ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խորհրդարանական ընտրություններում հաղթեց «և-և»-ի քաղաքականությունը

Ապրիլի 2-ի քվեարկության արդյունքում ՀՀ նորընտիր խորհրդարանում ներկայացված կլինեն չորս քաղաքական ուժեր: Եթե դիտարկենք ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ այս քաղաքական ուժերի մոտեցումները, ապա կարող ենք արձանագրել, որ ընտրություններում հաղթեց երկու ինտեգրացիոն վեկտորների համադրման, կամ այսպես կոչված, «և՛-և՛»-ի մոտեցումը:

Հասկանալի է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները պայմանավորված չեն զուտ և առաջին հերթին արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներով, և քաղաքացիների ընտրության վրա ազդեցություն են ունենում օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք գործոններ: Սակայն, երկրի ապագա արտաքին քաղաքական կուրսը պայմանավորվում է խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մոտեցումներով: Դա հատկապես արդիական է դառնում, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանը գործելու է արդեն նոր՝ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում. հետևաբար, հենց խորհրդարանական ուժերն են թելադրելու երկրի արտաքին քաղաքական կուրսը:

Եվ այսպես, խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերից առնվազն երեքը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը», Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նախընտրական շրջանում կարևորել են և´ եվրաինտեգրման գործընթացը, և´ եվրասիական ինտեգրումը: Առավել ընդգծված արևմտամետ է համարվում «Ելք» դաշինքը, որն իր  նախընտրական ծրագրում ընդգծում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության սխալ լինելը, բայց միաժամանակ չի դնում միություն դուրս գալու պահանջ՝ ի տարբերություն խորհրդարան չանցած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:

Խորհրդարանում ամենաշատ մանդատներն ունենալու են իշխող ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը՝ համապատասխանաբար 58 և 31 մանդատ: Այս երկու քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում կարևորում են երկու ինտեգրացիոն գործընթացների համադրումն ու համատեղումը:

Մասնավորապես, ՀՀԿ իշխանության ժամանակ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին՝ դրա հետ մեկտեղ ակտիվ աշխատելով եվրոպական կողմի հետ և հասնելով ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի նախաստորագրմանը: Կուսակցության նախընտրական ծրագրում կարևորվում է ՀՀ-ՌԴ ռազմավարական հարաբերությունների խորացումը, «նոր մակարդակի բարձրացնելու» նպատակը: Ընդգծվում է, որ «Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր երկրի տնտեսական զարգացման համար: Այդ առումով օժանդակելու ենք մեր գործարարներին Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու համար»: Միաժամանակ, կուսակցությունը կարևորում է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը թե´ ՀՀ-ԵՄ մակարդակով, թե´ եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու ճանապարհով: «Մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին առանցքային է Եվրոպական միության հետ համագործակցությունը։ Շարունակելու ենք խորացնել ԵՄ-ի հետ մեր փոխգործակցությունը՝ շուտով հաջողությամբ ավարտելով բանակցությունները նոր իրավական շրջանակի շուրջ: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, եվրոպական մյուս երկրների հետ՝ հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա»,- ասված է ծրագրում:

 Նորընտիր խորհրդարանում երկրորդ խոշոր ուժը լինելու է «Ծառուկյան» դաշինքը, որը ձևավորվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմքի վրա, իսկ վերջինս մշտապես կարևորել է թե´ Ռուսաստանի, թե´ Եվրոպայի հետ համագործակցությունը: Եվ այժմ էլ, ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրում նշվում է «հայ-ռուսական գործընկերային հարաբերությունների զարգացման և խորացման» անհրաժեշտությունը, կարևորվում է մասնակցությունը ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Միաժամանակ, առաջարկվում է «շարունակել կառուցողական մասնակցություն ունենալ եվրաինտեգրման գործընթացներին», կարևորվում է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Խորհրդարանում ներկայացված երրորդ քաղաքական ուժը՝ «Ելք» դաշինքն է, որն իրեն դրսևորում է որպես առավել արևմտամետ քաղաքական ուժ: Վերջինս սխալ է համարում անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ ընդգծելով «Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության, տնտեսական և քաղաքական բնականոն զարգացման, Արցախի հարցի արդարացի կարգավորման համար» առկա ռիսկերը և կարևորում է այդ ռիսկերի կառավարումը: Միաժամանակ առաջարկում է  բանակցություններ սկսել ՀԱՊԿ շրջանակներում՝ «անդամ երկրների` միմյանց անվտանգության ապահովման դաշնակցային պարտավորությունների հստակեցման շուրջ»: Դաշինքը կարևորում է նաև ԵՄ-ի հետ հարաբերությունների առավել խորը և հավակնոտ իրավական դաշտի ձևավորումը:

 Եվ վերջապես չորրորդ ուժը խորհրդարանում լինելու է ՀՅԴ-ն, որն ավանդական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է՝ նվիրված «Հայ դատի» առաջմղմանը: ՀՅԴ-ն այսօր ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ է և գտնում է, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին ճիշտ որոշում էր: Կուսակցության նախընտրական ծրագրում նախապատվություն չի տրվում ինտեգրացիոն երկու վերկտորներից և ոչ մեկին, նշվում է, որ. «Հայաստանը պետք է վարի անկախ արտաքին քաղաքականություն՝ հիմնված բացառապես ազգային շահի և պետության հեռանկարային ռազմավարական զարգացման տեսլականի վրա: Մենք ամերիկամետ, ռուսամետ, եվրոպամետ չենք, մենք հայամետ և հայաստանակենտրոն ենք»:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից առնվազն երկուսը հստակ ընդգծում են և´ ԵԱՏՄ-ում ակտիվ մասնակցության, և´ ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման կարևորությունը: Մյուս երկու ուժերից ՀՅԴ-ն ևս աջակցում է «և´-և´»-ի քաղաքականությանը, քանի որ վերջինս այս պահին առավելագույնս բխում է ՀՀ շահերից: Իսկ «Ելք» դաշինքն, ամենայն հավանականությամբ, քննադատաբար է հանդես գալու եվրասիական ինտեգրման գործընթացների հանդեպ՝ մանտացույց անելով այդ հարաբերություններում առկա բացերն ու պահանջելով քայլեր ձեռնարկել դրանք հաղթահարելու ուղղությամբ, ինչն, իր հերթին, կարող է նպաստ բերել գործընթացի առողջացմանը:

Այսպիսով, կարելի է ակնկալել, որ ինտեգրացիոն գործընթացների հարցում Հայաստանի որդեգրած «և´-և´»-ի քաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի, և Հայաստանի հետևողականորեն ջանքեր գործադրի ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերությունների զարգացման, ԵԱՏՄ և ՀԱՊԿ ներքո Հայաստանի մասնակցության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններն առաջիկայում ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի հիմքի վրա զարգացման ուղղությամբ:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 22%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: