ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ դեմոկրատներին իմպիչմենտ հայտարարել Թրամփին

NICHOLAS KAMM/AFP/Getty Images

Ամերիկյան քաղաքական շրջանակներում կրկին բարձրաձայնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփին իմպիչմենտ հայտարարելու հարցը: Նշենք, որ Թրամփին իմպիչմենտ հայտարարելու հարցը նոր չէ, այն կարելի է ասել ուղեկցում է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնին նշանակվելու առաջին իսկ ամիսներից: Եթե նախկինում այս հարցը պարզապես քննարկման թեմա էր համարվում, և այն իրականություն դարձնելու նպատակով ոչ մի կոնկրետ քայլ չէր ձեռնարկվում, ապա այժմ CNN-ի փոխանցմամբ, իմպիչմենտի հավանականությունը մեծ է:

Նշենք, որ իմպիչմենտ հայտարարելու հնարավոր պատճառներից մեկը Թրամփի կողմից քարոզարշավի ֆինանսավորման կանոնները խախտելու հանգամանքն է: Նյու Յորքից դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջերոլդ Նեդլերի խոսքով` եթե ապացուցվի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր փաստաբանին վճարել նախկին Playboy ամսագրի մոդելին, որպեսզի վերջինս լռի իրենց հարաբերությունների մասին, դա կարող է համարվել քարոզչության ֆինանսավորման կանոնների խախտում և հիմք դառնալ իմպիչմենտի համար:

«Սա կարող է դառնալ իմպիչմենտ ենթադրող խախտում: Արդյոք այդպիսի խախտումը բավականաչափ կարևոր է, որպեսզի հանգեցնի իմպիչմենտի, այլ հարց է: Բայց, իհարկե, այդ խախտումը թույլ է տալիս իմպիչմենտի գործ սկսել, քանի որ, չնայած նրան, որ դա տեղի է ունեցել Թրամփի նախագահ դառնալուց առաջ, դրանք նպատակ են ունեցել անազնիվ ընտրապայքար տանել», - ասել է Նեդլերը, ով 2019 թվականի հունվարին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների մեծամասնություն կազմելուց հետո կգլխավորի Իրավաբանական կոմիտեն:

Նշենք, որ այս ուղղությամբ որոշակի փաստեր արդեն իսկ գոյություն ունեն: 2018թ. ամռանը Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը ձայնագրություն է հրապարակել, որում Թրամփը Քոենի հետ քննարկում է, թե որքան գումար պետք է վճարեն Playboy-ի նախկին մոդել Կարեն Մակդուգալին, որը ենթադրաբար  կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հետ (Միացյալ Նահանգների սահմանադրության համաձայն, քարոզարշավի համար կատարված բոլոր ֆինանսական վճարումները պետք է բաց լինեն հանրության համար, ընդ որում նման վճարումները չպետք է գերազանցեն 2,700 դոլարը): Ձայնագրությունը հավանաբար արվել է 2016 թվականի նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ: Քոենը պնդել է, որ մոդելին վճարել է Թրամփի խնդրանքով, ավելին` դատարանում արդեն խոստովանել է իր մեղքը` քարոզարշավի ընթացքում ֆինանսավորման կանոնները խախտելու համար: Սակայն Թրամփը չի ընդունում իր մեղքի բաժինը` նշելով, որ Քոենը պարզապես ստում է: Բացի այդ, Reuters-ին տված հարցազրույցում վերջինս հայտարարել է, որ չի անհանգստանում հնարավոր իմպիչմենտի պատճառով, քանի որ ոչ մի վատ բան չի արել և օրենք չի խախտել: «Դժվար է իմպիչմենտ հայտարարել մեկին, ով ոչ մի վատ բան չի արել և ստեղծել է մեր երկրի պատմության մեջ հզորագույն տնտեսությունը: Ես ընդհանրապես մտահոգված չեմ: Կարծում եմ, որ ժողովուրդը կապստամբի, եթե դա տեղի ունենա», - ասել է Թրամփը:

Չնայած նրան, որ Թրամփը հրապարակայնորեն չի ընդունում իր մեղքի բաժինը (ինչը սպասելի է), այնուամենայնիվ, նշենք, որ CNN-ի փոխանցմամբ` վերջինս որոշակի շրջանակներում ավելի վաղ հայտնել է, որ կարծում է` իմպիչմենտի հավանականությունն այս անգամ մեծ է: Հղում կատարելով իր սեփական աղբյուրներին` պարբերականը նշում է, որ Թրամփի կարծիքով դա կարող է տեղի ունենալ հունվար ամսին, երբ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես կստանձնի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը:

Նշենք, որ ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է կազմելու Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, ինչն էլ նրանց համար հնարավորություն է  ստեղծում հետաքննություն նախաձեռնել Թրամփի դեմ ոչ միայն Playboy-ի մոդելի հետ կապված գործով, այլ նաև ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով:  Ամենակարևորն այն է, որ վերջիններս իրավունք ունեն հետաքննական  հանձնաժողովներ ստեղծել  և «ստիպել»  բոլորին  գալ և ցուցմունք տալ: Սակայն նշենք, որ Թրամփն արդեն իսկ խոստացել է, որ չի գնա քննչական հանձնաժողովներ և վկայություն չի տա: Նա նաև սպառնացել է կրճատել  հնարավոր բոլոր հանձնաժողովների ֆինանսավորումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: