ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլդովայի խորհրդարանը կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը. պատասխան Դոդոնի եվրասիականացմանը

Մոլդովայի խորհրդարանն հուլիսի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը: Դա հարուցել է երկրի նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած սոցիալիստական կուսակցության դժգոհությունը:

Հուլիսի 21-ին լրանում է Մերձդնեստրի տարածաշրջանում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնագրի կնքման 25 տարին: Համաձայնագիրը կնքվել է Ռուսաստանի Դաշնության և Մոլդովայի Հանրապետության միջև 1992թ. հուլիսի 21-ին: Դրանով հայտարարվել է հրադադարի հաստատման մասին, պայմանավորվածություն է ձեռք բերվել հակամարտության կարգավորման մեջ ներգրավված երեք կողմերի (Մոլդովա, Մերձդնեստր, Ռուսաստան) մասնակցությամբ ձևավորել միասնական Վերահսկող հանձնաժողով, որը պետք է հետևի հրադադարի պահպանմանն ու հետաքննություն անցկացնի դրա խախտման վերաբերյալ: Համաձայնագրով ամրագրվում է նաև, որ ռուսական զորքերի կարգավիճակի, դրա փուլային դուրսբերման կարգի և ժամկետների մասին պետք է համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի և Մոլդովայի միջև բանակցությունների արդյունքում:

Դրա հիման վրա 1994թ. հոկտեմբերի 21-ին Մոլդովայի և ՌԴ-ի միջև պայմանագիր է ստորագրվել ռուսական զորքերի կարգավիճակի, դուրսբերման կարգի և ժամկետների մասին, որը նախատեսում է երեք տարի ժամկետ:  Սակայն  պայմանագիրը դեռևս ՌԴ-ի կողմից չի վավերացվել, և ռուսական զորքերը շարունակում են գտնվել Մերձդնեստրի տարածքում՝ խաղաղապահների կարգավիճակով:

Այսօր Մոլդովայի խորհրդարանի ընդունած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական զորքերի ներկայությունը Մերձդնեստրում Մոլդովայի Սահմանադրության խախտում է, ազգային և տարածաշրջանային անվտանգության սպառնալիք: Կոչ է արվում անմիջապես բանակցություններ սկսել 5+2 ձևաչափով ռուս խաղաղապահներին միջազգային քաղաքացիական հանձնաժողովով փոխարինելու վերաբերյալ:

Հայտարարությանը կողմ է արտահայտվել 101 պատգամավորից 61-ը: Այսօր Մոլդովայի խորհրդարանում մեծամասնություն են ձևավորել Մոլդովայի դեմոկրատական կուսակցությունը, Լիբերալ կուսակցությունը, 14 նախկին կոմունիստներ և 8 նախկին լիբերալ-դեմոկրատ պատգամավորներ: Այս կուսակցությունները մեծամասամբ եվրաինտեգրման ջատագովներ են: Ընդդիմություն են կազմում Մոլդովային  լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը (որի ղեկավարը երկրի գործող նախագահն է) և մի քանի անկախ պատգամավորներ:  

Չնայած նրան, որ 2016 թվականին երկարատև գործընթացից հետո Խորհրդարանի կազմում ընդգրկված եվրոպամետ քաղաքական ուժերին հաջողվեց միավորվել և խորհրդարանական մեծամասնություն ձևավորել՝ 2016թ-ի վերջում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ Սոցիալիստական կուսակցության ղեկավար, ռուսամետ քաղաքական հայացքներ ունեցող Իգոր Դոդոնը: Դրա արդյունքում երկրում արտաքին քաղաքական հարցերի շուրջ հակասություններն էլ ավելի խորացան:

Նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Մոլդովայի  նախագահը սկսեց երկխոսությունը ԵԱՏՄ-ի հետ, և Մոլդովայի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Դոդոնը հույս է հայտնել, որ հոկտեմբերին Մոլդովան դիտորդի կարգավիճակ կստանա ԵԱՏՄ-ում :

Բնական է, որ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրի նման կտրուկ շրջադարձը դեպի Եվրասիական միություն չէր կարող չհարուցել երկրի արևմտամետ քաղաքական ուժերի դժգոհությունը: Եվ Խորհրդարանի կողմից նման հայտարարության ընդունումը, ըստ էության, պատասխան է Դոդոնին, նրա քաղաքականության հավասարակշռման փորձ:

Մոլդովայի պարագայում հանրային տրամադրություններն արտաքին քաղաքական երկու հիմնական վեկտորների՝ արևմտամետության և ռուսամետության հարցում, բավական հավասարաչափ են բաշխված: Դրա վառ ապացույցն էր 2014թ. խորհրդարանական ընտրություններում ռուսամետ և եվրոպամետ քաղաքական ուժերի միջև մանդատների գրեթե հավասար բաշխումը: Մյուս կողմից, եվրոպամետ քաղաքական ուժերի ներքաշվածությունը կոռուպցիոն սկանդալում և պետական բյուջեից հսկայական գումարների կորուստը հանգեցրին եվրոպամետ ուժերի հանդեպ անվստահության, ինչն էլ օգնեց Դոդոնին հաղթանակ տանել նախագահական ընտրություններում:

Ըստ էության, Մոլդովայի ներքաղաքական դիսկուրսը թելադրում է երկու ինտեգրացիոն ուղղությունների համադրման անհրաժեշտությունը, որն էլ ապահովվում է ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո ԵԱՏՄ հետ բանակցությունների մեկնարկով: Իսկ այսօրվա խորհրդարանի հակառուսական հայտարարությունը տեղավորվում է քաղաքական էլիտայի բախումների տիրույթում:

Միաժամանակ, պետք է նշել, որ այն արդեն իսկ մի շարք հակասական արձագանքներ է առաջացրել մոլդովացի փորձագետների շրջանում, որոնցից ոմանք նման հայտարարությունների ընդունումն ու ռուսական զորքերի հնարավոր դուրսբերումը կապում են զինված հակամարտության վերսկսման վտանգի հետ:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: