ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչը ստիպեց Սաուդյան Արաբիային հարգել կանանց իրավունքները

The Independent

Սաուդյան Արաբիան դեռ նախորդ տարվանից գլխավորում է Կանանց իրավունքների հարցերով ՄԱԿ հանձնաժողովը: Դեռ այն ժամանակ իրավապաշտպաններն այդ նշանակումը համեմատեցին հրդեհողին հրշեջ ծառայության ղեկավար նշանակելու հետ՝ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելով Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների խիստ սահմանափակումների վրա:

Ի հակադրություն իրավապաշտպանների քննադատություններին՝ Սաուդյան Արաբիայում արդեն սկսել են տեղի ունենալ մի շարք, թեկուզ ոչ էական բարեփոխումներ՝ կապված կանանց իրավունքների հետ: Այդ փոփոխություններն իրականացվում են Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմադ իբն Սալման ալ-Սաուդի առաջարկած սոցիալական բարեփոխումների շրջանակներում: Նախորդ տարի 32-ամյա արքայազնը ներկայացրեց «Տեսություն - 2030» ծրագիրը, որն, ըստ հեղինակների, հնարավորություն կտա երկրի տնտեսական մոդելը դարձնել ավելի ժամանակակից: Ներկայացնելով ծրագիրը՝ արքայազնը հայտարարեց, որ հնարավոր չէ փոխել տնտեսությունը՝ չփոխելով մարդկանց մտածելակերպն ու նրանց ապրելաոճը: Ըստ նրա՝ «ծայրահեղական կրոնական պահպանողականության դարաշրջանը պետք է անցյալում մնա»:

Արդյունքում, Սաուդյան Արաբիայում կանանց արդեն իսկ թույլ են տվել ծառայել բանակում: Էր Ռիադում, Մեդինայում, Մեքքայում և ալ-Կասիմում կանայք կարող են դիմել թափուր հաստիքների համար և աշխատանք ստանալ: Դրա համար նրանք պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների, մասնավորապես, ունենան դպրոցն ավարտելու վկայական, լինեն 25-35 տարեկան, ինչպես նաև իրենց խնամակալ-տղամարդկանց հետ ապրեն այնտեղ, որտեղ ցանկանում են աշխատել:

Ավելի վաղ՝ 2017 թվականի սեպտեմբերին, Սաուդյան Արաբիայում հրաման էր արձակվել, որի համաձյան՝ 2018 թվականի հունիսից կանայք կարող են վարորդական իրավունք ստանալ և մեքենա վարել: Բացի այդ, կանանց առաջին անգամ թույլատրվել է ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված միջոցառումներին: Դեկտեմբերին կանանց առաջին անգամ թույլատրել են նաև մասնակցել երաժշտական համերգի: Սաուդյան Արաբիայի կանայք արդեն իսկ իրավունք են ստացել մարզադաշտում նստած հետևել ֆուտբոլային հանդիպումներին: Նշենք, որ մարզադաշտերում կանանց և երեխաների համար հատուկ տեղեր կան նախատեսված: Դա նշանակում է, որ կանայք կարող են ֆուտբոլ դիտելու գնալ նույնիսկ առանց տղամարդու ուղեկցությամբ: Մարզադաշտի տարածքում գտնվող սրճարաններում և ռեստորաններում ևս կան հատուկ կանանց համար նախատեսված տեղեր, ինչը կապված է կրոնի պահանջների հետ: Նշենք նաև, որ նախորդ տարի նոյեմբերին Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ կանանց համալսարանական թիմերի բասկետբոլի առաջնություն: Եվս մի կարևոր փոփոխություն. արաբական այս երկրում կանանց թույլ են տվել զբաղվել բիզնեսով՝ առանց տղամարդ խնամակալի համաձայնության:

Եվ թեպետ միջազգային հանրությունը դրական է արձագանքել այս բոլոր բարեփոխումներին՝ Սաուդյան Արաբիայում կանայք մի շարք հարցերում շարունակում են կախված մնալ իրենց տղամարդ խնամակալներից՝ ամուսնուց, հորից, եղբորից, որդուց կամ որևէ այլ տղամարդ բարեկամից: Առանց տղամարդ խնամակալի թույլտվության կինը, մասնավորապես, չի կարող դիմում գրել անձնագիր ստանալու համար, արտասահման մեկնել, ամուսնանալ կամ ամուսնալուծվել, բանկում հաշվեհամար բացել, ոչ շտապ վիրահատության դիմել և այլն:

Կանանց նկատմամբ նման վերաբերմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի բնակչության մեծամասնությունը իսլամի սունիական ուղղության համեմատաբար նոր, սակայն բավական պահպանողական ճյուղի՝ վահաբիզմի հետևորդներ են: Վահաբիզմի հետևորդները գենդերային բացարձակ խտրականության կողմնակիցներ են և պահանջում  են կանանց հեռու պահել հասարակական կյանքից: Ուստի զարմանալի չէ, որ վերոնշյալ բոլոր փոփոխությունները խիստ բացասական արձագանք ստացան երկրի հոգևորականության կողմից: Ինչևէ, այս փաստն արքայազն Մուհամմադ իբն Սալմանին հետ չպահեց իր՝ Սաուդյան Արաբիան ավելի ժամանակակից դարձնելու ձգտումից: Դրան, թերևս, նպաստեց նաև այն, որ նրա բարեփոխումները դրական արձագանք ստացան երիտասարդների կողմից, որոնցից շատերը խոսում են անգլերեն, ունեն արևմտյան կրթություն, հոգնել են պահպանողական հասարակությունից և հույս ունեն ապրել մի երկրում, որտեղ ունեն առաջընթացի հնարավորություն: Մի բան ակնհայտ է, Սաուդյան Արաբիան շեղվել է մի շարք պահպանողական ավանդույթներից, ինչը շարունակականության հույս է ներշնչում, և երկրի նոր թագավորի պաշտոնավարման ժամանակաշրջանը միանշանակ կարող է մտնել պատմության մեջ՝ որպես պետական քաղաքականության անցումային շրջան՝ արմատապես փոխելով թագավորության սովորական դարձած բնույթը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: