ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը քաղաքակրթությունների բախո՞ւմ է սադրում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում ստեղծված Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբի առաջին նիստը: Դեռևս 2016 թվականի ապրիլին Թուրքիայում տեղի ունեցած ԻՀԿ 13-րդ գագաթաժողովը որոշել էր ԻՀԿ-ի շրջանակներում արտգործնախարարների մակարդակով ստեղծել «Կոնտակտային խումբ՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիային»:

ԻՀԿ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության համաձայն` Կոնտակտային խումբը հանդիպման արդյունքում հույս է հայտնել, որ այն կծառայի որպես «օգտակար հարթակ ԻՀԿ բանաձևերն իրականացնելու, ինչպես նաև անդամ-պետությունների անհատական և համատեղ ջանքերը ներդաշնակեցնելու համար՝  հայկական ագրեսիային և Ադրբեջանի տարածքների օկուպացիայինվերջ տալու նպատակով»: Հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել «ձևավորել ճանապարհային քարտեզ՝ խմբի գործունեությունն առաջնորդելու համար»: Ի դեպ, ճանապարհային քարտեզի ձևավորման համար հստակ ժամանակահատված չի նախանշվում:

Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբի առաջին հանդիպման արդյունքում պատրաստված զեկույցում նշվում է, որ նիստին մասնակցել են Ջիբութիի, Գամբիայի, Մարոկկոյի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԻՀԿ Գլխավոր քարտուղար Իյադ Ամին Մադանին, ով վերահաստատել է ԻՀԿ դիրքորոշումը՝ «դատապարտելով Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ», և հույս հայտնել, որ «ԻՀԿ անդամ-պետությունների աջակցությունն Ադրբեջանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը կտրանսֆորմացվի պրակտիկ և արդյունավետ միջոցների՝ ստիպելու համար ագրեսորին հետևել միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»:

Կոնտակտային խմբի հանդիպմանը մասնակցած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ Կոնտակտային խումբը «կդառնա շարժիչ ուժ ԻՀԿ շրջանակներում՝ Ադրբեջանի արդար գործին աջակցելու համար»: Հանդիպման մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել «հայկական հարձակումներին դիմագրավելու և սեփական ժողովրդին պաշտպանելու ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերին»: Կոնտակտային խումբը կարևորել է նաև Հայաստանի վրա իսլամական ումմայի կողմից ճնշման մեծացումը, որ «ստիպեն ագրեսորին հետևել իր միջազգային պարտավորություններին»: Ավելին՝ Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբի նիստը կոչ է անում «ԻՀԿ անդամ-պետություններին հավաքական ջանքերով հակամարտությունը դարձնել միջազգային օրակարգի քննարկման թեմա»:

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ներկայացնել որպես իսլամական ումմայի առաջնահերթ շահերից բխող խնդիր: Բայց, իրականում, գործընթացը քարոզչությունից այն կողմ չի գնում: Ճիշտ է, Կոնտակտային խմբի ստեղծումը վկայում է այն մասին, որ ԻՀԿ-ն բանաձևերից անցել է ավելի պրակտիկ գործողությունների, այնուամենայնիվ, այս գործընթացը մեծ հետաքրքրություն չի առաջացնում ԻՀԿ անդամ-պետությունների շարքում:

Դա հասկանալու համար բավական է վերհիշել Խմբի նիստին մասնակցած երկրների քանակը (ընդ որում, Հայաստանը նրանցից դիվանագիտական հարաբերություններ ունի միայն Մարոկկոյի հետ[1])՝ չնայած Թուրքիայի և Ադրբեջանի բազմաթիվ կոչերին՝ միանալու խմբի գործունեությանը: Բացի այդ, խնդրի նկատմամբ հետաքրքրության բացակայության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ նախատեսվում էր Կոնտակտային խմբի առաջին հանդիպումը հրավիրել հենց ԻՀԿ Ստամբուլի գագաթաժողովի շրջանակներում, բայց հանդիպումը նախատեսված ժամկետում այդպես էլ չկայացավ և հետաձգվեց մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջան: Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ հայտնած տվյալների համաձայն՝ Կոնտակտային խմբի մեջ մտնում էին նաև Պակիստանն ու Մալայզիան, բայց Նյու Յորքում կայացած հանդիպմանը նրանց պատվիրակությունները ներկա չեն եղել: Այսինքն՝ Ադրբեջանը չի կարողացել անգամ ապահովել նրանց ներկայությունը:

Հասկանալի է, որ ԻՀԿ շրջանակներում ստեղծված այս Կոնտակտային խմբի հայտարարությունները չեն կարող նշանակալի ազդեցություն ունենալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, քանի որ կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են միջազգայնորեն ընդունված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ նույն Մինսկի խմբի համանախագահները բազմիցս ընդգծել են, որ հակամարտության կարգավորումն այլ հարթակ տեղափոխելու ջանքերը կարող են խիստ բացասական ազդեցություն ունենալ ողջ գործընթացի վրա: Նույն կերպ բազմիցս ընդգծվել է, որ Ղարաբաղյան հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելն անտրամաբանական է և հղի է վտանգավոր հետևանքներով:

Միևնույն ժամանակ անհնար է որևէ կառուցողական քայլ կամ քննարկում ակնկալել այս ձևաչափից՝ հաշվի առնելով նախ քննարկումներում հայկական կողմերի բացակայությունը, և այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը, ինչպես միշտ, ամեն ինչ անելու են Ղարաբաղյան հակամարտության էությունից անտեղյակ այս երկրներից հակահայկական հայտարարություններ կորզելու համար:

Ի վերջո, այս գործընթացի արդյունավետության մասին խոսելն անհնար է նաև այն պատճառով, որ ԻՀԿ-ն անկարող է լուծել անգամ իր անդամ-պետությունների միջև ծագող տարաձայնություններն ու հակամարտությունները: Հետևաբար, Ղարաբաղյան հակամարտության պարագայում, երբ հակամարտության ոչ բոլոր կողմերն են ԻՀԿ անդամ, կազմակերպության գործունեության արդյունավետության մասին խոսելն ավելի քան անիմաստ է:

Իհարկե, սա դեռ չի նշանակում, որ պետք է անտեսել Ղարաբաղյան հակամարտությունը իսլամական խոշորագույն այս կազմակերպությունում քննարկման թեմա դարձնելու Ադրբեջանի ջանքերը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս կազմակերպությունն աստիճանաբար փորձում է ավելի  ազդեցիկ դեր ստանձնել արդի միջազգային հարաբերություններում և ակտիվացնում է ջանքերը նաև Ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ: Գործընթացի անարդյունավետության մասին բարձրաձայնելուց բացի հարկավող է այդ թվում նաև հետևողական աշխատանք տանել ԻՀԿ անդամ հանդիսացող այն երկրների հետ, որոնց հետ Հայաստանն ավանդաբար ամուր կապեր ունի կազմակերպության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արծածմանը և թուրք-ադրբեջանական նկրտումներին վերջ տալու համար:

 



[1] ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքի համաձայն (30.09.2016 տվյալներով) Սաուդյան Արաբիայի, Գամբիայի և Ջիբութիի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: