ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ Թրամփը լեզու չի գտնում ԶԼՄ-ների հետ

AP Photo/ Evan Vucci

Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վերաբերյալ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ավելի նկատելի դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ոչ բարյացակամ վերաբերմունքը ԶԼՄ-ների նկատմամբ:

Ինչպես հայտնում է Independent-ը` Թրամփը հրամայել է ամերիկյան Urban Radio Networks- ի լրագրող Ափրիլ Ռայանին նստել, երբ վերջինս փորձել է հարց ուղղել նախագահին: «Ես այստեղ եմ եկել լավ տրամադրված` ցանկանալով պատասխանել բոլոր հարցերին, սակայն տեսնում եմ մարդկանց, որոնք փորձում են ցատկել իրենց տեղերից և բծախնդիր հարցեր տալ ինձ», -ասել է Թրամփը:

Իսկ երբ PBS NewsHour-ի թղթակիցը փորձել է հետաքրքրվել, թե ինչու է նախընտրական քարոզարավի ժամանակ Թրամփն ինքն իրեն ազգայնական անվանել, ԱՄՆ նախագահն ընդհատել է նրան` այդ հարցն անվանելով ռասիստական հարց:

Ասուլիսի ժամանակ լարվածությունն էլ ավելի է ուժգնացել, երբ անդրադառնալով Կենտրոնական Ամերիկայից Միացյալ Նահանգներ ուղևորվող միգրանտների քարավանին, CNN-ի լրագրող Ջիմ Աքոսթան հարցրել է Թրամփին, թե արդյո՞ք նա չի շահարկել միգրանտների խնդիրը նախընտրական արշավի ընթացքում: «Թողե՛ք ղեկավարեմ երկիրը, իսկ դուք ղեկավարեք CNN-ը։ Ու եթե լավ ղեկավարած լինեիք, ձեր վարկանիշը շատ ավելի բարձր կլիներ», - ասել է Թրամփը և պահանջել, որ լրագրողը հանձնի խոսափողը:

Եվ երբ Աքոսթան արդեն առանց խոսափողի հիշեցրել է վերջին իրադարձությունների մասին, երբ CNN-ը և Թրամփի մյուս հակառակորդները փոստով պայթուցիկ սարքեր էին ստացել, նախագահը բռնկվել է: «Երբ դուք կեղծ լուրեր եք հաղորդում, իսկ CNN-ը հաճախ է այդպես անում, ազգի թշնամիների եք վերածվում», -ասել է Թրամփը:

Նշենք, որ լրագրողների վրա այս հարձակումն առաջին դեպքը չէ: Գրեթե իր բոլոր ելույթներում Թրամփը հանդես է գալիս ԶԼՄ-ների դեմ քննադատությամբ: Մասնավորապես նրա թիրախում են հայտնվում այն լրատվամիջոցները, որոնք  նյութեր են հրապարակում իր ունեցվածքի կամ 2016-ի ամերիկյան ընտրություններին ռուսական հնարավոր միջամտության վերաբերյալ: Նշենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս է կոչ  արել ամերիկյան ԶԼՄ-ներին վերջ տալ ստախոսությանը և հրաժարվել Ռուսաստանի միջամտության վերաբերյալ կեղծ պատմություններ հորինելուց:  «Ֆեյքային լրատվամիջոցներն այնքան շատ են ուզում լուրջ առճակատում տեսնել Ռուսաստանի հետ, անգամ՝ այնպիսի առճակատում, որը կարող է պատերազմի հանգեցնել»,- իր թվիթերյան գրառումներից մեկում նշել է Թրամփը:

Նշենք, որ այս տարվա սկզբին Թրամփն անգամ Twitter-ում մրցանակներ է շնորհել իր կողմից ընտրված «կեղծ ԶԼՄ-ներին»։  Ցուցակը գլխավորել է New York Times-ի սյունակագիր Փոլ Կրուգմանը, ով առաջին տեղն է զբաղեցրել 2016-ի նախագահական ընտրությունների գիշերն իր արած կանխատեսնումների համար։ «Կարծես թե նախագահ է դառնելու Դոնալդ Թրամփը: Սպասվում է, որ շուկաները կփլուզվեն, իսկ թե երբ կվերականգնվեն, հարցի նախնական պատասխանն այսպիսին է՝ երբեք»,-գրել է Կրուգմանը։

Երկրորդ տեղում լրագրող Բրայան Ռոսն է, ում հեռացրել են ABC News-ի եթերից՝ Ռուսաստանի` ԱՄՆ ընտրություններին միջամտություն ունենալու վերաբերյալ կեղծ նորություն տարածելու համար։ Ցուցակի երրորդ տեղում հայտնվել է CNN հեռուստալիքը, որը հայտնել էր, որ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները WikiLeaks-ից ստացել է առաջարկ՝ ուսումնասիրելու կայքի տրամադրության տակ հայտնված Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի փաստաթղթերը մինչ դրանց հրապարակումը։

Հարկ է նշել, որ Թրամփը չի սահմանափակվում միայն ԶԼՄ-ներին քննադատելով:

Ավելի վաղ, ինչպես հայտնում է Forbes-ը, Թրամփը պահանջել է աշխատանքից հեռացնել «NBC News»-ի տնօրենների խորհրդի նախագահ Էնդի Լեկային և CNN-ի ղեկավար Ջեֆ Ցուկերին: Երկրի ղեկավարին բարկացրել է CNN-ի կողմից հրապարակաված հոդվածը, որում, անանուն աղբյուրներին հղում տալով, նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը ապացույցներ ունի նախագահի դեմ: «Անանուն աղբյուրներ գոյություն չունեն, սա փաստ է: Դրանք լրագրողների կողմից մտածված հորինվածքներ են, «կեղծ նորություններ»: Նայեք CNN- ի ստերին: Ժողովրդի թշնամիներ ... Երբ տեսնում եք անանուն աղբյուր, դադարեք կարդալ, դա սուտ է », - գրել է Թրամփն իր Twitter- ում:

Այս ամենի համատեքստում հատկանշական է, որ Թրամփն ու իր վարչակազմը լրատվամիջոցներին դիտարկում են որպես ընդդիմադիր կուսակցության:  Թրամփի` լրատվամիջոցների հետ շարունակաբար տեղի ունեցող առճակատումը, կարծես թե, Սպիտակ տան ռազմավարության մի մասն է կազմում: Նշենք, որ Թրամփի` պետության ղեկավարումը ստանձնելուց անմիջապես հետո նրա խորհրդականներից Սթիվ Բենոնն իր վրա ստանձնեց լրատվամիջոցներին որպես «ընդդիմադիր կուսակցություն» ներկայացնելու պարտականությունը` կոչ անելով նրանց «պահել լեզուները իրենց բերաններում»: Մարդու իրավունքների պաշտպանների մի ստվար խմբի կարծիքով այդ ռազմավարությունն ուղղված է ԶԼՄ-ների նկատմամբ վստահությունը թուլացնելուն ու ճշմարտության նկատմամբ թերահավատություն տարածելուն:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Թրամփի և ԶԼՄ-ների միջև լարված հարաբերությունները սկսվել են դեռևս 1980-ական թվականներից: 1985-ին Թրամփն, ով արդեն իսկ հաջողակ գործարարի համբավ էր ձեռք բերել ողջ ԱՄՆ-ում, առաջին անգամ մասնակցելով «60 րոպե» քաղաքական և սոցիալական հեռուստաշոուին չի զլացել քննադատել ԶԼՄ-ներին:  «Կարծում եմ, նրանք ինձ ավելի վատն են ներկայացնում, քան իրականում կամ»: Գործարարին դեռևս այն ժամանակից դուր չէր գալիս այն հանգամանքը, որ լրագրողները փորձում էին հետաքրքրվել իր ունեցվածքով: Դրա վառ ապացույցն էլ 1990-ին տեղի ունեցած Թրամփի առաջին մեծ մեդիա սկանդալն է, երբ վերջինս անսպասելիորեն ընդհատելով CNN-ի թղթակից Չարլզ Ֆելդմանի հետ հարցազրույցը, ով փորձել էր հետաքրքվել գործարարի Ատլանտայի խաղատան ֆինանսական վիճակով, հանել է խոսափողը և դուրս եկել դահլիճից…


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: