ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

2018 թ.-ին Ալիևը կփորձի առավել բալանսավորված ներքին քաղաքականություն վարել

2017թ-ին Ադրբեջանի ներքաղաքական զարգացումները դարձան 2016թ-ի զարգացումների տրամաբանական շարունակությունը: Իրականացված ահմանադրական փոփոխությունների արդյունքում՝ հենց տարվա սկզբին Ալիևն իր կնոջը՝ Մեհրիբան Ալիևային նշանակեց առաջին փոխնախագահ: Նշենք, որ ըստ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների, որով ստեղծվեց փոխնախագահի ինստիտուտը, այդ պաշտոնը ստանձնած անձը փոխարինում է նախագահին նրա բացակայության ժամանակ: Ուստի Մեհրիբան Ալիևայի նշանակումն այս պաշտոնին դարձավ ևս մեկ քայլ՝ կենտրոնացնելու երկրի իշխանությունը Ալիևի ընտանիքի ձեռքերում:

Սեփական իշխանությունը ամրապնդելուն ուղղված քայլերի շարքում պետք է դիտարկել նաև նոր «սև ցուցակի» առաջացումը, որտեղ սկսեցին հայտնվել նրանք, ովքեր «համարձակվում են» քննադատել մարդու իրավունքների, ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում:

2017թ-ին շարունակվեցին նաև քաղակտիվիստների, լրագրողների նկատմամբ բռնաճնշումներն ու ազատությունների սահմանափակումները: Ընդամենը վերջերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մայիսին Ադրբեջանում մոտ 400 մարդ է ձերբակալվել՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով: Ձերբակալված անձինք՝ տասնյակ զինծառայողներ, մեկ հովիվ և այլ քաղաքացիական անձինք, եղել են Աղդամի շրջանից:  Ավելի ուշ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրել է ԶԼՄ-ներին հեռացնել այս գործով իրենց հրապարակումները: 

Այս ամենին զուգահեռ՝ 2017թ-ը բավականին հագեցած էր նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված տիրող իրավիճակի քննադատություններով: Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպացի գործընկերներին կաշառելու վերաբերյալ «The Guardian» պարբերականի կողմից հրապարակված սկանդալային բացահայտումը կամ, ինչպես շատերը սկսեցին անվանել, «ադրբեջանական լվացքատան» բացահայտումը միջազգային հանրության կողմից Ադրբեջանին ուղղված քննադատությունների նոր ալիք բարձրացրեց: Արևմտյան որոշ պաշտոնյաներ անգամ հանդես եկան կոչով` պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:

Քննադատություններին հետևեցին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի, ով ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» ակտիվ դերակատարներից է, պաշտոնից հեռացումը, այնուհետև ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ 2 բանաձևերի ընդունումը: Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող բանաձևում ոչ միայն նշվում է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վատթարացող վիճակի մասին, այլ նաև կոչ է արվում անհապաղ կատարել ՄԻԵԴ որոշումները, վերանայել քաղբանտարկյալների գործերը, ճնշում չգործադրել ակտիվիստների, լրագրողների և իրավապաշտպանների նկատմամբ:

Ինչ վերաբերում է 2014թ-ին ԵԽ-ում Ադրբեջանի նախագահությանն առնչվող բանաձևին, ապա այնտեղ շեշտվում է, որ Ադրբեջանի նախագահությունը ԵԽ-ում զուգակցվել է այդ երկրում մարդու իրավունքների աննախադեպ ոտնահարումներով, ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ և իրավապաշտպաններ, ովքեր համագործակցել են ԵԽ հետ՝ կոչ անելով վերջ դնել այդ գործելաոճին:

ԵԽԽՎ կողմից Ադրբեջանի վերաբերյալ բանաձևերի ընդունմանը հաջորդեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելու որոշումը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ վճիռը չկատարելու հետևանքով:

Նշենք, որ նախքան նման գործընթաց սկսելը, ԵԽ նախարարների կոմիտեն հրապարակել էր միջանկյալ զեկույց, որն Ադրբեջանից պահանջում էր բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել ՄԻԵԴ-ի վճիռը Իլգար Մամեդովի գործով, ինչպես նաև տեղեկացնում էր այս գործով իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին:

Չնայած նրան, որ Մամեդովը դեռևս չի գտնվում ազատության մեջ՝ ամենայն հավանականությամբ այն սարերի հետևում չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են Մամեդովին ազատելու հնարավորության մասին: Սրան զուգահեռ պետք է հիշել նաև,  որ ԵԽ նախարարների կոմիտեի պահանջի չկատարումը կհանգեցնի ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության դադարեցման, ինչը չի բխում Ադրբեջանի շահերից՝ չնայած ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը:

Միջազգային հանրության կողմից վերջին շրջանում ակտիվացած այս քննադատություններն, իհարկե, կարևոր են, սակայն, ոչ բավարար: Կարևոր է, որ Ադրբեջանի հանդեպ Արևմուտքի որդեգրած այս նոր քաղաքականությունը կրի շարունակական բնույթ և ներառի նաև հստակ գործողություններ, որոնք կցրեն Ադրբեջանի իշխանությունների մոտ ստեղծված անպատժելիության մթնոլորտը և կզսպեն վերջինիս կողմից հնարավոր արկածախնդրությունը:

Ինչ վերաբերում է 2018թ-ի հնարավոր զարգացումներին, ապա պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանում սպասվում են նախագահական ընտրություններ: Ուստի Ալիևյան կլանը մի կողմից փորձելու է հնարավորինս խուսափել միջազգային հանրության քննադատություններից, մյուս կողմից էլ դիմելու է տարաբնույթ գործողությունների շեղելու սեփական և միջազգային հանրության ուշադրությունը երկրում տիրող իրավիճակից և խուսափելու երկրի ներսում դժգոհությունների ալիքի առաջացումից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: