ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արդյո՞ք ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից

World Commerce Review

Իրանական գործարքի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախորդ շաբաթ արված հայտարարությունն ընդունվեց ոչ միանշանակ: Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից: ԱՄՆ նախագահը վերջնական որոշում պետք է հայտնի հոկտեմբերի 15-ին, իսկ քննարկումները շարունակվում են:

Դոնալդ Թրամփը միջուկային զենք ստեղծելուց Իրանին hետ պահելու հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Մասնավորապես, ԱՄՆ նախագահն ընդգծել է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը՝ «ապակայունացնող գործողությունների համար Իրանին պատասխանատվության ենթարկելու նպատակով»՝ նկատի ունենալով, որ Իրանն իբր հովանավորում է ահաբեկչությունը և մշակում հրթիռներ: Հիշեցնենք, որ դեռևս իր նախընտրական խոստումներում Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վերացնել իսլամական ահաբեկչությունը, որի գլխավոր երաշխավոր ԱՄՆ նախագահը համարում է հենց Իրանը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն հետևում է իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրի կետերին, մինչդեռ իրանական կողմը կատարում է համաձայնագրի միայն տեխնիկական կողմը՝ միևնույն ժամանակ ապակայունացնելով իրավիճակը Մերձավոր Արևելքում:  

Որքան էլ ԱՄՆ-ն փորձի արդարացնել իրանական գործարքից դուրս գալու իր մտադրությունը, համաձայնագրի մյուս կողմերը ձգտում են կանխել դրա ձախողումը: Այդ մասին են վկայում վերջին մի քանի օրվա ընթացքում հնչած բազմաթիվ հայտարարություններ:

Այսպես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ Լոնդոնը հավատարիմ է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքին՝ հավելելով, որ այն կենսական նշանակություն ունի տարածաշրջանային անվտանգության համար:  

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջնական որոշումը հավասարակշռված կլինի: Լավրովի խոսքով, Ռուսաստանն ընդգծում է ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ևս հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն hետ կկանգնի իր մտադրությունից՝ նշելով, որ գերմանական կողմը համոզված է, որ Իրանը կատարում է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ ԵՄ-ն ջանք չի խնայի Իրանի հետ համաձայնագրի պահպանման համար:    

Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա վերջինիս պաշտոնյաները նշում են, որ Իրանի օրինակը կարևոր նշանակություն ունի միջուկային զենքի հետ կապված խնդիրների կարգավորման համար, այդ թվում` Հյուսիսային Կորեայի հարցում:

Բնականաբար, ԱՄՆ նախագահի հայտարարություններն առանց արձագանք չի թողել նաև իրանական կողմը: Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկիրն «ադեկվատ» պատասխան կտա այդ հայտարարություններին: Իրանի Զինված ուժերի ներկայացուցիչ Մասուդ Ջազաերին իր հերթին հայտարարել է, որ եկել է «ԱՄՆ-ին դաս տալու» ժամանակը:  

Այս ամենից դատելով՝ կարելի է ասել, որ եթե ԱՄՆ-ն իսկապես որոշի դուրս գալ գործարքից, դա լուրջ խնդիրներ կստեղծի նախ և առաջ իր համար՝ փչացնելով հարաբերությունները գործընկերների հետ, այդ թվում` այլ խնդիրների կարգավորման համատեքստում:  Բացի այդ, եթե գործարքը ձախողվի ԱՄՆ պատճառով, Իրանը կարող է ակտիվացնել իր միջուկային ծրագրի մշակումը:

Ինչևէ, Դոնալդ Թրամփն իր վերջնական որոշումը պետք է հայտնի միայն մի քանի օր անց: Չի բացառվում, որ գործընկերների արձագանքն ստիպի նրան hետ կանգնել Իրանի հետ կնքած համաձայնագրից դուրս գալու որոշումից:

Իրանի և միջազգային միջնորդների «վեցնյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) միջև 2015 թվականի հուլիսի 14-ին կնքված և 2016 թվականի հունվարի 16-ից ուժի մեջ մտած համաձայնագիրը տարիներ շարունակվող բանակցությունների արդյունք է, որը կարգավորում է իրանական միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները՝ փոխարենը չեղյալ հայտարարելով ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Իրանի դեմ հայտարարված մի շարք պատժամիջոցներ: Ուստի, դժվար է պատկերացնել, որ կողմերը հեշտությամբ կհամաձայնվեն կորցնել տարիների աշխատանքի արդյունք հանդիսացող համաձայնագիրը: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այն նոր հնարավորություններ է ստեղծում նաև եվրոպացիների համար, ովքեր ձգտում են դուրս գալ իրանական շուկա և արդեն միլիարդավոր դոլարների գործարքներ են կնքել եվրոպական տեխնիկայի մատակարարման համար: Նույնը կարելի է ասել նաև Ռուսաստանի և Չինաստանի մասին: Ի վերջո, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագիրը համատեղ բանակցությունների արդյունք է հանդիսանում, չի բացառվում, որ դրանից ԱՄՆ-ի դուրս գալու համար պահանջվի կողմերի հավանությունը, ինչը, գոնե այս փուլում, խիստ անհավանական է թվում:    

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: