ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ինտեգրացիոն գործընթացները 2017թ.-ին

2017թ.-ը խիստ կարևոր, կարելի է ասել, նույնիսկ որոշիչ էր ՀՀ ինտեգրացիոն գործընթացների տեսանկյունից: Այս տարի, կնքելով Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, Հայաստանը վերջնականապես կյանքի կոչեց «և-և»-ի քաղաքականությունը:

 Եվրոպական ուղղություն

Եվրոպական ուղղությամբ տարին նշանավորվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի բանակցությունների ավարտով և ստորագրմամբ, որը տեղի ունեցավ նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում: Այս իրադարձությունը մեծ նշանակություն ունի Եվրամիության և ԵՄ անդամ առանձին երկրների հետ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից: Սրանով վերջնականապես կոտրվեց այն կարծրատիպը, թե Հայաստանը «երես է թեքել» ԵՄ-ից և եվրաինտեգրման գործընթացից:

Կարևոր է նաև, որ Համաձայնագիրն ունի բավական ծավալուն տնտեսական բաղադրիչ, որում մանրամասն անդրադարձ է կատարվում տնտեսական տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի ոլորտում համագործակցության խորացմանն ու հետագա անելիքներին:

Քաղաքական համատեքստում կարևոր էր նաև 2017-ին ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնահերթություների ստորագրումը, որոնք Համաձայնագրի հետ միասին սահմանում են առաջիկա տարիներին համատեղ քաղաքականության առաջնահերությունները։ Այս կապակցությամբ ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշել է, որ «Հայաստանն Արևելյան գործընկերության միակ երկիրն է, որ ստորագրել է Գործընկերության առաջնահերթություները։ Վերջինս շատ կարևոր փաստաթուղթ է»: Այս փաստաթղթի հիման վրա մեկնարկել են այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները՝ ֆինանսական աջակցության դետալացված փաստաթուղթ:

Տարվա ընթացքում լուծում չի ստացել մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը: Հայկական կողմն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է բանակցությունները սկսելու պատրաստակամության մասին, սակայն գործընթացը դեռ չի մեկնարկել։ Միաժամանակ, Բրյուսելի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում ԵՄ-ն, հույս  է հայտնել «ամրապնդել համագործակցությունը և հետագա առաջընթացը շարժունակության ոլորտում անվտանգ և լավ կառավարման մթնոլորտում և հասնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին, որի համար պայման պետք է լինի լավ կառավարվող և անվտանգ շարժունակության առկայությունը՝ ներառյալ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի կատարումը Կողմերի միջև»։

Նաև ավարտվել են Հայաստանի և Եվրամիության միջև նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները, համաձայնագիրը նախաստորագրվել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում։ Նախատեսվում է, որ համաձայնագիրը կբերի լրացուցիչ 87.000 ուղևոր և ավելի քան 16 մլն. եվրո՝ առաջիկա 5 տարիներին:

Տարվա ընթացքում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվել են մի շարք կրթական, գյուղատնտեսական, հակակոռուպցիոն, էներգետիկ և այլ ծրագրեր: Կարելի է առանձնացնել Բավրայի սահմանի անցակետի արդիականացման ծրագիրը, ENPARD գյուղատնտեսական ծրագիրը, որն աջակցում է գյուղերում նորարական տեխնոլոգիաներով եվրոպական չափանիշներին համապատասխան գյուղմթերքի արտադրությանը, «EU4Business և EU4Regions նախաձեռնությունները, որոնք խթանում են մարզերում ՓՄՁ-երի զարգացմանն ու հնարավորությունների մեծացմանը և այլն:

ԵՄ կողմից մեծ աջակցություն ցուցաբերվեց նաև ապրիլին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործընթացում:

 Եվրասիական ուղղություն

2017թ.-ը եղել է ԵԱՏՄ զագացման և կայացման տարի: Տարվա ընթացքում հետողական աշխատանք է տարվել ընդհանուր շուկաների ձևավորման, առկա խոչընդոտների հաղթահարման և ապրանքների ներքին շարժունակության մեծացման ուղղությամբ:

Թերևս տարվա կարևորագույն ձեռքբերումը ԵԱՏՄ համար Մաքսային օրենսգրքի համաձայնեցումն է, որի շուրջ բանակցություններն ավարտվեցին, փաստաթուղթը ստորագրվեց և վավերացման ավարտից հետո հունվարի 1-ից մտնում է ուժի մեջ:

Մյուս կարևոր ձեռքբերումը կարելի է համարել թվային օրակարգի համաձայնեցումը: Հոկտեմբերի 11-ին Երևանում կայացած գագաթաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատվեցին թվային օրակարգի կյանքի կոչման հիմնական ուղղությունները: Նախնական հաշվարկներով դրա իրականացումը մինչև 2025թ.-ը պետք է ապահովի տարեկան մեկ տոկոս ՀՆԱ-ի աճ և մոտ 8 մլն նոր աշխատատեղ:  

Երևանում միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվել է նաև «Ճանապարհային քարտեզ»՝ տրանսպորտային քաղաքականությունը համակարգելու համար:

Տարվա ընթացքում շարունակվել են բանակցությունները միասնական էներգետիկ շուկայի ձևավորման շուրջ: Էլեկտրաէներգիայի շուկան ընդհանուր առմամբ համաձայնեցված է, իսկ նավթի և գազի շուկաների համաձայնեցման հարցում դեռևս չլուծված է մնում պաշարների հավասար հասանելիության հարցը:

2017-ն ակտիվ է եղել նաև ԵԱՏՄ արտաքին կապերի զարգացման տեսանկյունից: Ապրիլի 14-ին Մոլդովան ստացել է ԵԱՏՄ դիտորդ երկրի կարգավիճակ: Հոկտեմբերի 1-ին ավարտվել են ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրա-տնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները: Շարունակվել են բանակցությունները Եգիպտոսի, Իսրայելի, Հնդկաստանի, Իրանի, Սինգապուրի և Սերբիայի հետ՝ ազատ առևտրի գոտու ձևավորման, կամ  առևտրա-տնտեսական համագործակցության համաձայնագրի կնքման շուրջ: Մոնղոլիան նույնպես երկխոսություն սկսելու մտադրություն է հայտնել:

Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ նշենք, որ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2017թ.-ին ՀՀ-ից արտահանումը ԵԱՏՄ երկրներ կազմել է 438 523.7 հազ. ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա 393 892.5 հազ.-ի դիմաց, իսկ ներմուծումը 1 023 016.8 հազ ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա  754 319.7 հազ. –ի դիմաց, ինչը վկայում է առևտրաշրջանառության աճի մասին:

Բացի այդ, 2017-ին աճել է նաև ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես՝ ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքը Հայաստան: Միայն առաջին վեց ամիսներին ռուսական անձնագրերով այցելուների թիվը ՀՀ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 33 տոկոսով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: