ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Իսլամական համերաշխության» տարի Ադրբեջանում՝ ուղղված Հայաստանի և Արցախի դեմ

Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է «իսլամական համերաշխության» գաղափարը ծառայեցնել բացառապես իր սեփական շահերին: Այս տեսանկյունից Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի ջանքերն ուղղվում են, մասնավորապես, Հայաստանի և Արցախի դեմ: Ղարաբաղյան հակամարտությունն իսլամական ամենատարբեր կազմակերպություններում քննարկման թեմա դարձնելու և հակահայկական հայտարարություններ կորզելու թուրք-ադրբեջանական ջանքերը չեն դադարում:

Ավելին, Ադրբեջանն այս դաշտում գործելու նոր հնարավորություն է ստեղծել իր համար: 2017 թվականն Ադրբեջանում հայտարարվել է «իսլամական համերաշխության» տարի: Եվ այս առիթով Ադրբեջանում միջոցառումների մի ամբողջ ծրագիր է մշակվել, որոնք, սակայն, ամենևին էլ չեն ծառայում «իսլամական համերաշխության» իրական գաղափարներին, այլ ուղղվում են իսլամական աշխարհում հակահայկական տրամադրությունների տարածմանը: Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս Բաքվի կողմից «իսլամական համերաշխության» քողի ներքո իրականացվող ցանկացած միջոցառում վերածվում է Ղարաբաղյան հակամարտության և Խոջալուի «դեպքերի» քննարկման հարթակի: Ավելին, արվում է հնարավոր ամեն ինչ միջոցառումների արդյունքում հակահայկական որևէ հայտարարություն կամ բանաձև ստանալու համար:

Արդյունքում՝ ականատես ենք լինում, օրինակ, Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) շրջանակներում Ղարաբաղի հարցով Կոնտակտային խմբի ստեղծմանը, կամ նույն կազմակերպության գլխավոր քարտուղարը պահանջում է «դադարեցնել ադրբեջանական տարածքների օկուպացիան և վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

 Մայիսին նախատեսվում է Բաքվում անցկացնել IV Իսլամական խաղերը, որին մասնակցելու նպատակով Ադրբեջան են ժամանելու մոտ 50 երկրների պատվիրակություններ: Արդեն վստահությամբ կարելի է պնդել, որ այդ խաղերը կվերածվեն հերթական հարթակի՝ իսլամական աշխարհին ադրբեջանական «խնդիրներին» ծանոթացնելու և հակահայկական հայտարարություններ հնչեցնելու համար:

Հայտարարելով, որ «իսլամական համերաշխությունը ժամանակի հրամայականն է»՝ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և Հայաստանին հակազդելու անհրաժեշտությունը ներկայացնել որպես «իսլամական ումմայի առաջնահերթ շահերից բխող խնդիր»: Բաքուն փորձում է համոզել մուսուլմանական երկրներին, որ նրանք պարտավոր են միավորվել ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հանուն «իսլամական համերաշխության»՝ մինչդեռ ինքն է ամենից հաճախ դավաճանում այդ նույն իսլամական համերաշխության գաղափարները՝ այդ թվում ռազմավարական սերտ համագործակցություն հաստատելով Իսրայելի հետ

Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններին տեղյալ լինելուն զուգահեռ պետք է գիտակցել ծայրահեղությունների մեջ չընկնելու անհրաժեշտությունը: Մի կողմից, պետք է խուսափել եզրակացություններից այն մասին, որ գործընթացն այնքան հեռու է գնացել, որ ոչինչ անել հնարավոր չէ: Մյուս կողմից, անկարելի է արհամարհել գործընթացն ու ոչինչ չձեռնարկել: Թուրք-ադրբեջանական ջանքերը տապալելու լավագույն ճանապարհը իսլամական երկրների հետ մեր հարաբերությունների խորացումն է: Իսկ իսլամական երկրների հետ Հայաստանի սերտ համագործակցության օրինակները բազմաթիվ են՝ ավանդական հարաբերություններից (Իրան, Սիրիա, Եգիպտոս, Լիբանան և այլն) մինչև նոր զարգացող ուղղություններ (օրինակ, Արաբական Միացյալ Էմիրություններ):

Հետևաբար, մեր խնդիրն է մշտական զգոնություն պահպանելով՝ խնդիրը մշտապես պահել նաև մեր գործընկերների ուշադրություն կենտրոնում՝ բարձրաձայնելով Ադրբեջանի հետապնդած իրական նպատակների մասին: Եվ պետք է փաստել, որ այս հարցում Հայաստանի մոտեցումն ավելի քան ընկալելի մուսուլմանական երկրների համար: Խոսքն, իհարկե, Ջիբութիի նման երկրների մասին չէ, որոնք ադրբեջանական գումարների հաշվին պատրաստ են ստորագրել ցանկացած փաստաթղթի տակ (թեև՝ ավելի լավ է ադրբեջանական գումարները հենց այստեղ ծախսվեն, այլ ոչ թե զինամթերքի ձեռքբերման վրա):

Ի վերջո, եթե հնարավոր է կոնսոլիդացվել կրոնական հիմքի վրա, ապա հարց է առաջանում. արդյոք օբյեկտի՞վ է, որ Հայաստանը միայնակ պաշտպանվի սրանից…

Գլխավորն այն է, որ Հայաստանն ու Արցախը երբեք քայլեր չեն ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությունը կրոնական համատեքստում դիտարկելու համար՝ քաջ գիտակցելով, որ սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: