ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի պատասխանն ԱՄՆ գործողություններին չուշացավ

bbc.com

Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես և խոստացել էր, երկար սպասել չտվեց ԱՄՆ-ի վերջին գործողություններին ուղղված իր պատասխանին: Իրանի Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին արդեն տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ), որ վերսկսում է ուրանի հարստացման գործընթացը: Համապատասխան նամակը, որում նշված է միջուկային ծրագրի շրջանակներում աշխատանքների մեկնարկի մասին, արդեն ուղարկվել է ԱԷՄԳ:  

Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խոմեյնին կարգադրել է ատոմային էներգիայի հարցերով պատասխանատու նախարարությանը նախապատրաստվել ուրանի հարստացման գործընթացին: Նա հայտարարել է, որ Իրանը չի կարող միաժամանակ «գտնվել պատժամիջոցների ներքո, հրաժարվել իր միջուկային ծրագրից և հետևել այն սահմանափակումներին», որոնք իր վրա դրվել են միջազգային միջնորդների վեցնյակի (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա և Չինաստան) հետ կնքված համաձայնագրով:  

Ինչպես հայտնի է, մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկիրը դուրս է գալիս 2015 թվականին կնքված իրանական միջուկային ծրագրի մասին համաձայնագրից, որի համաձայն Իրանը հրաժարվում էր այդ ծրագրի հետագա զարգացումից, փոխարենը դադարում էին գործել այն պատժամիջոցները, որոնք ավելի վաղ Իրանի նկատմամբ սահմանել էին ԱՄՆ-ն և ԵՄ-ն:

Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Իրանը վերջնագիր էր ներկայացրել ԵՄ-ին՝ նշելով, որ երկիրը կշարունակի հետևել համաձայնագրի կետերին, եթե Եվրոպական միությունը փոխհատուցի այն վնասը, որը Թեհրանը կկրի ԱՄՆ գործողությունների պատճառով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցել է արդեն մոտ մեկ ամիս, իսկ եվրոպական երկրները դեռ որևէ լուրջ քայլ չեն կատարել այդ ուղղությամբ, ուրանի հարստացման գործընթացը վերսկսելու վերաբերյալ Իրանի հայտարարությունն այնքան էլ զարմանալի չի թվում:

Չուշացավ նաև միջազգային հանրության արձագանքն Իրանի հայտարարությանը: Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ եթե Իրանը վերսկսի ուրանի հարստացումը, դա կհանգեցնի «կարմիր գիծը» հատելուն: Նրա խոսքով, նման նախաձեռնությունն այնքան էլ ողջունելի չէ, սակայն այն, միևնույն ժամանակ, դեռևս չի խախտում Վիեննայի 2015 թվականի համաձայնագիրը:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ Թել-Ավիվը զարմացած չէ Իրանի հայտարարությունից: Ինչևէ, Նեթանյահուն նախազգուշացրել է, որ թույլ չի տա Իրանին ատոմային զենք ձեռք բերել:

Չինաստանն ու Հնդկաստանն իրենց հերթին հայտարարել են, որ նույնիսկ ԱՄՆ պատժամիջոցների առկայության պարագայում չեն հրաժարվելու Իրանի հետ առևտրատնտեսական համագործակցությունից:

Առայժմ չկարողանալով զսպել Իրանին՝ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են խնդիրը լուծել հակառակ կողմից՝ նամակով դիմելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին: Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի ֆինանսների ու արտաքին գործերի նախարարները նամակում մասնավորապես նշել են, որ Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները խափանում են Թեհրանի հետ «միջուկային գործարքի» պահպանմանն ուղղված ջանքերը:

Առաջին հայացքից իրադարձությունները զարգանում են ամենաբացասական սցենարով: Սակայն, չի բացառվում, որ նման քայլով Իրանը փորձում է ազդել ԱՄՆ որոշման վրա՝ միևնույն ժամանակ ստիպելով ԵՄ երկրներին դիմել առավել լուրջ և կտրուկ քայլերի: Հնարավոր է, որ կողմերն ի վերջո համաձայնեն գնալ որոշակի փոխզիջումների, որոնց հիման վրա հնարավոր լինի հասնել նոր համաձայնության: Հակառակ պարագայում, Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում հերթական սուր լարվածությունն ու նույնիսկ բախումն անխուսափելի կլինեն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    05.12.2024
       
    06.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: