ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

100 օրվա ընթացքում լուծել ենք հիմնական խնդիրը՝ ապահովել ենք երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության զարգացումը. Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ. «Լրանում է մեր կառավարության գործունեության 100 օրը, և ես ուզում եմ արձանագրել հետևյալը. այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը: Եվ, իմ կարծիքով, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, և այդ փուլի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է, այսինքն՝ շատ արագ և արդյունավետ բարեփոխումներ անելը, որպեսզի մեր երկրի և տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի մենք կարողանանք նաև բյուջետային քննարկումների համատեքստում արդեն շատ կոնկրետ հեռանկարներ և արդյունքներ արձանագրել: Այնպես որ ես հույս ունեմ, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում, կուտակված բովանդակությունը և էներգիան հնարավորություն է տալու, որ մենք նոր թափով իրագործենք և հետամուտ լինենք այն խնդիրներին, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը դրել է մեր առաջ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այդ խնդիրները լուծելու ենք արդյունավետ, լուծում ենք արդյունավետ, և հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հաղթանակն անխուսափելի է»:

ՀՀ վարչապետ. Երևանի ավագանու ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով

Գործադիրը որոշել է կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ: Համապատասխան որոշմամբ՝ այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Հանրապետության ոստիկանությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ն Երևանի արտահերթ ընտրությունների օրը կնշանակի որոշման հրապարակումից 30-40-օրյա ժամկետում: 
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սա մեր կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին այս մասշտաբի ընտրություններն են: Հույս ունեմ, որ բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը: Հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձևակերպված. ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ անելիք ունեն իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ գործելու ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վաղվա կամքի վրա որևէ ապօրինի ազդեցություն պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է: Ես, իհարկե, համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ որևէ մեկը՝ նկատի ունեմ հայտնի խմբերին և շրջանակներին, չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը: Եթե կտրվի՝ իր ընտրությունն է. այդ դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքը հստակ ասում է, թե ինչ պետք է անեն իրավապահ և պետական մարմինները»:


Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի պատշաճ մակարդակով անցկացմանը

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ 2018 թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով 2018 թ. ՀՀ պետբյուջեով ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացվել է 1,438,354.5 հազար դրամ: ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացրած նախահաշվի նախագծից հետո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության, ֆրանսիական «ԱԺԱՆՍ ՊՈՒԲԼԻԿՍ-ԳՐՈՒՊ» ընկերության ներկայացուցիչների հետ համատեղ, գագաթնաժողովի և հարակից միջոցառումների ծրագրերում կատարվել են բազմաթիվ հստակեցումներ՝ կապված մասնակից 84 երկրների, շուրջ երկու տասնյակ այլ բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցության ձևաչափի հետ, որոնց արդյունքում հնարավոր են հատկացված գումարի շրջանակում կատարվող աշխատանքների և ծառայությունների ավելացումներ և ծախսային վերաբաշխումներ, ինչպես նաև հավելյալ ծախսեր՝ կապված Ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսի անցկացման (շուրջ 300 հավելյալ լրագրողների կողմից գագաթնաժողովի և հարակից միջոցառումների լուսաբանում), Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման և գործունեության, Հանրապետության հրապարակում գալա-համերգի բեմի կառուցման և տեխնիկական հագեցվածության, Ֆրանկոֆոն տնտեսական ֆորումի անցկացման հետ: 
Վարչապետի հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Մենք ամբողջովին վստահ ենք, որ մեր նախապատրաստական աշխատանքներում ապահովում ենք գագաթնաժողովի պատշաճ և որակյալ անցկացումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աշխատանքները համակարգող բոլոր գործընկերներին: Արդեն ունենք զգալի թվով բարձր մակարդակով պատվիրակությունների հաստատումներ: Բովանդակային առումով նույնպես շարժվում ենք առաջ: Վստահ ենք, որ ապահովելու ենք արդյունավետ գագաթնաժողով նաև բովանդակային առումով: Դրա համար ունենք ամբողջ ռեսուրսը և կարողությունը»: 
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում տեղի են ունենում շաբաթական հանդիպումներ և վստահեցրել, որ գագաթնաժողովը կազմակերպվելու է բարձր մակարդակով: «Ունենալու ենք աննախադեպ միջոցառում, որին ներկա են լինելու տասնյակ երկրների ղեկավարներ»,- ընդգծել է փոխվարչապետը: 
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ հավելել է, որ ոստիկանությունը պատրաստ է միջոցառման անցկացմանը: «Մեր ուժերն ու միջոցները բավարար են, որ օդանավակայանից սկսած բարձր մակարդակով ապահովենք հասարակական կարգն ու անվտանգությունը»,- նշել է ոստիկանապետը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն էլ տեղեկացրել է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը պատշաճ ձևով կսպասարկի ամբողջ ծանրաբեռնվածությունը: Ըստ նրա՝ լուծվել է նաև գագաթնաժողովի տարածքը «WiFi» ցանցով ապահովելու խնդիրը:


Կառավարությունն ակնկալում է նոր թափ հաղորդել ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը

Կառավարությունը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած՝ «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Երևանի շոկոլադի գործարան» ՓԲԸ-ի ներկայացված հայտը բավարարելու մասին» որոշման մեջ: Ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել ներմուծել լրացուցիչ ապրանքներ, որոնք հայտի ներկայացման պահին ցանկում ներառված չեն եղել:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս կարգի նախագծեր կառավարության գրեթե ամեն նիստին քննարկվում է: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձը մեր տնտեսական դաշտում հստակ ընկալվում է, և սա նշանակում է, որ նոր սարքավորումներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն՝ արտադրանքի ծավալներն ընդլայնելու համար: Մենք հավանաբար առավել քան շահագրգռված ենք, որ Հայաստանում բիզնեսն աշխուժանա, և դրա միտումները կան: Հույս ունենք, որ մենք կառավարության գործունեության համատեքստում նոր ուժ, նոր թափ կտանք ներդրումների և բիզնեսի ակտիվացմանը, և տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները ոչ միայն չեն խոչընդոտի այդ պրոցեսին, այլև, հակառակը, առավել բարենպաստ պայմաններ կստեղծեն»,-նշել է վարչապետը:
«Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից ելնելով՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ կապահովվեն բարեգործության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները և կսահմանվեն բարեգործության կարգավորման իրավական հիմքերը: Տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց տեսակետներն ու դիտարկումները նախագծի վերաբերյալ: Տեղի ունեցած քննարկման արդյունքում որոշումն ընդունվել է: «Որոշումն ընդունենք այս ձևով մինչև առաջին խնդրի առաջացումը: Երբ խնդիր առաջանա, կոնկրետ կքննարկենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: 
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ՀՀ վիճակագրական կոմիտեին տրամադրվող տեղեկատվության ցանկը սահմանելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում՝ հնարավորություն կընձեռվի առավել ամբողջականացնել և իրավական առումով հստակորեն կանոնակարգել համապատասխան ցանկը՝ խուսափելով տարբեր գերատեսչությունների կողմից հավաքագրվող տեղեկատվական բազաներում առկա անհամապատասխանություններից:
Օգոստոսի 22-ին Երևանում «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը:
Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 21-ին կանցկացվի ՀՀ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: