ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԼՂՀ արտաքին քաղաքականությունը 2016թ-ին. անհրաժեշտ են համագործակցության նոր մեխանիզմներ

Ակտիվ արտաքին քաղաքականությունը և միջազգային ակտիվ կապերի հաստատումը անկախությունից ի վեր հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի գերակա ուղղություններից մեկը: Միայն ակտիվ և նախաձեռնող արտաքին քաղաքականության շնորհիվ հայկական երկրորդ հանրապետությունը կարող է միջազգային տարբեր հարթակներում էլ ավելի մեծացնել իր ճանաչելիությունը և  տարբեր հարցերի հետ կապված սեփական դիրքորոշումներն առավել ընկալելի դարձնել արտաքին աշխարհի համար:

Կարևոր է փաստել, որ արտաքին կապերի հաստատման շնորհիվ, ԼՂՀ-ն ձեռք է բերում նաև հավելյալ անվտանգային երաշխիքներ, քանի որ անհրաժեշտության դեպքում արտերկրում ԼՂՀ գործընկերները դառնալու են Արցախի բնակչությանը սպառնացող վտանգների մասին առաջին բարձրաձայնողները:

Արտաքին քաղաքականության հետևողական զարգացման և ակտիվացման համատեքստում կարևոր է պարբերաբար ամփոփել իրականացված քայլերը` վեր հանելու առկա բացերը և ուրվագծելու հետագա անելիքները: Ստորև կփորձենք ամփոփել 2016 թվականին ԼՂՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրականացված քայլերը՝ դրանք դասակարգելով՝ ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.

  1. ԼՂՀ այցելած օտարերկյա պատվիրակություններ;
  2. ԼՂՀ պաշտոնյաների այցեր արտերկիր և արտերկրում կազմակերպված միջոցառումներ;
  3. ԼՂՀ անկախությունը ճանաչած քաղաքական միավորներ;

ԼՂՀ այցելած օտարերկյա պատվիրակություններ

2016 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելել են շուրջ երկու տասնյակ օտարերկյա պատվիրակություններ: Այցերի ընթացքում  պատվիրակությունների անդամները բարձր մակարդակի հանդիպումներ են ունեցել  ԼՂՀ նախագահի, արտգործնախարարի, ԱԺ նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԼՂՀ այցելած օտարերկյա պատվիրակություների շարքում էին.

1. Պատվիրակություններ միջազգային կառույցների ներկայացուցիչներից (ինչպես օրինակ ներկայացուցիչներ (ԵԱՀԿ-ից, ԵՄ-ից, ԵԽ-ից), որոնց հետ շփման, ինչպես նաև երկկողմ կապերի հաստատման միջոցով, ԼՂՀ տարվա ընթացքում փորձել է իր ձայնը հնարավորինս լսելի դարձնել այդ կառույցներում: Հետագայում միջազգային կառույցներում ԼՂՀ ճանաչելիության էլ ավելի բարձրացնելու համար, թերևս անհրաժեշտ կլինի աշխատել ոչ միայն առկա կապերի ընդլայնման ուղղությամբ: Օրինակ, հետևողական քայլերի միջոցով կարելի է հասնել նրան, որ ԼՂՀ-ն ստանա հնարավորություն  մասնակցելու միջազգային կառույցներում իրեն վերաբերող  թեմաների քննարկմանը:  Սա առավել քան հնարավոր է, առավել ևս երբ կա միջազգային նման փորձ: 

2. Տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ (ինչպես օրինակ պատգամավորներ Հայաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Լատվիայից). այցերի շրջանակներում իրականացված քննարկումները հիմնականում վերաբերել են  խորհրդարանների, հասարակական,  քաղաքական շրջանակների միջև փոխադարձ կապերի զարգացմանն ու խորացմանը:

Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում անհրաժեշտ է կարևորել նաև կուսակցությունների միջև համագործակցությունը: Այս տեսակետից ուշագրավ էր 2016 թվականին Գերմանիայի Die Linke կուսակցության պատվիրակության, ինչպես նաև Եվրոպայի ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության փոխնախագահ և գործադիր տնօրենի այցը ԼՂՀ:  Ապագայում ևս անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը ոչ միայն խորհրդարանականների, այլ նաև կուսակցությունների մակարդակում:

3. Տարբեր երկների տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ (ինչպես, օրինակ, Բելգիայի դաշնային և Բրյուսելի շրջանային խորհրդարանների պատվիրակություն, Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի պատվիրակություն, Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանական պատվիրակություն). այս մակարդակում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում  քննարկվել են երկկողմ կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում (տնտեսական, քաղաքական, մարդասիրական և այլն) համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Կառուցելով արդեն իսկ առկա ձեռքբերումների վրա, ապագայում ևս անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով:  Հետագա համագործակցության խորացմանը կարող է, օրինակ, նպաստել ինչպես համագործակցության ոլորտների ընդլայնումն, այնպես էլ առանձին շրջանների, քաղաքական միավորների հետ համագործակցության օրակարգերի մշակումը: Այդ քաղաքական միավորների հետ համագործակցություն կլինի առավել արդյունավետ, եթե նրանց հետ մշակված օրակարգերում հաշվի առնվեն այդ շրջանների, քաղաքական միավորների առանձնահատկությունները:

II. ԼՂՀ պաշտոնյաների այցեր արտերկիր և արտերկրում կազմակերպված միջոցառումներ

Կարևոր է նկատել, որ ԼՂՀ պաշտոնյաների արտերկիր այցերը չեն սահմանափակվել միայն տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներով: ԼՂՀ ներկայացուցիչները նաև հանդես են եկել դասախոսություններով, մասնակցել կլոր սեղան քննարկումներին (օրինակ, սեպտեմբերի 27 ին Բելգիա այցի շրջանակներում Կարեն Միրզոյանը` որպես հիմնական բանախոս, մասնակցել է Եվրախորհրդարանի շենքում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» խորագրով կլոր սեղան–քննարկմանը):

Բացի այդ, 2016 ընթացքում կազմակերպվել են շուրջ մեկ տասնյակ միջոցառումներ, որոնց ժամանակ արտերկրում ԼՂՀ մշտական  ներկայացուցիչները հանդես են եկել դասախոսություններով: Նման միջոցառումների շարքում են  Թոմաս Ջեֆերսոնի անվան իրավագիտության դպրոցում, Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանում, Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում տեղի ունեցած դասխաոսությունները, Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում տեղի ունեցած կոնֆերանսը, Շվեյցարիայի մամուլի ակումբի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսը և այլն:

Համագործակցությունը տարբեր երկրների համալսարանների, գիտական շրջանակների, ԶԼՄ-ների և քաղհասարաության այլ ներկայացուցիչների հետ նույնպես կարող է նպաստել ԼՂՀ արտաքին քաղաքականության հետագա զարգացմանը և ակտիվացմանը: Այս համատեքստում առաջընթաց գրանցելու համար, ԼՂՀ-ում գործող համալսարանները, ԶԼՄ-ները, ՔՀԿ-ները կարող են նոր երկկողմ կապեր հաստատել և համագործակցել տարբեր երկրներում գործող իրենց գործընկեր կառույցների հետ:

III. ԼՂՀ անկախությունը ճանաչած քաղաքական միավորներ

2016-ին ԼՂՀ արտաքին քաղաքականությունը ամփոփելիս, իհարկե, չենք կարող չանդրադառնալ այս տարի ԼՂՀ անկախությունը ճանաչած նահանգներին և քույր քաղաքներին: Մարտի 3-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հարգելու ու ճանաչելու» մասին H.R. 1580 բանաձևը, իսկ արդեն մարտի 29-ին ԱՄՆ Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց նույնանուն  H.R. 167 բանաձևը:

Ապրիլի 20-ին ԱՄՆ Հավայի նահանգի Հոնոլուլու շրջանի և քաղաքի Խորհուրդը ընդունեց 16-78, CD1 բանաձևը, որով քաջալերում է և սատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շարունակական ջանքերին՝ երաշխավորելու իր քաղաքացիների այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը: Փետրվարի 3-ին Բրազիլիայի Ֆրանկու դա Ռոշա քաղաքի ավագանին միաձայն ընդունեց  որոշում Ստեփանակերտը և Ֆրանկու դա Ռոշան քույր քաղաքներ հռչակելու մասին՝ նրանց միջև բարեկամական կապեր հաստատելու նպատակով։

Բազմիցս նշվել է, որ տարբեր քաղաքական միավորների կողմից ԼՂՀ ճանաչումը չի կարող լինել ինքնանպատակ: Ուստի, անհրաժեշտ է, որ այս ուղղությամբ ԼՂՀ-ն հետագայում իրականացնի ավելի համակարգված արտաքին քաղաքականություն` նրանցից յուրաքանչյուրի հետ մշակելով և ունենալով համագործակցության առանձին օրակարգ:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ վերը նշված բոլոր ուղղություններում 2016 թվականին իրականացվել է որոշակի ակտիվություն, սակայն այն դժվար է բավարար կամ գոհացուցիչ գնահատել: Հետագայում այս ուղղություններով իրականացվող աշխատանքների արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու համար թերևս անհրաժեշտ է, որ դրանք լինեն ավելի համակարգված, հիմնվեն համագործակցության հստակ մեխանիզմների  վրա և ունենան հստակ սահմանված օրակարգ: Նման քայլերից կարող է լինել կուսակցությունների միջև համագործակցության նոր ձևաչափերի հիմնումը, կամ ԼՂՀ անկախությունը ճանաչած առանձին քաղաքական միավորների հետ համագործակցության կարճաժամկետ և երկարաժամկետ օրակարգերի մշակումը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: