամբ, Աֆղանստանի հետ հարևանությունը, սահմանային խնդիրները Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Եթե Ուզբեկստանում իշխանափոխությամբ հին էլիտան չկարողանա այս հարցերը լուծել, ապա դրանք իրար հետևից կսկսեն պայթել: Քարիմովը կարողանում էր իրավիճակը վերահսկողության տակ պահել, քանի որ ավտորիտար առաջնորդի կոշտ բռունցք ուներ: Նա մաքրել է քաղաքական դաշտը, ողջ էլիտան՝ թողնելով միայն մի քանի տարածաշրջանային խմբեր, որտեղ գլխավորներն են «տաշքենդցիները» և «սամարղանդցիները», հեռացրել է ժողովրդավարական ընդդիմությանը:

Փորձագետները խոսում են նաև վատթարագույն սցենարի մասին: Եթե ապակայունության տանող իշխանափոխության ուզբեկական և ղազախական սցենարները միաձուլվեն, ապա դա կլինի մի հսկայական «սև անցք», որը կուլ կտա ոչ միայն Կենտրոնական Ասիան, այլև կազդի Ռուսաստանի ու Չինաստանի վրա: Ուստի, բոլորին էլ հարկավոր է կայուն իրավիճակ, մանավանդ որ Աֆղանստանի հետ սահմանին իրավիճակը վատացել է: Իսկ այս ամենը միասին կարող է սիրիականից էլ ավելի ահավոր իրավիճակի հանգեցնել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: