ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփի բարդ հարաբերությունները միգրանտների հետ. ներգաղթյալների հոսքն ինչո՞վ է սպառնում ԱՄՆ-ին

Variety

Միգրացիոն քաղաքականությունը տարիներ ի վեր եղել է ԱՄՆ իշխանությունների առաջնահերթություններից մեկը: Ամեն տարի ԱՄՆ բնակչությունը համալրվում է մեկ միլիոն մարդով, որոնց մեծ մասը տարբեր երկրներից ժամանած ներգաղթյալներն են կազմում: Վաշինգտոնի «Ներգաղթի ուսումնասիրության կենտրոն»-ի տվյալներով, 2016 թ. հուլիսին ներգաղթյալների ընդհանուր թիվը, որոնց թվում են ինչպես  օրինական, այնպես էլ անօրինական եղանակով ներգաղթած անձինք, հասել է 43.7 միլիոն մարդու, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության(323.1 միլիոն) 13.5% -ը: Սա վերջին 106 տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Փորձագետների կանխատեսումների համաձայն, 2023թ. ներգաղթյալների թիվը երկրում կավելանա մինչև 14.8%-ով, իսկ ԱՄՆ ներգաղթի տեմպերի նույն մակարդակը պահպանվելու դեպքում երկրի ընդհանուր բնակչությունը մինչև 2050 թվականը կավելանա 40 տոկոսով՝ հասնելով 436 միլիոնի:

Նշենք, որ Բարաք Օբամայի պաշտոնավարման ընթացքում Միացյալ Նահանգներում ստեղծված աշխատատեղերի 67 տոկոսը զբաղեցրել են օրինական և անօրինական եղանակով ներգաղթած անձինք, ինչն էլ տարիներ շարունակ զայրույթի մեծ ալիք է բարձրացրել տեղաբնակների շրջանում:

Քաջ գիտակցելով այդ հանգամանքը` 2016 թ. նոյեմբերի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացավ խստացնել ներգաղթի վերահսկողությունը, կրճատել դրա հոսքը և աշխատանքի դիմելու համար նախապատվությունը տալ ամերիկացիներին, այլ ոչ թե այլ երկրներից ժամանած ներգաղթյալներին, ինչն էլ մեծ դեր խաղաց նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մեջ:

Նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Թրամփն ապօրինի ներգաղթի դեմ պայքարի վերաբերյալ երկու հրամանագիր ստորագրեց. առաջին հրամանագրերից մեկով նախատեսվում է 3 հազար կմ երկարությամբ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, իսկ երկրորդով արգելվեց իսլամական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և չեղյալ հայտարարվեց ավելի քան 100 հազար մուտքի արտոնագիր:

Սակայն միգրացիայի դեմ պայքարն ավելի դաժան դարձավ, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց ներգաղթի մասին օրենքը խախտողների հանդեպ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության մեկնարկի մասին, որը վերաբերում էր նաև նրանց, ովքեր երեխաների հետ էին պատրաստվում սահմանը հատել: Թրամփն այս հրամանագիրը ստորգարել է` չնայած ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի իրավապահ մարմինների, և անգամ կնոջ` Մելանյա Թրամփի ճնշումներին: Արդյունքում, ծնողներին պարտադիր պայմանով պահում էին կալանքի տակ, իսկ նրանց երեխաներին ուղարկում ճամբարներ, քանի որ ամերիկյան օրենքով նրանք ենթակա չեն ձերբակալման: Այս քաղաքականության համաձայն, միայն ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության տվյալներով, ապրիլից մինչև մայիսի վերջը մոտ երկու հազար երեխա է բաժանվել ծնողներից:   Թրամփի այս քայլը կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ, որի նպատակը ներգաղթյալների շրջանում սարսափի մթնոլորտ ստեղծելն ու  փախստականներին ստիպելն էր այլևս չփորձել մուտք գործել ԱՄՆ:  

Նշենք, որ փախստականների համար միակ «փրկությունն» այժմ դատական համակարգն է ու դեմոկրատների` Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունենալու հանգամանքը:  Դոնալդ Թրամփը չունի միգրացիայի հարցերում լայն լիազորություններ, իսկ այդ լիազորությունների սահմանները որոշվում են ԱՄՆ դատական իշխանության կողմից: Բացի այդ, դատարաններն իրավունք ունեն, նախագահի հրամանագրերը հակասահմանադրական համարելով, արգելափակել դրանք: Սակայն այս պարագայում դա ավելի շատ կախված է նրանից, թե որքանով են դատավորները պատրաստակամ օգնել ներգաղթյալներին, և թե որքանով են կարողանում ազատ գործել:  Ինչ վերաբերում է դեմոկրատներին, ապա վերջին միջանկյալ ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմելով` նրանք առաջիկա երկու տարիներին ցանկության դեպքում կարող են արգելափակել Թրամփի միգրացիոն օրենսդրական օրակարգը:

Հարկ է նշել, որ անօրինական ներգաղթյալների համար խոչընդոտներն ավելի են շատանում: Միգրացիոն ոստիկանությունն սկսել է հատուկ ռեադմիսիաներ իրականացնել փաստաթղթերի ստուգման համար: Անօրինական ներգաղթյալներին, որոնք առնվազն մեկ անգամ աննշան խախտել են օրենքը (դա կարող է վերաբերել երթևեկության կանոնների խախտումներին), անմիջապես արտաքսման են ենթարկվում:  Նախկինում ԱՄՆ-ի բազմաթիվ մշտական բնակիչներ չէին շտապում քաղաքացիություն ձեռք բերել, քանի որ այս ընթացակարգը բավականին ծախսատար է` հարկերի վճարում, փաստաբանական ծառայություններ, անգլերեն լեզվի քննության նախապատրաստում, թեստերի հանձնում: Սակայն Թրամփի նախագահության տարիներին նրանցից շատերը, վախենալով արտաքսվելուց, սկսեցին դիմել իրավաբաններին` քաղաքացիություն ձեռք բերելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: Նման հայտերի թիվը զգալիորեն աճել է. 2016 թվականի դրությամբ վերջին 9 տարվա ընթացքում գրանցվել է ռեկորդային թվով` մոտ 1 մլն հայտ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 4,63 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: