ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի պատասխանն ԱՄՆ-ին կլինի համարժեք

Политикус

Եվրոպական երկրները դեռևս հույս ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացնել ծրագիր, որը կփրկի իրանական միջուկային համաձայնագիրը: Հիշեցնենք, որ Թրամփը, ով տվյալ համաձայնագիրը համարում է «աղետ», հայտարարել է դրանից դուրս գալու մտադրության մասին, ինչի վերաբերյալ պատրաստվում է վերջնական հայտարարություն անել մայիսի 12-ին:   

Թրամփի այս հայտարարությանն ի պատասխան` իրանական կողմն արդեն ասել է, որ փոփոխություններ չի կատարի և չի վերանայի 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրի պայմանները: Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանը «բարեխղճորեն կատարել է» համաձայնագրի կետերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ Վաշինգտոնը կզղջա, եթե որոշի դուրս գալ Իրանի հետ միջուկային գործարքից: Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաինդինեժադը հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները դուրս գան համաձայնագրից, Իրանը ևս կդադարեցնի իր մասնակցությունը, քանի որ Վաշինգտոնի կողմից դա կհանդիսանա «համաձայնագրի կարևոր մասի խախտում»: Դեսպանի խոսքով, Թեհրանն ԱՄՆ-ի  նման քայլին ի պատասխան մի քանի տարբերակ է դիտարկում, որոնց թվում են ուրանի հարստացումը, ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության վերանայումը և այլ գործողություններ, որոնք այժմ քննարկման փուլում են:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախկինում ևս բազմիցս հայտարարել է, որ 2015 թվական համաձայնագիրը «լավը չէ», և ինքը պատրաստվում է ԱՄՆ-ն դուրս բերել դրանից: Նշենք, որ համաձայնագրի մյուս անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան կողմ են հանդես գալիս դրա պահպանմանը:

Այսպես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնությունը պետք է հստակ պահպանվի, քանի որ այն առաջնային նշանակություն ունի միջազգային անվտանգության տեսանկյունից: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին հայտարարել է, որ եթե Վաշինգտոնը դուրս գա համաձայնագրից, աշխարհը կզրկվի միջուկային զենքի չտարածման կարևոր փաստաթղթից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում հանգել են այն եզրակացության, որ Իրանի հետ գործող համաձայնագիրը լավագույն միջոցն է՝ թույլ չտալու, որ Իրանը վերածվի միջուկային գերտերության: Ինչևէ, նրանք նշել են, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրը լրամշակվելու կարիք ունի:

Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ն ևս արդեն հայտարարել է, որ 2009 թվականից հետո Իրանի կողմից միջուկային զենքի մշակման որևէ գործողություն չի նկատել:

Համաձայնագիրը չչեղարկելու կոչով հանդես է եկել նաև ՄԱԿ գլխավոր քարտուղարը, ԵՄ-ն, Թուրքիան: Ի դեպ, ամերիկացիների մեծ մասը ևս գոհ չէ Թրամփի որոշումից: Վերջին հարցումները վկայում են, որ ԱՄՆ բնակիչների կեսից ավելին կողմ է, որ համաձայնագիրը շարունակի ուժի մեջ մնալ: Ինչևէ, Թրամփի քաղաքականությունն այս բոլոր արձագանքներից դեռևս որևէ փոփոխություն չի կրել:

Փորձագետների կարծիքով, միջուկային գործարքը խախտելու մեջ Իրանին մեղադրող Իսրայելը փորձում է դրանով սահմանափակել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում՝ միջազգային հանրությանը տրամադրելով վերջինիս դեմ: Հիշեցնենք, որ վերջերս Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանը փորձում է թաքցնել միջուկային ծրագիրն ու դրա արխիվները: Նրա խոսքով, Թեհրանի գաղտնի պահուստներից Իսրայելի ձեռքում են հայտնվել միջուկային զենքի վերաբերյալ տեղեկություն պարունակող տասնյակ հազարավոր էջեր և ֆայլեր: Չի բացառվում, որ Նեթանյահուի այս հայտարարությունից հետո վտանգը, որ ԱՄՆ-ն իսկապես դուրս կգա Իրանի հետ միջուկային գործարքից, շատ ավելի իրական է դառնում: Սակայն դա կարող է հանգեցնել աշխարհում նոր լուրջ հակամարտության առաջացաման, այս անգամ Իրանի դեմ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համագործակցության տեսքով: Հաշվի առնելով նոր հակամարտության առաջացման վտանգը, չի բացառվում, որ ԱՄՆ-ն համաձայնի դուրս չգալ գործարքից, սակայն սկսի զիջումներ պահանջել, որպեսզի համաձայնագիրը վերանայվի՝ ըստ ամերիկյան կողմի պահանջների: Այսինքն՝ ԱՄՆ-ն կփորձի Իրանի հետ կնքված համաձայնագիրը դարձնել առավել կոշտ: Այլ հարց է, որ Իրանը կարող է չհամաձայնվել նման պայմանների:      

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: