ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հետընտրական Հայաստան. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում տարվող քաղաքականությունը գլոբալ փոփոխություններ չի կրի

Reuters

Ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրություններին մասնակցած 5 կուսակցություններից և 4 դաշինքներից խորհրդարանում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ), և երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը և «Ելք» դաշինքը։ ՀՀԿ-ն քվեարկության արդյունքներով նորընտիր խորհրդարանում կունենա 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք» դաշինքը՝ 9, ՀՅԴ-ն՝ 7 մանդատ։ Հենց այս ուժերն են առաջիկա տարիներին խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում թելադրելու Հայաստանի արտաքին քաղաքական կուրսը:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների շարքում առաջնային նշանակություն ունի Ղարաբաղյան հիմնահարցը, ինչն էլ, ըստ էության, դարձավ նախընտրական դիսկուրսի եթե ոչ գլխավոր, ապա առանցքային թեմաներից մեկը:

Հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է շարժվելու Հայաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ դիտարկենք խորհրդարան անցած ուժերի մոտեցումներն՝ ըստ նախընտրական ծրագրերում ներկայացված դրույթների:

Մասնավորապես, Ղարաբաղյան հակամարտության հարցում առանձնացող մոտեցում ունի ՀՅԴ-ն: Կուսակցությունը գտնում է, որ «չկա առանձին Արցախի հարց, Արցախը հայկական հարցի, Հայ Դատի անբաժան մաս է»: ՀՅԴ-ն կարծում է, որ «Արցախը պետք է վերամիավորվի Մայր Հայաստանի հետ, իսկ Արցախի անկախությունը մարտավարական նշանակություն ունեցող ժամանակավոր լուծում է»: Հետևաբար, կուսակցությունն առաջարկում է «ամրապնդել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական համագործակցությունը» և «ջանքեր գործադրել Արցախն իր ապագային վերաբերվող բանակցություններում որպես լիիրավ կողմ ներգրավելու համար»:

Բավական առանձնացող մոտեցում ունի նաև «Ելք» դաշինքը, որը «որպես Արցախի հարցի կարգավորման թիվ 1 անելիք»` դիտարկում է միջոցների ձեռնարկումը «Հայաստան-Ադրբեջան ռազմական հավասարակշռության վերականգնման համար»: Դաշինքը նաև բացառում է Արցախի հարցում փոխզիջման հնարավորությունը «Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության, ագրեսիվ քաղաքականության պայմաններում»՝ հստակ ընդգծելով, որ «որևէ փոխզիջումային տարբերակի արդյունավետ քննարկման պայման է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու Ադրբեջանի հստակ պատրաստակամությունը»:

«Ծառուկյան» դաշինքն ամրագրում է, որ Ղարաբաղյան հակամարտության «կարգավորման գործընթացի վերջնական նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է»: Դաշինքը գտնում է, որ «Ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցային ճանապարհով՝ փոխհամաձայնության և փոխզիջումների հիման վրա»։ Դաշինքը կարևորում է նաև հակամարտության կարգավորման գործընթացում ԼՂՀ մասնակցությունը՝ նշելով, որ «առանց ԼՂՀ մասնակցության նրա ճակատագիրը չի կարող որոշվել»:

ՀՀԿ-ի նպատակն է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակչության կողմից»: Կուսակցությունը աջակցում է «արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին»: Կարևորվում է նաև «կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Արցախի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու» հարցը: Միևնույն ժամանակ ընդգծվում է «Արցախի քաղաքական և տնտեսական զարգացմանը» բազմակողմանի աջակցության շարունակականության անհրաժեշտությունը:

Ընտրությունների արդյունքներն, ըստ էության, ցույց տվեցին հանրային արձագանքը այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հարցում ուժերի որդեգրած մոտեցումներին:  Մասնավորապես, ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության հարցում իր դիրքորոշմամբ առանձնացող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի մոտեցումներն ընդունելի չեն հասարակության մեծամասնության համար:

Ամփոփելով նշենք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխող ՀՀԿ-ն կայուն մեծամասնություն է ձևավորելու խորհրդարանում՝ գլոբալ փոփոխություններ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում սպասել չի կարելի: Իհարկե, կարող են լինել ելևէջային փոփոխություններ, որոնք, որոշ առումով, մոտեցումների կոշտացման միտումներ են ցույց տալիս: Ինչ վերաբերվում է խորհրդարան անցած մյուս 3 ուժերի մոտեցումներում առկա տարբերություններին, ապա դրանք, բնականաբար, կդրսևորվեն խորհրդարանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող ցանկացած հարցի քննարկման ժամանակ, բայց որոշումների ընդունման գործընթացի վրա որոշիչ ազդեցություն ունենալ չեն կարող:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    08.10.2024
       
    09.10.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: