ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրասիական տարածքը Եվրոպայի և Չինաստանի միջև սովորական կամուրջ չէ, այլ ինքնաբավ տարածաշրջան

Մայիսի 17-ին Երևանի պետական համալսարանում կայացել է համաժողով «Եվրասիական ինտեգրումը Ռուսաստանի և Հայաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով: Ամփոփվել են ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար եվրասիական ինտեգրման վերաբերյալ պիլոտային դասընթացի ներդրման արդյունքները:

Ծրագրի հեղինակներն են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբն ու ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամը:

Ինչպես նշել է դասընթացի հեղինակներից մեկը՝ ԵԱՏՄ ինստիտուտի տնօերն Վլադիմիր Լեպեխինը, «Եվրասիական ինտեգրումը միայն տնտեսական ոլորտում միավորում չէ, այն վերաբերում է նաև մշակույթին, քաղաքականությանը, տեղեկատվությանը և այլն: Այդ ամենը մենք փորձել ենք ամփոփել 12 դասախոսություններում»: Դասախոսությունների շարքը ներկայացվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, որը որոշում կկայացնի հետագայում հայկական բուհերում այդ առարկան պարտադիր կամ ֆակուլտատիվ կերպով ներմուծելու նպատակահարմարության վերաբերյալ: Դասընթացը մշակվել է հայ-ռուսական համատեղ խմբի կողմից,  ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի աջակցությամբ: Այն առաջին անգամ ներդրվել է Հայաստանում, և հաջողության պարագայում կարող է ներդրվել ԵԱՏՄ նաև այլ անդամ, ինչպես նաև եվրասիական ինտեգրման գործընթացներով հետաքրքրվող այլ գործընկեր երկրներում:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ այդ դասախոսությունների հիման վրա մշակված ձեռնարկը մեծ հաջողություն է ունեցել և տարածում է ստացել նաև Հայաստանի սահմաններից դուրս: «Ժողովածուն կազմվել է ճկուն մոդուլների սկզբունքով, որոնք հնարավորություն են ընձեռում թարմացնել և խորացնել եվրասիական ինտեգրման վերաբերյալ տրվող գիտելիքները, որոնք ներառված են դասընթացում»,- նշել է Սաֆարյանը: Նա ընդգծել է դասընթացի կարևորությունն ու արդյունավետությունը նաև երիտասարդ մասնագետների ու լրագրողների համար, որոնք ներգրավվել են ծրագրում՝ մասնակցելով «Նորավաք» գիտակրթական համալիրում անցկացվող կլոր սեղան քննարկումներին: «Ամենակարևորը՝ այս դասընթացով մենք ցանկանում ենք ընդգծել, որ եվրասիական ինտեգրումը տնտեսական գործընթաց է, որի նպատակն է ձևավորել մեկ միասնական տնտեսական տարածք։ Միաժամանակ, մենք ցանկանում ենք ցույց տալ, որ եթե հետխորհրդային երկրների միջև չլինի քաղաքակրթական ընդհանրություն, ոչ մի ինտեգրացիոն գործընթաց հաջողություն արձանագրել չի կարող։ Մեր նպատակն է բացատրել ուսանողներին, որ եվրասիական տարածքը սովորական կամուրջ չէ Եվրոպայի և Չինաստանի միջև, այլ ինքնաբավ տարածաշրջան է, որն ունի քաղաքակրթական արժեքներ, որոնց համար արժե պայքարել»,- նշել է Սաֆարյանը։

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել ԵԱՏՄ ինստիտուտի տնօերն, ՌԴ Գիտությունների ակադեմիայի եվրասիական հարցերով գիտական խորհրդի անդամ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպեխինը, տնտեսական և ֆինանսական անկախ փորձագետ Իվան Անիսիմովը և ԵՊՀ քաղաքագիտության տեսության և պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Ենգոյանը։

«Տեղի է ունենում բազմաբևեռ աշխարհի կայացում, և եվրասիական տարածքը պետք է դառնա (և արդեն դառնում է) բևեռներից մեկը»,- իր զեկույցում ասել է Վլադիմիր Լեպեխինը: Նա ընդգծել է, որ գլոբալիզացիայի գործընթացները, որոնք ընթանում են վեստերնիզացիայի մոդելով, տանում են ազգային ինքնավարության կորստի, իսկ տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները, ինչպիսին է եվրասիականը, գլոբալ գործընթացներին մասնակցության, և միաժամանակ, ազգային ինքնավարության պահպանման գրավականն է: Լեպեխինը հատուկ ընդգծել է, որ «եվրասիական ինտեգրումը կառուցվում է հավասարազոր համագործակցության սկզբունքով»:

Իվան Անիսիմովը բարձր է գնահատել եվրասիական ինտեգրման վերաբերյալ դասընթացի նշանակությունը: «Դա եվրասիական ինտեգրման գործընթացներին գիտական և համակարգային մոտեցում ցուցաբերելու առաջին փորձն է»,- նշել է նա: Իր զեկույցում Անիսիմովն անդրադարձել է ԵԱՏՄ միասնական արժույթի և անդամ երկրների համագործակցության հարցերին: «Մենք ինտեգրվելու ենք այնքան, որքան դա հնարավոր լինի»,- ընդգծել է նա՝ նշելով, որ «մեկ անգամ այդ գետը մտնելով, այլևս հնարավոր չէ դրանից դուրս գալ առանց տնտեսության համար ծանր հետևանքների»: Իսկ ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթ ներդնելու մասին զրույցները ինտեգրման այս փուլում նա վաղաժամ է համարում: «Միասնական արժույթ կձևավորվի այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ լինի»,- նշել է Անիսիմովը՝ հավելելով, որ միասնական արժույթի ներդրումը բացասական ազդեցություն կունենա միության վրա, եթե շտապողական լինի և չարտացոլի տնտեսությունների ինտեգրման օբյեկտիվ գործընթացը: Նա տնտեսական միությունների օրինակներ է բերել, որոնք քանդվել են այն պատճառով, որ միասնական արժույթի ներդրումն առաջ է անցել տնտեսական ինտեգրման գործընթացներից:

Աշոտ Ենգոյանն, իր հերթին, անդրադարձել է եվրասիական տարածքի գաղափարախոսական, քաղաքակրթական և արժեքային հիմքերին: «Ինչպիսին էլ լինեն Եվրասիական միության երկրների տնտեսական առաջնահերթությունները, այսօր անհրաժեշտ է գտնել գաղափարա-քաղաքական այն հիմքը, որը կհիմնավորի ապագա միության գրավչությունը և կուղղորդի պրակտիկ քաղաքականությունը: Հենց գաղափարական համակարգի թուլությունն է որոշ քաղաքացիների մոտ կասկածներ առաջացնում այս ինտեգրացիոն միավորման կենսունակության վերաբերյալ»,- նշել է Ենգոյանը: Այդ հիմքը նա տեսնում է սեփական ազգային ինքնության պահպանմամբ լիբերալ-դեմոկրատական բարեփոխումների մեջ: «Լիբերալիզմի պահպանողական ուղղվածությունը ձևավորում է անհրաժեշտ գաղափարա-քաղաքական հիմքը ձևավորվող ժամանակակից եվրասիական քաղաքակրթության ինստիտուցիոնալիզացիայի համար, որը միավորում է բազմաթիվ ժողովուրդների ընդհանուր արժեհամակարգի և աշխարհայացքի հիմքի, ինչպես նաև հանրային և համաշխարհային գործընթացների ընդհանուր ընկալման վրա»,- ընդգծել է Ենգոյանը:

Համաժողովի զեկուցողները պատասխանել են այս դասընթացին մասնակցած ուսանողների հարցերին: Ուսանողների կողմից նաև հարց է բարձրացվել եվրասիական տարածքի երիտասարդների և ուսանողների համագործակցության, շփման հարթակների ու հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտության վերաբերյալ:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: