ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում․ Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն ամփոփել են 2016 թվականը

Դեկտեմբերի 17-ին Երևանում կայացել է Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա ամփոփիչ նիստը «Հայաստանը ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում. փորձ, նվաճումներ, հեռանկարներ» թեմայով։ Ամփոփվել է 2016 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, նշվել են հիմնական միտումները, ձեռքբերումները և բացվող հնարավորությունները։ Նաև՝ խորհրդաժողովի մասնակիցներն անդրադարձել են 2016 թվականին ՀԱՊԿ անդամ երկրների ռազմա-քաղաքական համագործակցության առանձնահատկություններին։

Եվրասիական փորձագիտական ակումբի ներկայացուցիչ, «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ սա ակումբի արդեն չորրորդ ամենամյա նիստն է։ «Մենք գիտենք ուր ենք գնում և շարունակում ենք եվրասիական ինտեգրման գործընթացի նոր հնարավորություններ բացել»,- ասել է Սաֆարյանը։ Ամփոփելով 2016 թվականը՝ Սաֆարյանը նշել է, որ տարին դժվար էր և բարդ, բայց եղել են նաև մեծ ձեռքբերումներ։

Ողջույնի խոսքով հանդես են եկել Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Տ․Ուրազաևը և Բելառուսի Հանրապետության Արտակարգ և Լիազոր Դեսպան Ի․Նազարուկը, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր Դեսպանի ողջույնի խոսքն է ներկայացրել խորհրդական-բանագնաց Ա․Իվանովը։

Տ․Ուրազաևը համաձայնել է, որ տարին դժվար է եղել արտաքին տնտեսական պատճառներով։ Միևնույն ժամանակ, Ղազախստանի Հանրապետության դեսպանը նշել է, որ Հայաստանն առավել արդյունավետ է եղել իր դրամային քաղաքականության հարցում, ամենաշատը հենց Հայաստանն է մեծացրել իր ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Ղազախստանի հետ։ Ի․Նազարուկը, իր հերթին, նշել է, որ Բելառուսն ու Հայաստանը ավելացրել են ապրանքաշրջանառությունը, իսկ բելառուսական խանութներում հայկական ապրանքներ են հայտնվել։

ՌԴ դեսպանի ուղերձում շատ բարձր են գնահատվել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության արդյունքները, հատուկ շեշտադրում է կատարվել ՀԱՊԿ՝ մինչև 2025 թվականի համար Հավաքական անվտանգության հաստատման Ռազմավարության վրա։

Նիստին զեկույցներով հանդես են եկել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիակա փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը, քաղաքագիտական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Խաչիկ Գալստյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Եվրասիական գիտա-նորարական ցանցի համակարգող, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Կարապետյանը և Քայքայիչ պաշտամունքների զոհերի վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը։

Իր ելույթում Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է 2016 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցությունն ամփոփող որոշ տվյալներ։ Նա նշել է, որ չնայած գործարար ակտիվության աճի տեմպերի դանդաղեցմանը, Հայաստանի տնտեսությունում նկատվում են որոշ դրական միտումներ։ Մասնավորապես, ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում մեծացել են արդյունաբերության, սպասարկման ոլորտի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի աճի տեմպերը։ Նշված ժամանակահատվածում Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է 6,1 տոկոսով, արտահանումը աճել է անցյալ տարված նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով՝ կազմելով 1,4 մլրդ դոլլար, միաժամանակ, ներկրումը կրճատվել է 0,3 տոկոսով։ «Հայաստանը միակ երկիրն է, որը մեծացրել է արտահանումը ԵԱՏՄ շուկա։ Արտահանումը ԵԱՏՄ երկրներ մթերային ոլորտում աճել է 1,6 անգամ, գյուղատնտեսական ապրանքներինը՝1,4 անգամ, տեքստիլի և կոշկեղենի ոլորտում՝ 2,5 անգամ։ Դա ցույց է տալիս, որ Հայաստանը վերականգնում է իր տնտեսությունը։ Այժմ մեծ տեմպերով աճում է արտահանումը։ Բացի այդ, Հայաստանն այն երկիրն է, որտեղ գրանցվել է ՀՆԱ աճի ամենամեծ ցուցանիշը։ 2016թ․ առաջին կիսամյակում՝ 2,8 տոկոս, դա բարձր է ԵԱՏՄ միջին ցուցանիշից»,- ասել է Մանասերյանը։

Աշոտ Թավադյանն, իր հերթին, նշել է, որ 2015թ․-ը նույնպես ապրանքաշրջանառության աճի տարի էր ԵԱՏՄ երկրներում, սակայն 2016-ը նաև կոչված էր հաղթահարել դրա զարգացմանը խոչընդոտող բարդությունները։ Տնտեսագետի խոսքերով դրական գործընթացների վրա ազդում է գազի գնի իջեցումը, ինչը մեծացնում է հայկական ապրանքների մրցունակությունը ԵԱՏՄ շուկայում, մաքսային խոչընդոտների վերացումն ու ազգային արժույթների կայունացումը։ Իր զեկույցում Թավադյանը հատուկ ուշադրություն է դարձրել ԵԱՏՄ ծրագրերի և Մետաքսի ճանապարհի համադրման հնարավորությանը։ «ԵԱՏՄ-ի հետ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու արդյունավետ համադրման համար անհրաժեշտ է բարեփոխել և համաձայնեցնել ԵԱՏՄ երկրների տնտեսական քաղաքական առաջնայնությունները, հստակ սահմանել նպատակները, մշակել տնտեսության զարգացման նոր մոդել և կանխատեսել ակնկալվող արդյունքները»,- ասել է Թավադյանը։ Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ պատկերացնել և գնահատել Մետաքսի ճանապարհին ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի միանալու հնարավորություններն ու արդյունավետությունը։

ԵԱՏՄ անդամ երկրներում արդեն իսկ իրականացվում են ավելի սերտ տնտեսական ինտեգրման հնարավորությունների բացահայտմանն ու առկա պոտենցիալի առավել արդյունավետ օգտագործմանն ուղղված նախագծեր։ Նման ծրագրերից մեկը Եվրասիական գիտա-նորարարական ցանցի ստեղծումն է։ «Ցանցի հիմնական խնդիրներն են բացահայտել այն պոտենցիալը, որը դեռևս չի օգտագործվում ԵԱՏՄ-ում և մշակել առկա խնդիրների լուծման նոր մոտեցումներ, որոնք կապված են եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետ»,- իր ելույթում ասել է Ցանցի համակարգող Աշոտ Կարապետյանը։ Առաջին տարվա ընթացքում արդեն իսկ նախագծի մեջ ներգրավված են 300 ուսանողներ ԵԱՏՄ երկրների 10 բուհերից։ Ծրագրի շրջանակներում ստեղծվում է տվյալների էլեկտրոնային բազա՝ բոլոր ուղղություններով տեղեկատվության փոխանակման և օպտիմալ կոորդինացման համար, որը կարող է օգնել եվրասիական և միջազգային ներդրումների ներգրավմանը։

Նիստի ընթացքում ուշադրություն է հատկացվել նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը։ Խաչիկ Գալստյանն իր զեկույցում նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ շրջանակներում ռազմական և քաղաքական ինտեգրացիայի ամրապնդման ամենաակտիվ կողմնակիցներից մեկն է։ Մասնավորապես, զեկուցողն ամփոփել է հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքները և նշել է, որ ամենակարևորը Հայաստանի համար Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստաթղթի ընդունումն էր, ինչպես նաև ՀԱՊԿ զարգացման ռազմավարության հաստատումը։  «Ամփոփելով ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովի աշխատանքների արդյունքները, կարելի է փաստել, որ ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում կազմակերպությունը նոր խթան է ստացել, Հայաստանին հաջողվել է բալանսավորված, հավասարակշռված քաղաքական գիծ տանել, միաժամանակ բարձրացվել են այն հարցերն ու խնդիրները, որոնք անկեղծ և բազմակողմանի դիտարկման կարիք ունեն»,- ասել է Գալստյանը։ Նա նշել է, որ ռազմաքաղաքական այս բլոկի ներսում քիչ չեն նաև հակասությունները։ «Հայաստանն իրավունք ունի իր գործընկերներից ադեկվատ և կոշտ արձագանք ակնկալել Ադրբեջանի ագրեսիվ քայլերի նկատմամբ։ Բայց այդ հարցում ՀԱՊԿ-ի չափազանց դանդաղ է գործում»,- ընդգծել է Գալստյանը։

Բացի այդ, ամենամյա նիստի ընթացքում Եվրասիական փորձագիտական ակումբին անդամակցության սերտիֆիկատներ հանձնվեցին պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանին և պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանին։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: