ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիան ամրապնդում, թե՞ թուլացնում է Եվրամիությունը

AFP

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է ԵՄ Անվտանգության Խորհուրդ ձևավորելու անհրաժեշտության մասին՝ ԵՄ արտաքին քաղաքական հարցերում նոր կարգի հաստատման և աշխատունակության ամրապնդման նպատակով։ Այդ մասին նա ասել է սեպտեմբերի 30-ին՝ ելույթ ունենալով Օտտբոյրենում, հայտնում է DW-ն։

Կանցլերը նշել է, որ մշտապես միասնական կարծիքի վրա հիմնված արտաքին քաղաքականությունը չի կարող ապագայի համար խելամիտ լուծում լինել։ Դրա փոխարեն նա առաջարկել է ռոտացիոն սկզբունքով ձևավորվող Եվրամիության Անվտանգության Խորհուրդ ստեղծել։ Որպես հիմնավորում կանցլերը մատնանշել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ընթացքում առաջ եկած դժվարությունները։

Առաջարկվող ռոտացիոն սկզբունքը ենթադրում է, որ ԵՄ անդամ ոչ բոլոր երկրներն են մշտապես անդամակցելու Անվտանգության Խորհրդին։ Ըստ մամուլում արծարծվող տարբերակի՝ կարող է դիտարկվել ԱԽ այնպիսի կազմը, որտեղ Գերմանիան և Ֆրանսիան մշտական անդամի կարգավիճակ կունենան, իսկ մյուս երկրները կընդգրկվեն ռոտացիոն սկզբունքով։

ԵՄ Անվտանգության խորհրդի ստեղծման գաղափարն առաջին անգամ չէ հնչում Գերմանիայի կողմից։ Առաջին անգամ դրա մասին հայտարարվել է 2018թ․ հունիսին ֆրանս-գերմանական միջկառավարական խորհրդակցությունների արդյունքում։ Այն ժամանակ Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները նշել էին․ «Մեզ պետք են դեբատներ նոր ձևաչափերով, ինչպես ԵՄ Անվտանգության Խորհուրդը, որպեսզի հնարավոր լինի ապահովել ավելի սերտ կոորդինացում ԵՄ-ում և արտաքին ֆորումներում»։

ԵՄ արտաքին քաղաքականության կոորդինացումը եղել է Լիսաբոնի համաձայնագրի կնքմամբ նախատեսվող կարևորագույն բարեփոխումներից մեկը, որով պայմանավորված էր նաև ԵՄ արտաքին գործերի ծառայության ստեղծումը։ Դրա հետ մեկտեղ, նույնիսկ այս մարմնի գոյության 8 տարիների արդյունքում չի հաջողվել հասնել ԵՄ միասնական արտաքին քաղաքականության մշակմանը, քանի որ անդամ երկրներն ունեն իրենց արտաքին քաղաքական գերակայությունները և առաջին հերթին առաջնորդվում են ազգային շահերով։ Նույն սկզբունքն է տարածվում նաև այն որոշումների վրա, որոնք այսօրվա ԵՄ գործող կանոնակարգերով ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով։ Հենց դրանով է պայմանավորված այդ սկզբունքից հրաժարվելու Գերմանիայի և Ֆրանսիայի առաջարկը։

Այս երկու արևմտաեվրոպական երկրները, որոնք կանգնած են եղել Եվրամիության ձևավորման հիմքերում և այսօր էլ իրենց վրա են կրում միության տնտեսական ու քաղաքական «բեռի» զգալի մասը, ցանկանում են թելադրելու ավելի մեծ հնարավորություններ ունենալ։ Այլ հարց է, որ նման մոտեցումը հակասում է Եվրամիության հիմքում դրված սկզբունքներին և արժեքաբանությանը։ Եվ չի բացառվում, որ իրականություն դառնալու պարագայում այդ փոփոխությունները հետագայում արժեքային լուրջ ճգնաժամի պատճառ դառնան՝ ամրապնդելու փոխարեն սասանելով միությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: