ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլի գագաթաժողով. Իրանն ու ԱՄՆ դո՞ւրս են մնում սիրիական կարգավորումից

РИА Новости / Сергей Гунеев

Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանին կոչ է արել սիրիական հակամարտության կարգավորման հարցում դուրս չգալ ՄԱԿ-ի հովանու ներքո ընթացող Ժնևյան գործընթացից և փորձեր չանել կարգավորումն Աստանայի կամ Սոչիի ձևաչափ տեղափոխելու ուղղությամբ, քանի որ դրանք որևէ էական արդյունք չեն տվել: Պենտագոնի ղեկավարը նման հայտարարությամբ հանդես է գալիս Սիրիայի հարցով Ստամբուլում հոկտեմբերի 27-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ կայացած քառակողմ գագաթաժողովից հետո, որն, ինչպես նշում են մասնակցիները, անցել է բավականին կառուցողական մթնոլորտում: Նշենք, որ սա սիրիական հակամարտության կարգավորման նման առաջին ձևաչափն է: Թուրքիան և Ռուսաստանն Իրանի հետ միասին սիրիական կարգավորման հարցում համագործակցում են Աստանայի ձևաչափի շրջանակներում, իսկ Ֆրանսիան և Գերմանիան ավելի շատ ներգրավված են սիրիական կարգավորման ամերիկյան նախաձեռնություններում: (Այստեղ հետաքրքիր է, որ սիրիական կարգավորման ուղղությամբ աշխատող երկու ձևաչափերից էլ «բացականեր» կային` ի դեմս ԱՄՆ-ի և Իրանի: Նշենք որ ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվում է մասնակցել Աստանայի ձևաչափի նախաձեռնած քննարկուներին: Իսկ տվյալ դեպքում Իրանի մասնակցությունը կարող է բարդեցնել նման կարևոր գագաթաժողովի արդյունքների միջազգային ընկալումը):

Ստամբուլի ձևաչափով գագաթաժողովի հրավիրումն ինքնին լուրջ հարված է ԱՄՆ համար, որը վերջին շրջանում զգալիորեն կորցրել է իր դիրքերը մերձավորարևելյան այս երկրում. Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը Ստամբուլի գագաթաժողովին խոսում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Աստանայի ձևաչափի շրջանակներում արդեն մոտ երկու տարի շարունակվող ջանքերը սիրիական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարածաշրջանային մակարդակից անցնում են միջազգայինի և հետևաբար, հաջողությամբ պսակվելու էլ ավելի մեծ հնարավորություն են ստանում: Իսկ դա կնշանակի Սիրիայում ԱՄՆ լիարժեք ձախողում:

Ուստի, միանգամայն սպասելի էր ԱՄՆ նման արձագանքը, ինչպես նաև այն, որ Վաշինգտոնը կփորձի մեծացնել ճնշումն իր եվրոպացի գործընկերների՝ Ֆրանսիայի և Գերմանիայի վրա սիրիական կարգավորումը Ռուսաստանի հովանու ներքո թույլ չտալու համար: Սակայն ինչքանով դա կհաջողվի վերջինիս, դժվար է ասել: Սիրիական համակարտության արդյունքում փախստականների չդադարող հոսքերը, ինչպես նաև ազգային անվտանգության համար իսլամական ծայրահեղականությունից բխող վտանգներն իսկական պատուհաս են դարձել եվրոպական իշխանությունների համար: Թրամփի՝ բացառապես ԱՄՆ շահերով առաջնորդվելու, եվրոպացի գործընկերների հետ հաշվի չնստելու քաղաքականության արդյունքում այդ մարտահրավերները հաղթահարելու հարցում եվրոպացիներն այլևս չեն կարող ապավինել ԱՄՆ-ին և նման պայմաններում փորձում են իրենց խնդիրները կարգավորել` այդ թվում ԱՄՆ համար անընդունելի հարթակներում:

Այստեղ հարկ է նկատել, որ Ռուսաստանի կողմից նախաձեռնած Աստանայի ձևաչափը, չնայած ԱՄՆ պնդումներին, բավականին արդյունավետ է (ի տարբերություն Ժնևյան գործընթացի), ինչի մասին վկայում են այդ թվում նաև ՄԱԿ-ի տված գնահատականները և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի մասնակցությունն այս ձևաչափի ներքո կայացած վերջին հանդիպումներին: Նշենք, որ Աստանայի ձևաչափի ներքո հնարավոր է դարձել Սիրիայում իրավիճակի կայունացումը` դեէսկալացիայի գոտիների ստեղծումով, իսկ Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ ռուս-թուրքական վերջին պայմանավորվածության արդյունքում Սիրիայում այլևս մասշտաբային ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն էլ իրական հնարավորություն է տալիս քայլեր ձեռնարկելու հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ:

Ընդհանուր առմամբ, Ստամբուլի գագաթաժողովում կողմերը կարելի է ասել փորձել են հասկանալ խաղաղ կարգավորման գործընթացում իրենց դիրքորոշումների հատման կետերը և համապատասխանեցնել ժամացույցի սլաքները: Կողմերի դիրքորոշումներում այդ հատման կետերն էին Սիրիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը, անզիջում պայքարն ահաբեկչության դեմ և հարատև հրադադարի ու փախստականների վերադարձի համար պայմանների ապահովման նպատակով երկրի սահմանադրական վերաձևավորումը: Այդ նպատակով կողմերը հատկապես կարևորել են ՄԱԿ-ի հովանու ներքո Սահմանադրական հանձնաժողովի ձևավորումը, որում ներկայացված կլինի այսօր Սիրիայի ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր ուժերը: Նշենք, որ վերջինիս աշխատանքները նախատեսվում է սկսել նոյեմբերի վերջին Ժնևում: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: