ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեր մայրերը զգուշացնում էին, որ փողոցում հայերեն չխոսենք. Թուրքիայում բնակվող հայ

 «Արմեդիա» ՏՎԳ զրուցել է Թուրքիայում բնակվող հայ, ուսուցիչ Արաս Սարիչօպանի հետ: Զրույցի ժամանակ վերջինս հակիրճ ներկայացրել է իրենց ընտանիքի պատմությունը, անդրադարձել այն խնդիրներին, որոնց այսօր առնչվում են Թուրքիայում բնակվող հայերը: Ստորև ներկայացնում ենք Արաս Սարիչօպանի պատմությունը:

Ես ծնվել եմ Ստամբուլում, մասնագիտությամբ ուսուցիչ եմ և այժմ հայկական դպրոցում դասավանդում եմ հայոց լեզու, գրականություն և կրոնագիտություն: Ընտանիքիս պատմությունը միայն որոշ չափով գիտեմ, հայրական կողմի պատմությունը՝ ավելի լավ, քան մայրական կողմինը: Մինչ աքսորը հայրական տատիկիս հորը ստիպելով տանում են աշխատանքային գաղութ (այդ ժամանակ բոլոր փոքրամասնություններին, ովքեր չէին կարողանում այսպես կոչված ունևորության տուրք վճարել, ուղարկում էին աշխատանքային գաղութներ), որտեղից նա հիվանդ է վերադառնում և կարճ ժամանակ անց մահանում է: Աքսորի ժամանակ տատս որբանում է, և նրան տանում են Եթովպիայի որբանոց, որտեղ տատիս տատը հետագայում կարողանում է նրան գտնել:

15 տարի առաջ, երբ ես դեռ ավագ դպրոցում էի սովորում, մեզ համար շատ ավելի դժվար էր մեր պատմության մասին խոսել: Ուսուցիչները խոսում էին ցածր ձայնով, որ հանկարծ շրջապատում ոչ ոք չլսի: Այդ թեմայով անգամ ընտանիքներում էր դժվար խոսել: Թեպետ յուրաքանչյուր ծնող իր երեխային փոխանցում էր իրենց ընտանիքի պատմությունը, նրանք միշտ վախենում էին, որ հանկարծ իրենց երեխաներն ընկերների հետ այդ մասին ազատ չխոսեն և դրանով ընտանիքին չվնասեն:

Ուսանողական տարիներին և ավարտելուց հետո ես ինքս, տարբեր աղբյուրներից կարդալով կամ ճանապարհորդելով, փորձել եմ տեղեկանալ մեր պատմության մասին, քանի որ մեզ այդ մասին չեն պատմել ո՛չ դպրոցում, ո՛չ էլ համալսարանում:

Այսօր, սակայն, այդ թեմայով կարող ենք ավելի բացահայտ խոսել: Ինքս, ուսուցիչ լինելով և դասավանդելով այն նույն վարժարանում, որտեղ ուսանել եմ, տեսնում եմ, որ այժմ իմ սաներն ավելի ազատ են հարցեր տալիս, իսկ ես ավելի ազատ եմ նրանց տված իմ պատասխաններում:

Թեպետ մենք այսօր ավելի ազատ և համարձակ ենք խոսում մեր պատմության մասին, սակայն պետք է նշեմ, որ վերջին երկու տարիների ընթացքում մեր հույսերն ի դերև ելան: Մենք այսօր հաշտեցման հետ կապված մեծ հույսեր չունենք, քանի որ հայերի դեմ թշնամական քարոզչությունը մեծ է թուրք ժողովրդի ազգայնամոլ հատվածի շրջանակներում, ինչպես նաև պետական համակարգում:

Հիշում եմ՝ մեր մայրերը, տատերն ինչպես էին մեզ զգուշացնում, որ փողոցում հայերեն չխոսենք: Թեպետ այսօր վախերն այդքան մեծ չեն, սակայն մենք լավատես չենք ապագայի հանդեպ, քանի որ ունենք մտահոգություն, որ ապագայում վիճակն ավելի կվատանա: Մենք ունենք վախեր, որ ապագայում մեր դեմ կիրականացվեն նույն հալածանքները, որոնք անցյալում իրականացվեցին հայերի, հույների դեմ: Պատճառն այն է, որ թեպետ ներկայումս մեր դեմ ուղղակի ֆիզիկական հալածանքներ չեն իրականացվում, այնուամենայնիվ խոսքի մեջ շատ են սպառնալիքները:

Այսօր Թուրքիայում, եթե չխոսենք մեր անցյալից կամ չբարձրաձայնենք մեր իրավունքների մասին, կարող ենք ուրախ ապրել: Անշուշտ կան հարցեր, որոնք լուծվում են: Օրինակ՝ Պոլսում (թուրքերեն՝ Istanbul) եղան հայապատկան և այլ փոքրամասնությունների պատկանող պետականացված, բռնագրավված կալվածքներ, որոնք վերադարձվեցին:

Սակայն փոքրամասնությունների հետ կապված այլ խնդիրներ շարունակում են չլուծված մնալ: Օրինակ՝ Թուրքիայում չկա որևէ օրենք, որ կպահպաներ փոքրամասնությունների դպրոցները: Ես, լինելով ուսուցիչ ազգային դպրոցում, սեփական աչքերով եմ տեսնում՝ ինչ դժվարությամբ է մեզ հաջողվում հավասարակշռել տարեկան բյուջեն: Տարիներ են լինում, որ անգամ չի էլ հաջողվում, քանի որ մեր հաստատությունը բարեգործական է, և մենք չենք կարող ուսանողներից դրամ գանձել: Սակայն մենք ստիպված ենք գոյատևել և մրցել Թուրքիայում գործող այլ ոչ հայկական կրթական հաստատությունների հետ, որպեսզի հայ երեխաները հայկական կրթություն ստանալու հնարավորություն ունենան և հայեցի դաստիարակություն ստանան:

Թուրքիայում հասարակ ժողովրդի մեջ համատարած է հայերի դեմ բացասական, կանխակալ կարծիքը: Եթե այն Պոլսո մեջ այդքան զգալի չէ, ապա Պոլսից դուրս հայերն առանց հալածվելու, ճնշում զգալու չեն կարող ապրել: Հայերի հանդեպ նման ժխտական նախապաշարմունքները չեն կարող փոխվել, երբ թուրքերն իրենց պատմությունից սովորում են, որ ոչ թե իրենք են հայերին հալածել, այլ հայերն են իրենց հալածել:

Թուրքիայում ապրող հայերը, լինելով կրոնական և ազգային փոքրամասնություններ, բախվում են կրկնակի խոչընդոտների: Երկիրն արդեն խնդիրներ ունի մարդու իրավունքների, խոսքի ազատության հետ կապված, որոնք մեզ համար՝ որպես հայերի, կրկնապատկվում են: Եթե թուրքը և հայը միևնույն խնդիրն ունենան, և երկուսն էլ դրա մասին բարձրաձայնեն, թե՛ թուրքը և թե՛ հայը կհալածվի, սակայն հայի հալածանքներն իր ազգային պատկանելության պատճառով կրկնակի կլինեն: Բացի այդ՝ մեր՝ հայերիս՝ պետական պաշտոնյա դառնալու հավանականությունը շատ ցածր է: Թեպետ հայերը կարողանում են որպես ուսուցիչներ աշխատել պետական դպրոցներում, իրենց այնտեղ շատ ճնշված են զգում, քանի որ չեն կարողանում ճշմարտությունը բարձրաձայնել:

Մեր դպրոցի աշխատակազմը մեծամասնությամբ կազմված է հայերից, սակայն իհարկե կան պետության կողմից ուղարկված պատմության, աշխարհագրության, թուրքերենի և այլ ուսուցիչներ, ովքեր, բարեբախտաբար, քիչ թե շատ գիտեն ճշմարտությունը:

Ապագայի հետ կապված՝ պետք է նշեմ, որ ինքս այս հարցում բավական հոռետես եմ: Երկիրը հետզհետե կարծես վերածվում է ինքնակալության: Ապագայում մենք ավելի ժողովրդավար չենք դառնա, իսկ մեր ազատություններն աստիճանաբար ավելի կսահմանափակվեն:

Ինչ վերաբերում է հայերի և թուրքերի հաշտեցմանը, ապա դա կարող է լինել, եթե Թուրքիայում փոփոխվի կրթական համակարգը, դադարեցվի դասագրքերով և այլ միջոցներով քարոզչությունը, որը խոչընդոտ է հաշտեցման համար: Բացի այդ՝ ժողովուրդը պետք է դաստիարակվի այնպես, որ դառնա ավելի խղճմիտ: Եղբայրության քարոզչությունը պետք է կատարվի պետական մակարդակով, որպեսզի ավելի համոզիչ լինի:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: