ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ներքաղաքական իրադարձություններն Արցախում 2017թ-ին (ամփոփում)

banks.am

2017 թվականը ներքաղաքական իրադարձությունների տեսակետից Արցախում բավականին ակտիվ էր՝ սահմանադրական հանրաքվե, խոշոր ներդրումային ծրագրեր, մշակութայի, կրթական տարբեր միջոցառումնեի: Ստորև փորձենք ամփոփել 2017թ.-ի ընթացքում Արցախում տեղի ունեցած ներքաղաքական կարևոր զարգացումներն՝ անդրադառնալով երեք հիմնական ոլորտների.

- Քաղաքական

- Տնտեսական

- Մշակութային

Քաղաքական ոլորտ 

2017 թվականին Արցախում տեղի ունեցած ամենակարևոր քաղաքական իրադարձությունը փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեն էր, որի  արդյունքում Արցախը կառավարման կիսանախագահական համակարգից անցում կատարեց  նախագահական համակարգի: Քարոզարշավի ժամանակ ձևավորվել էին հանրաքվեին «Կողմ» և «Դեմ» թևեր:

Սահմանադրական փոփոխություններին կողմ էին  «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և «Ազատ հայրենիքը»      կուսակցությունները, դեմ՝ «Ազգային վերածնունդ կուսակցությունը» և «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը» կուսակցությունները: Քարոզարշավի ժամանակ սահմանադրական փոփոխությունների շուրջ ակտիվ քննարումներ էին ընթանում հատկապես վիրտուալ հարթակում: Սահմանադրության կողմնակիցները ստեղծել են «Այո Արցախին» ֆեյսբուքյան էջը, ընդդիմադիրները՝ «Դեմ եմ»-ը:

Սահմանադրական հանարքվեի կողմնակիցները հիմնական թեզն այն էր, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար կառավարման նախագահական ձևը ամենաճիշտն է, քանի որ ճգնաժամային իրավիճակներում այն թույլ է տալիս հնարավորինս արագ ինքնակազմակերպվել: Հանրաքվեին դեմ հանդես եկողները պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումները հետապնդում են միայն մեկ նպատակ, այն է՝ թույլ տալ գործող նախագահին պահպանել իր իշխանությունը:

Անկախ հարցի շուրջ առկա տարաձայնություններին, Արցախում սահմանադրական հանրաքվեն անցավ առանց միջադեպերի և լարվածության՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Հանրաքվեին մասնակցեց շուրջ 104 միջազգային դիտորդ աշխարհի 30 երկրից (այդ թվում՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Պակիստանից, Գերմանիայից, Բոլիվիայից), 103 տեղական դիտորդ և ավելի քան 80 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:  Հատկանշական է, որ, օրինակ, 2006 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի ունեցած ԼՂՀ Սահմանադրության ընդունման հանրաքվեին մասնակցել է շուրջ 90 միջազգային դիտորդ և լրագրող աշխարհի 15 երկրից: 

Միջազգային դիտորդները հիմնականում բարձր գնահատեցին քվեարկության ու ձայների հաշվարկի գործընթացը՝ փաստելով Արցախում պետական կառույցների կայացվածության մասին: Բացի այդ, հայկական երկու հանրապետություններում տարբեր ուղղություններով ընթացող սահմանադրական փոփոխությունները ևս մեկ անգամ միջազգային հանրության համար ընդգծեցին Արցախի սուբյեկտայնությունը՝ փաստելով, որ Հայաստանում և Արցախում ընթանում են  իրարից  տարբեր քաղաքական գործընթացներ:

Տնտեսական ոլորտ

2017 թվականի ընթացում Արցախում իրականացվել են մի շարք խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում ստեղծվել են նոր գործարաններ, կառուցվել են նոր բնակելի թաղամասեր: Նման ներդրումային խոշոր ծրագրերից էր Քարվաճառ քաղաքի մերձակայքում Շահումյանի շրջանի համար աննախադեպ չափերի հասնող նոր ջրի գործարանի բացումը, որը կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ խթանելով շրջակա տարածքների ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև բնակիչների համար ստեղծելով շուրջ 50 աշխատատեղ: Խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվել նաև Մարտակերտի շրջանում: Պետական աջակցությամբ Մարտակերտ քաղաքում բացվել է «Մարտակերտի բարիքներ» չրերի գործարանը, որը հագեցած է արդի տեխնոլոգիաներով: Գործարանում կա շուրջ 30 նոր աշխատատեղ: Մատաղիս համայնքում ռուսաստանաբնակ գործարարի կողմից կառուցվել է նոր հանգստյան գոտի, որտեղ հանգստի համար ապահոված են քոթեջներ, ռեստորան և մոտորանավակների ու ջրային ժամանցի այլ ծառայություններ: Մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է ոսկու վերամշակման նոր կենտրոն, որը  100 նոր աշխատատեղերով է ապահովել բնակիչներին՝ խթանելով ոսկու արտադրությունն Արցախում:

Մարտունի քաղաքում սպայական ընտանիքների համար կառուցվել և շահագործման են հանձնվել բազմաբնակարան երեք շենքեր, որոնց շնորհիվ նոր բնակարաններ են ստացել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքներ: Համահայկական հիմնադրամի, ինչպես նաև Սփյուռքի և Հայաստանի տարբեր դոնորների ֆինանսական  աջակցության շնորհիվ 2017 թվականին Արցախում մի քանի տասնյակ բազմազավակ ընտանիքներ ապահովեցին նորակառույց բնակարաններով:  

Եվ, իհարկե, կարևոր իրադարձություն էր 2017թ. սեպտեմբերի 1-ին շահագործման հանձնված «Վարդենիս-Մարտակերտ» Արցախը Հայաստանին կապող ռազմավարական երկրորդ մայրուղու պաշտոնական բացումը: 

Մշակութային ոլորտ

Մշակութային հիմնական իրադարձությունների ամփոփմանն անցնելուց առաջ, նշենք, որ 2017 թվականին Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի պաշտոնում Սերգեյ  Շավերդյանը փոխարինեց Նարինե Աղաբալյանին  (վերջինս նշանակվել է կրթության, գիտության և սպորտի նախարար): Սերգեյ  Շավերդյանը, 1989 թվականից անցնելով ՀՅԴ շարքերը, զբաղվել է հասարակական և քաղաքական գործունեությամբ՝ լինելով ՀՅԴ մամուլի և տեղեկատվական կենտրոնի Ստեփանակերտի գրասենյակի տնօրեն, «Ապառաժ» թերթի խմբագիր, ԼՂՀ ԿԸՀ անդամ և նախագահի տեղակալ,  ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության վարչության պետ, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ:

2017-ը Արցախում հագեցած էր նաև մշակութային միջոցառումներով: Տարվա ընթացքում տեղի են ունեցել տարբեր սիմպոզումներ,  համերգներ, ցուցահանդեսներ, մշակութային օրեր, փառատոներ և այլ միջոցառումներ:  2017 թվականին կազմակերպվել է «Արվեստը հանուն խաղաղության» (Arts for Peace) խորագրով միջազգային նոր նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարն էր իտալացի  դաշնակահար, դիրիժոր, Արցախում պատանի երաժիշտների «ՏՆՋՐԵ» միջազգային փառատոնի մասնակից և պաշտոնական նվագակցող Լուկա Ֆերինին:

Նախաձեռնության շրջանակներում Արցախում անցկացվել են համերգներ, ջութակի և կլարնետի վարպետության դասեր՝ սլովենացի ջութակահար Չրտոմիր Շիշկովիչի, կլարնետահար Յոժե Կոտարի և բելգիացի թավջութակահար Սևակ Ավանեսյանի մասնակցությամբ:

Շուշիում կայացել է ճանաչված ամերիկացի կոմպոզիտոր ու երաժիշտ Դանիել Դեքերի համերգային երեկոն՝ «Իմ Արցախ» խորագրով: Արցախում կազմակերված ջազի օրերի շրջանակում կազմակերպված ջազային երեկոները վարել է Մոսկվայի Ջազ Արտ ակումբի նախագահ Ալեքսանդր Էյդելմանը, իսկ հանրաճանաչ ֆոտոնկարիչ Պավել Կորբուտը, ով լուսանկարել է աշխարհի լավագույն  ջազ փառատոններն ու ջազային կատարողներին՝ տարբեր մրցույթ-փառատոններում ճանաչվելով լավագույն լուսանկարների հեղինակը, հետևել է Արցախում կազմակերպված ջազի օրերին:

 Շուշիում տեղի է ունեցել «Հակոբ Գյուրջյան»  քանդակի 5-րդ  միջազգային սիմպոզիումը, որին մասնակցել են տաղանդաշատ քանդակագործներ Սերբիայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Իտալիայից և այլն:

Իհարկե, չմոռանանք, որ 2017-ին նույնպես Արցախում անցկացվեցին արդեն ամենամյա դարձած Եվրոպական ժառանգության օրերը, որի շրջանակներում կազմակերպվեցին շուրջ երեք տասնյակ միջոցառումներ, այդ թվում՝ թեմաjին համահունչ դասընթացներ և ֆիլմերի ցուցադրություններ, բաց դռների օրեր, այցելություններ բնական և պատմամշակութային հուշարձանների տարածքներ, հանդիպում-քննարկումներ և այլն: Իհարկե, տարվա ընթացքում մշակութային միջոցառումները չսահմանափակվեցին միայն այսքանով, տեղի ունեցան նաև ամենամյա գինու փառատոնը, պարային հանրապետական փառատոնը և այլ միջոցառումներ:

***

Այսպիսով կարող ենք փաստել, որ 2017 թվականը ևս Արցախում նշանավորվեց ներքաղաքական մի շարք կարևոր իրադարձություններով, որոնք, անկասկած, իրենց դրական դերակատարությունը կունենա հայկական երկրորդ հանրապետության առկա խնդիրների հաղթահարման և  հետագա շարունակական զարգացման հարցում:  

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: