ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակաիսրայելական բանաձև ՄԱԿ-ի ԱԽ-ում. ԱՄՆ-ը երե՞ս է թեքել Իսրայելից

AP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախարարությունների ղեկավարներին հրահանգել է առաջիկա երեք շաբաթների ընթացքում չայցելել այն երկրներ, որոնք ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում դեմ են քվեարկել Իսրայելին: Ավելի վաղ Նեթանյահուն Իսրայելի ԱԳՆ էր կանչել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հակաիսրայելական բանաձևի օգտին քվերակած այն երկրների դեսպաններին, որոնց Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի: Խոսքը Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Անգոլայի, Եգիպտոսի, Ուրուգվայի և Իսպանիայի դեսպանների մասին է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է բանաձև՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում` այդ թվում նաև Արևելյան Երուսաղեմում, բնակարանաշինական գործունեությունն անհապաղ դադարեցնելու Իսրայելին ուղղված պահանջով։ Բանաձևում մասնավորապես նշվում է, որ բնակարանաշինական գործունեությունը չունի իրավական ուժ և հանդիսանում է միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, ինչպես նաև լուրջ խոչընդոտ հանդիսանում երկու անկախ պետության ստեղծմամբ հակամարտության կարգավորման համար։ ԱԽ անդամները կոչ են արել երկու կողմերին պայքարել ահաբեկչության և բռնության հրահրման դեմ, ինչպես նաև ընդգծել Մերձավոր Արևելքում համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու միջազգային և տարածաշրջանային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։

Նշենք, որ նման բանաձևի ընդունման նախաձեռնությամբ հանդես է եկել Եգիպտոսը, սակայն բանաձևի նախագիծը քվեարկության է դրվել Նոր Զելանդիայի, Սինգապուրի, Մալազիայի և Վենեսուելայի կողմից: Փաստաթղթին աջակցություն է հայտնել ԱԽ անդամ 14 երկիր, ԱՄՆ-ի պատվիրակությունը ձեռնպահ է մնացել։ Իսրայելում մինչև վերջ հավատում էին, որ ԱՄՆ-ն, ինչպես միշտ, վետո կդնի հակաիսրայելական այս նախաձեռնության վրա, սակայն Թել-Ավիվի հույսերը չարդարացան: Օբամայի վարչակազմում հավատացած են, որ պաղեստիա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացը փակուղում է հայտնվել հենց իսրայելական իշխանությունների անիրավաչափ գործողությունների արդյունքում:

«Դա սպառնում է երկու պետությունների խաղաղ գոյակցմանը։ Այդ ակտիվությունն ուժեղացել է վերջին տարիներին, հատկապես 2011 թվականից հետո, երբ մենք վետո դրեցինք (համանման բանաձևի վրա)», - հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագայի օգնականի տեղակալ Բեն Ռոդսը:

Հիշեցնենք, որ այս ամիս ավելի վաղ Փարիզը հանդես էր եկել պաղեստինա-իսրայելական համակարտության կարգավորման ուղղությամբ միջազգային համաժողով գումարելու նախաձեռնությամբ, սակայն այն չկայացավ: Նեթանյահուն հրաժարվել է մասնակցել դրան՝ պնդելով, որ կարգավորման գործընթացը պետք է լինի երկկողմ՝ պաղեստինա-իսրայելական, այլ ոչ թե միջազգային: Իր հերթին Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը հրաժարվում է երկկողմ հանդիպումներից, քանի դեռ Իսրայելը շարունակում է պաղեստինյան օկուպացված տարածքներում բնակարանաշինությունը:

Նշենք, որ պաղեստինյան իշխանությունները՝ այդ թվում նաև Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորումը ողջունել են այդ բանաձևի ընդունում, որն իր բնույթով աննախադեպ է հակամարտության համար: Ամեն դեպքում դեռևս պարզ չէ, որքանով կնպաստի այն խաղաղ կարգավորման գործընթացի՝ փակուղուց դուրս բերմանը: Թել-Ավիվում արդեն հայտարարել են, որ Իսրայելը չի հետևի բնակարանաշինական գործունեության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևին։ «Իսրայելը մերժում է այդ ամոթալի հակաիսրայելական բանաձևը ՄԱԿ-ում և չի հետևի դրա դրույթներին», - ասվում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանի թվիթերյան հայտարարությունում։ Նշվում է, որ այժմ Իսրայելը սպասում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը՝ նրա և նրա թիմի հետ աշխատելու և ուրբաթ ՄԱԿ ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի վնասը զրոյացնելու համար։ Իսրայելական ընդդիմությունը ընդգծում է, որ նման բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել Օբամայի վարչակազմի հետ Նեթանյահուի մշտական կոնֆլիկտների արդյունքում:

Ավելացնենք, որ հրեական բնակավայրերի խնդիրը Իսրայելի և Պաղեստինի միջև տարաձայնություններ առաջացնող հիմնական հարցերից է: 1967 թվականին Արևմտյան ափի և արևելյան Երուսաղեմի օկուպացիայից հետո Իսրայելը այդտեղ կառուցել է 140 հրեական բնակավայր, որտեղ բնակվում է մոտ կես միլիոն հրեա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: