ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղարաբաղյան կարգավորում. ինչո՞վ է պայմանավորված համանախագահող երկրների ակտիվացումը

Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Ղարաբաղյան հակամարտության կողմերին, այսպես կոչված, «ադապտացիոն շրջանի» հնարավորություն էր տվել՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ հայաստանյան նոր իշխանությունների դիրքորոշումը հասկանալու, մոտեցումները հստակեցնելու և խաղի կանոնների շուրջ համաձայնության գալու համար: Սեպտեմբերի 25-27-ին ՄԱԿ ԳԱ շրջանակներում Մինսկի խմբի համանախագահների առանձին և համատեղ հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ փաստեցին, որ «ադապտացիոն շրջանն» արդեն ավարտվել է, ավելին՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, չնայած որոշ աղմուկ բարձրացրած հայտարարությունների, պատրաստ է շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հաջորդ հանդիպումը համանախագահների հետ սպասվում է մինչև տարեվերջ՝ վերջիններիս՝ տարածաշրջան այցի շրջանակներում: Սակայն մինչև համանախագահները ժամանեն Երևան ու Բաքու, հուսանք նաև Ստեփանակերտ, Ղարաբաղյան խնդրի շուրջ ակտիվ բանակցություններ ու քննարկումներ են տեղի ունենում համանախագահող երկրների տարբեր մակարդակի պաշտոնյաների մասնակցությամբ: Պարզ է նաև, որ այս հանդիպումների օրակարգում Ղարաբաղյան խնդրի քննարկումը եթե նույնիսկ հայտարարված չէր, չէր կարող վերջինիս անդրադարձ չլինել:

Ռուսաստանի ակտիվացումը երևաց Դուշանբեում, երբ ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև կարճատև շփումը, որը, ՀՀ վարչապետի խոսքերով, բավական արդյունավետ ու բովանդակալից էր: Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել սահմանային լարվածությունը նվազեցնելու և «օպերատիվ կապ» հաստատելու շուրջ: Ճիշտ է, այս պայմանավորվածությունը դեռ ամբողջ ծավալով կյանքի չի կոչվել, և սահմանային լարվածությունն ու ադրբեջանական կողմի կրակոցները շարունակվում են, սակայն խնդրի կարգավորման ընդհանուր համատեքստում անգամ այսպիսի արդյունքը խիստ դրական է:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացի արդի փուլում ռուսական կողմի ակտիվ ներգրավվածության մասին է վկայում նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օպերատիվ այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, ինչի մասին հայտնի դարձավ ռուսական «Կոմերսանտ» թերթից: Թե ինչ են քննարկել կողմերը՝ հայտնի չէ, սակայն ինչ-որ բան հուշում է, որ ղարաբաղյան խնդիրը չի շրջանցվել: Դրա վկայությունն է և այն, որ Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո նախագահ Սարգսյանը մեկնեց Ստեփանակերտ, որտեղ հանդիպում ունեցավ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ՝ բավական լայն օրակարգով:

Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակներում: Չի բացառվում, ավելին` մեծ է հավանականությունը, որ Փաշինյան-Մակրոն ոչ պաշտոնական զրույցների ընթացքում անդրադարձ եղել է նաև Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Սակայն այստեղ առավել հետաքրքրական է այն, որ ի սկզբանե նախատեսված էր Մակրոնի պաշտոնական այցը Հայաստան, դրան զուգահեռ՝ այց նաև Ադրբեջան: Սակայն անհայտ պատճառներով արդյունքում Մակրոնն այցելեց միայն Հայաստան՝ այն էլ ոչ թե պաշտոնական, այլ աշխատանքային այցով: Մակրոնի այցի ընթացքում հայկական կողմի հետ հիմնախնդրի կարգավորման քննարկման մասին է վկայում նաև այն, որ Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանից հեռանալուց հետո մեկ այլ ձևաչափի ներքո՝ Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում, տեղի է ունենում Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի հետ: Օրակարգում Ղարաբաղյան հիմնահարցն էր:

Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացից անմասն չի մնում նաև ԵԱՀԿ երրորդ համանախագահող երկիրը՝ ԱՄՆ-ն: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` Նյու Յորքում հոկտեմբերի սկզբին կայացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: Հանդիպման օրակարգի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն դրանից հետո Սարգսյանի օպերատիվ այցը Մոսկվա, հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, Պոմպեոյի հետ հանդիպման թեմաների մեջ տեղ է գտնել նաև Ղարաբաղյան կարգավորումը:  Վերջինս քննարկվել է նաև հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի` Երևանում կայացած հանդիպման ժամանակ:

Ղարաբաղյան կարգավորման համատեքստում առավել կարևոր նշանակություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպասվող այցը տարածաշրջան: Այցի շրջանակներում Բոլթոնը կլինի Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում՝ «մի շարք կարևոր հարցեր քննարկելու»: Եթե հաշվի առնենք այն, որ Բոլթոնը ԱՄՆ ներկայիս վարչակազմում ունի ամենախնդրահարույց ու կարևոր հարցերը «լուծողի» համբավը, ապա ակնհայտ է դառնում այն մեծ կարևորությունը, որ ԱՄՆ-ն տալիս է հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին: Բնականաբար այստեղ միայն Ղարաբաղյան հարցը չէ, գուցե առաջինն էլ չէ, հաշվի առնելով Իրան-ԱՄՆ խնդիրները, սիրիական ճգնաժամը, սակայն այն, որ Ղարաբաղյան հարցում ևս լուրջ շեշտադրումներ կարվեն, կասկած չի հարուցում:

Ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող բոլոր երեք երկրներն ակտիվացրել են իրենց ջանքերը հայկական ու ադրբեջանական կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու և ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում որևէ առաջընթաց գրանցելու համար: Այս համատեքստում համանախագահների՝ արդեն խոստացված այցի արդյունքները գուցե ավելի շոշափելի լինեն՝ հաշվի առնելով դրան նախորդած մեծ թվով հանդիպումներն ու քննարկումները համանախագահությունը ներկայացնող երկրների ու կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով: Ամեն դեպքում, այս ողջ ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքը տեսանելի կլինի միայն այդ այցն ամփոփող հայտարարության մեջ, կամ կողմերի ստորագրությունն ունեցող որևէ այլ փաստաթղթում, ինչի հավանականությունն այս պահին այնքան էլ մեծ չէ՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    31.12.2024
       
    01.01.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: