ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ-ն տարածաշրջանային և գլոբալ գործընթացների համատեքստում

Մարտի 24-ին «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում անցկացվել է կլոր սեղան-քննարկում «ԵԱՏՄ-ն որպես ինքնիշխան պետությունների միություն. կառավարման մարմինները, զարգացման փուլերն ու հեռանկարները» թեմայով: Քննարկվել են ԵԱՏՄ զարգացման միտումները, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող շահերը, միության անդամ երկրների իրավական դաշտերի համաձայնեցման հարցերը և այլն:

Զեկույցներով հանդես են եկել տնտեսական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թևիկյանը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գրիգոր Բալասանյանը, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Մարութ Վարդազարյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը և «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը: Կլոր սեղանի կազմակերպիչներն են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբը և ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը:

Գագիկ Հարությունյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ վերջին շրջանում շատ է խոսվում եվրասիական ինտեգրմանը հնարավոր այլընտրանքների մասին: «Այլընտրանքներ միշտ էլ կան, բայց հարցը նրանում է, թե դրանք որքանով են մեզ համար շահեկան»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով, որ կարևոր է մանրամասն ծանոթ լինել ԵԱՏՄ-ին, նախքան այլընտրանքների մասին խոսելը:

Արամ Սաֆարյանն, իր հերթին, դիմել է կլոր սեղանին ներկա ուսանողներին, մագիստրոսներին և ասպիրանտներին՝ ընդգծելով, որ նման միջոցառումները շատ լավ հնարավորություն են՝ ծանոթանալու ընթացող քաղաքական գործընթացներին վերաբերյալ գիտական-փորձագիտական գնահատականներին:

Իր զեկույցում Աշոտ Թևիկյանը ներկայացրել է ԵԱՏՄ հիմնական մարմինները, դրանց գործառույթներն ու նշանակությունը: «Միության մարմինները գործում են այն լիազորությունների շրջանակներում, որոնք սահմանվել են ԵԱՏՄ վերաբերյալ համաձայնագրով և Միության շրջանակներում գործող միջազգային պայմանագրերով: Նախագահությունը Գերագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովում փոխանցվում է ռոտացիոն կարգով՝ ըստ ռուսական այբբենական կարգի, մեկ տարի ժամկետով, առանց լիազորությունների երկարաձգման հնարավորության»,- ասել է Թևիկյանը:

Խոսելով ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո դրա անդամների իրավական համակարգերում կատարվող փոփոխությունների մասին՝ Գրիգոր Բալասանյանը նշել է, որ տնտեսական ինտեգրումը պարտադիր կերպով ենթադրում է նաև իրավական հիմքերի մերձեցում: «Ճիշտ ժամանակին նոր, եվրասիական իրավական դաշտի ձևավորումը, որը պաշտպանում է միջազգային իրավունքի այն նորմերից, որոնք հակասությունների մեջ են մտնում ազգային իրավական համակարգերի հետ, ապացուցեց իր կարևորությունը ՌԴ նկատմամբ ստեղծված իրավիճակում: Ռուսաստանն ու ԱՊՀ և ԵԱՏՄ իր գործընկերները, հանդես եկան, որպես միջազգային իրավունքի ինքնաբավ և բավական կայուն  սուբյեկտներ, իսկ եվրասիական տնտեսությունը՝ իրավականորեն բավական պաշտպանված պատժամիջոցներից և այլ ճնշման միջոցներից»,- ասել է Բալասանյանը: Նա ընդգծել է, որ արդյունավետ ինտեգրացիայի համար անհրաժեշտ է իրավական հիմք, որը երեք փոխլրացնող բաղադրիչներից է բաղկացած՝ ազգային իրավական դաշտ, որը համաձայնաեցված է ինտեգրացիոն միավորի իրավական ակտերի հետ, որոնք կազմում են երկրորդ բաղադրիչը, և տարածաշրջանային իրավական համակարգի համաձայնեցում գլոբալ համակարգի հետ՝ տնտեսական և առևտրային հարաբերությունների կարգավորման համար:

Խոսելով եվրասիական ինտեգրման քաղաքական բաղկացուցիչի մասին՝ Մարութ Վարդազարյանը նշել է, որ եվրասիական ինտեգրման գործընթացն արդի մարտահրավերներին արդյունավետ կերպով պատասխանելու փորձ է: «Եվրասիական ինտեգրումը, լինելով տնտեսական գործընթաց, սերտորեն առնչվում է անվտանգությանը»,- նշել է Վարդազարյանը: Նա նաև հավելել է. «Ինտեգրացիոն ծրագրերի իրագործումը կարող է հաջողված լինել միայն այն դեպքում, եթե անդամ երկրների տնտեսական և քաղաքական հակասություններն արդյունավետ կերպով համատեղվում են: Ինտեգրացիոն գործընթացների համար սկզբունքային դեր է խաղում միասնական քաղաքականության իրականացումը ճգնաժամերի առաջացման պարագայում, ինչը ենթադրում է միության անդամ երկրների միանման արձագանք մակրոտնտեսական գործընթացներին: Նաև հարկավոր է նշել անվտանգության առաջնահերթությունն ինտեգրացիոն ծրագրերի իրականացման հարցում: Տնտեսական առումով նույնիսկ ամենաձեռնտու ինտեգրացիոն նախագիծը չի կարող իրականացվել ի վնաս անվտանգային շահերի»:

Ամփոփելով կլոր սեղանի արդյունքները՝ Աշոտ Թավադյանը խոսել է գլոբալ և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների և դրանց տնտեսական բաղադրիչի մասին: «Գլոբալիզացիան և տարածաշրջանային ինտեգրացիան կարող են տնտեսական աճի արագ տեմպերի հասնելու գործիքներ ծառայել՝ կախված ընտրված մեխանիզմներից և գործոններից: Գլոբալիզացիան ընդլայնում է ներմուծման-արտահանման գործարքների, տեխնոլոգիաների փոխանակման հնարավորությունները: Միաժամանակ, տարածաշրջանային տնտեսությունը, օրինակ, տրանսպորտային ծախսերի կրճատման և շուկայի սուբյեկտների փոխգործակցության օպտիմիզացիայի տարբեր ուղիների շնորհիվ կարող է տնտեսական աճին նպաստող արդյունքներ ապահովել»,- նշել է Թավադյանը:

Փորձագետը կարծիք է հայտնել, որ Եվրասիայի տարածքում ռեգիոնալիզացիան ավելի ադեկվատ տնտեսական քաղաքականություն է դառնում, քան գլոբալիզացիան: «Միասնական տարածաշրջանային տնտեսության ձևավորումը ենթադրում է ոչ միայն միասնական կառավարման մարմինների ձևավորում և եվրասիական ինտեգրացիայի մասնակից երկրների գործողությունների կոորդինացում, այլև բոլոր ազգային տնտեսությունների տեղափոխում նոր ուղու վրա՝ դրանց վերակողմնորոշում դեպի ներքին եվրասիական շուկա»,- ամփոփել է Թավադյանը:

Փորձագետները համակարծիք են եղել, որ մեծ նշանակություն ունի նաև ինտեգրացիոն միությունների փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, և Հայաստանի որդեգրած ինտեգրացիոն գործընթացների համադրման քաղաքականությունը կարող է իրական արդյունքներ ապահովել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: