ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րն է Կատարի հարցում ԱՄՆ որդեգրած երկիմաստ դիրքորոշման պատճառը

Democracy Now

ԱՄՆ-ը վերջին շրջանում ակտիվ ներգրավածություն է դրսևորում Կատարի շուրջ ճգնաժամի զարգացումներում: ԱՄՆ-ի՝ այս հարցում ունեցած շահերի վերաբերյալ առկա են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ժամանակ առ ժամանակ խնդրի վերաբերյալ  ԱՄՆ որդեգրած դիրքորոշումը հակասական է թվում:

Օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս հարցում կոշտ դիրքորոշում է ցուցաբերում: Մասնավորապես, իր մեկնաբանություններից մեկում նա նշել էր. «Կատարը, ցավոք, ամենաբարձր մակարդակով ֆինանսավորել է ահաբեկչությանը: Ժամանակն է պահանջել Կատարից դադարեցնել ֆինանսավորումը»: Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մաթիսն այս հարցում որդեգրել են ավելի մեղմ դիրքորոշում: Օրինակ, ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել  մեղմել հռետորաբանությունը և խնդրի շուրջ երկխոսություն սկսել, հայտնում է CNN-ը: Բացի այդ նա կոչ է արել Սաուդյան Արաբիայի կողմից  ղեկավարվող կոալիցիային մեղմել Կատարի հանդեպ շրջափակումը՝ նշելով, որ վերջինիս մեկուսացումը վնասում է Իսլամական պետություն ահաբեկչական կազմավորման դեմ պայքարին և Կատարի բնակչության համար ստեղծում սննդի պակաս, հայտնում է Bloomberg-ը:

Պաշտոնական Պենտագոնն էլ իր հերթին, Կատարի հետ ռազմական պայմանագիր կնքելուց հետո, նկատեց, որ պայմանագրով նախատեսվող ռազմական ինքնաթիռների վաճառքը կընդլայնի ԱՄՆ-ի և Կատարի միջև ռազմական համագործակցությունը: Պետք է նկատենք, որ այս պայմանագրի շուրջ համաձայնությունը երկու երկրների միջև ձեռք է բերվել դեռևս ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակարգի ժամանակ: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում ԱՄՆ ներկայիս վարչակարգը կարող էր չեղարկել այդ համաձայնագիրը:

Իսկ որո՞նք կարող են լինել ԱՄՆ հնարավոր շահերը Կատարի ճգնաժամի լուծման հարցում:

Այս համատեքստում չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի և Կատարի միջև ռազմական համագործակցությունն ունի երկար տարիների պատմություն: 1991 թվականին, Ծոցի պատերազմի ժամանակ, Կատարը եղել է ԱՄՆ դաշնակիցը: Այնուհետև ԱՄՆ-ն այնտեղ տեղադրել է իր «Ալ Ուդեիդ» (Ալ-Ադիդ) ռազմաբազան, որն էլ ավելի է ամապնդել նրանց միջև ռազմական համագործակցությունը: Կատարի ճգնաժամի հետագա խորացումը կարող է ստիպել ԱՄՆ-ին հրաժարվել իր այդ ռազմաբազայից, որը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի համար:

Բացի այդ, եթե Կատարի ճգնաժամը հետագայում էլ ավելի խորանա, ԱՄՆ-ը կարող է ստիպված լինել ընտրություն կատարել տարածաշրջանում իր դաշնակիցների միջև (ինչպես օրինակ Կատարի և Սաուդյան Արաբիայի), հանգամանք, որը կթուլացնի ԱՄՆ ազդեցության լծակները տարածաշրջանում:

Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ը փչացնի իր հարաբերությունները Կատարի հետ, վերջինս ավելի կմոտենա Իրանին. մեկուսացված Կատարն ավելի շատ կախում կունենա Իրանի կողմից տրամադրվող օգնությունից: Սա էլ իր հերթին կուժեղացնի Իրանի լծակները տարածաշրջանում, ինչը նույնպես չի կարող բխել ԱՄՆ շահերից:

Կատարը ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ի համար եղել է նաև տարածաշրջանում տարբեր ուժերի հետ հաղորդակցման խողովակ, ինչպես օրինակ, Աֆղանիստանում Թալիբանի: Սակայն պետք է նաև փաստենք, որ օրինակ, Համասի հետ Քաթարի ենթադրյալ կապը, Իսրայելի դաշնակից ԱՄՆ-ի հետ նախկինում հարաբերությունների վատթարացման պատճառ էր դարձել, չնայած նրան, որ կողմերին հետագայում նորից հաջողվել է վերականգնել լարված հարաբերությունները:  

Ուստի, եթե համարենք, որ Կատարի ճգնաժամի հետագա խորացումն ԱՄՆ շահերի դաշտում չէ, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտած նման կոշտ դիրքորոշումն այս հարցում:

Առաջին, նորընտիր ԱՄՆ նախագահը, խնդիր է հետապնդում ամբողջ աշխարհին և իր դաշնակիցներին ապացուցել, որ  իր վարչակարգը հետևողական է ահաբեկչության դեմ պայքարում առ այսօր որդեգրած կոշտ դիրքորոշմանը: Այսպիսով, ԱՄՆ նախագահի նման կոշտ մեկնաբանությունները Կատարի ճգնաժամի հարցում, որոնք գլխավորապես չեն համապատասխանում վարչակարգի իրական քայլերին, միտված են համապատասխան PR ստեղծելու Թրամփի և իր թիմի համար:

Բացի այդ, եթե երկարաժամկետ կտրվածքում Կատարի մեկուսացումը չի բխում ԱՄՆ շահերից, կարճաժամկետ կտրվածքում ԱՄՆ-ը դեմ չի լինի Կատարին «բռունցք ցույց տալ», որպեսզի վերջինս այսուհետ տարածաշրջանում ԱՄՆ հակառակորդների հետ որևէ առնչություն ունենալուց առաջ երկար մտածի:

Այսպիսով, ԱՄՆ նման երկիմաստ դիրքորոշումը Կատարի հարցում պատահական չէ: Մի կողմից նա նպատակ է հետապնդում ցույց տալու Կատարի դեմ դուրս եկած իր  դաշնակիցներին, որ ԱՄՆ միասնական է նրանց հետ ահաբեկչության դեմ պայքարում, մյուս կողմից արդեն երկարաժամկետ հեռանկարում, ԱՄՆ-ն կանի ամեն ինչ չկորցնելու իր դաշնակցին՝ Կատարին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: