ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ են արաբական երկրները արշավ սկսել Al Jazeera-ի դեմ

AFP/Getty

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և Եգիպտոսը համաձայնվել են 48 ժամով երկարաձգել Կատարին առաջադրված վերջնագրի ժամկետը: Հիշեցնենք, որ Կատարին ահաբեկչություն աջակցելու մեջ մեղադրող արաբական այս չորս երկրներն ի թիվս մի շարք դրույթների, պահանջում են  նաև փակել Al-Jazeera հեռուստաընկերությունը: Նրանք Al-Jazeera-ին դիտարկում են որպես Կատարի արտաքին քաղաքականության համար քարոզչական գործիք, որի օրակարգը հաճախ հակասում է իրենց շահերին:

«Al Jazeera»-ն միջազգային հետուստաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Կատարի մայրաքաղաք Դոհայում: Հեռուստաընկերությունը ստեղծվել է 1996 թվականին Կատարի էմիրի հրամանով: Միջազգային ճանաչում է ստացել Աֆղանստանում կոալիցիայի ավիահարվածների և Ուսամա բեն Լադենի ելույթների հեռարձակումով: Սակայն, սրանք միակ բացառիկ ռեպորտաժները չեն, որ հեռարձակել է հեռուստաալիքը: Al Jazeera-ն իր եթերում տարածել է արաբական տարբեր երկրներում ընդդիմախոսների, իսլամիստների, արաբ ազգայնականների կարծիքները: Հեռուստաալիքում պնդում են, որ իրենք լսելի են դարձրել նրանց ձայները, ովքեր ձայնի իրավունք չեն ունեցել, և, իսկապես, այն բարձրացրել է արաբական շատ երկրներում արգելված թեմաներ: Al Jazeera-ն արաբական առաջին լրատվամիջոցն է, որն Իսրայելի խորհրդարան թղթակից է ուղարկել, ուղիղ հեռարձակումներ է կազմակերպել վերջին տասնամյակներին Գազայի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններից: Իր գործունեության ընթացքում հեռուստաալիքը գոնե մեկ անգամ արտաքսվել է տարածաշրջանային երկրներից, սակայն քաղաքականությունը երբեք չի փոխել:

«Խմբագրական» քաղաքականությունից ելնելով՝ Al Jazeera-ն Եգիպտոսում արաբական գարնան շրջանակներում ընթացող ցույցերում բացառապես լուսաբանում էր Եգիպտոսում ահաբեկչական համարվող «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական կազմակերպության դիրքորոշումը՝ հաճախ իր տարածած ապատեղեկատվության միջոցով ուղղորդելով ժողովրդական հուզումները: Հեռուստաընկերությունը շարունակում է իր աջակցությունը «Մուսուլման եղբայրներին» նաև Եգիպտոսում նրանց տապալումից հետո: Սակայն, հարևան երկրների ներքաղաքական գործերին միջամտությունը չի սահմանափակվում միայն Եգիպտոսով: Հեռուստաալիքն իր ռեպորտաժներով (հաճախ իրականությանը չհամապատասխանող) նպաստել է նաև Լիբիայում Մուամմար Քադաֆիի տապալմանը: Al Jazeera-ի ձեռագիրը չի փոխվել նաև սիրիական դեպքերի լուսաբանման ժամանակ. նշենք, որ Սիրիայում ընթացող զարգացումների մասին ապատեղեկատվություն տարածելու համար հեռուստալիքից տասնյակ լրագրողներ են հեռացել:

Սակայն, այն շրջանում Al Jazeera-ն համարվում էր արաբական երկրներում զարգացումների մասին տեղեկատվության հիմնական աղբյուր, իսկ մյուս լրատվամիջոցները տեղեկատվություն հիմնականում վերցնում էին վերջինից` առանց ստուգելու դրանց արժանահավատությունը: Արդյունքում շատերի, այդ թվում՝ փորձագիտական շրջանակների մոտ արաբական երկրներում տեղի ունեցող զարգացումների մասին պատկերացումներն ուղղորդվեցին ըստ Կատարի արտաքին քաղաքական հետաքրքրությունների: Չնայած եգիպտական իշխանությունները 2011 թվականի ցույցերի ժամանակ երկրում արգելափակել էին հեռուստաալիքը և վերջինիս վեբ-կայքը, սակայն այն շարունակում էր ծառայել որպես իրադարձությունների լուսաբանման հիմնական աղբյուր. այդ ընթացքում դիտումների քանակն ավելացել էր 2500 տոկոսով:

Ամեն դեպքում, կատարական հեռուստաընկերության տեղեկատվական քաղաքականությունն Արաբական գարունը լուսաբանելու ժամանակ հանգեցրեց նրան, հեռուստաընկերությունը 2011-2013 թվականներին կորցրեց իր լսարանի 86 տոկոսը: Վերջին տարիներին Al Jazeera-ի հեռուստադիտողների թիվն ամբողջ աշխարհում նվազել է 43 մլն-ով՝  հասնելով 6 մլն-ի: Արաբական աշխարհում հեռուստաընկերությունը դադարել է դիտել յուրաքանյուր 5-ից 4-ը:

Այսօր չնայած Al Jazeera-ի հեղինակության անկմանը և լսարան կորստին՝ Կատարի հարևան արաբական երկրները որոշակի մտավախություններ ունեն, որ վերջինս, վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն և ձգտելով գերիշխանության արաբական աշխարհում, կարող է արաբական գարնան ժամանակ կիրառած սցենարներն օգտագործել նաև իրենց պարագայոմ՝ ապակայունացնելով ներքաղաքական իրավիճակը:

Արևմուտքում չեն կիսում արաբական այս երկրների մտահոգությունները և համաձայն չեն հեռուստաընկերությունը փակելու պահանջի հետ: Նանց կարծիքով Al Jazeera–ն փակելու Կատարին ուղղած պահանջը  հարված է մամուլի ազատությանն ու բազմակարծությանը։ Կարծիքների ազատության վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյի խոսքով՝ այդ պահանջը լուրջ սպառնալիք է լրատվամիջոցների ազատությանը, երբ պետությունները, պատճառաբանելով դիվանագիտական ճգնաժամը, փորձում են Al Jazeera-ն հարկադրաբար չեզոքացնելու միջոցներ ձեռնարկել։

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ևս քննադատել է Al-Jazeera-ն փակելու՝ արաբական երկրների պահանջը՝ ընդգծելով, որ կառավարությունները իրավունք չունեն փակելու լրատվամիջոցները՝ ազատվելու իրենց համար անհարմար քննադատությունից:

Al Jazeera-ն ունի մի քանի ալիքներ՝ համաշխարահային նորությունների ալիք՝ արաբերեն՝ «Al Jazeera», անգլերեն՝ «Al Jazeera English» և սերբերեն՝ «Al Jazeera Balkans», արաբերենով փաստագրական ֆիլմեր ցուցադրող «Al Jazeera Documentary Channel», սպորտային «Al Jazeera Sports», մանկական «Baraem» «Jim » և քաղաքական  «Al Jazeera Mubasher»  ալիքներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: