ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ հարաբերությունները 2018-ին․ ակնկալիքներ և անորոշություն

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները 2018 թվական էին թևակոխել կարևոր հանգրվանում․ 2017թ․ նոյեմբերին կնքվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Դրան պետք է հաջորդեր համաձայնագրի վավերացումը Հայաստանի և ԵՄ անդամ երկրների կողմից և դրա կիրարկման համար քաղաքական ու ինստիտուցիոնալ ակտիվ համագործակցությունը։

2018թ․ ապրիլի 11-ին համաձայնագիրը միաձայն վավերացվեց ՀՀ Ազգային Ժողովի կողմից, ինչը հնարավորություն տվեց հունիսի 1-ից սկսել դրա ժամանակավոր կիրարկումը։ Եվրախորհրդարանի կողմից համաձայնագիրը հաստատվեց հուլիսի 4-ին։ Սակայն, փաստաթուղթը դեռ պետք է վավերացվի նաև ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից։ Այս տարվա ընթացքում ԵՄ երկրներից համաձայնագիրը վավերացրել է ինը երկիր՝ Էստոնիան (հունվարի 12), Լատվիան (ապրիլի 19), Լիտվան (մայիսի 24), Բուլղարիան (հունիսի 13), Լեհաստանը (հունիսի 29), Լյուքսեմբուրգը (հունիսի 29), Մեծ Բրիտանիան (հուլիսի 18), Դանիան (սեպտեմբերի 19), Ռումինիան (հոկտեմբերի 8-ին)։  Որոշ երկրներում վավերացման գործընթացը տարվա սկզբին մեկնարկել էր, բայց ավարտին չի հասցվել, օրինակ՝ Ֆրանսիայում դեռևս հուլիսին հայտարարվեց կառավարության կողմից համաձայնագրի հաստատման գործընթացի ավարտի մասին, բայց խորհրդարանի օրակարգում այն դեռևս չի ներառվել։

Համաձայնագրի արագ վավերացումը խիստ կարևոր է Հայաստանի համար, քանի որ միայն ԵՄ անդամ բոլոր երկրների վավերացումից հետո այն լիարժեք ուժի մեջ կմտնի։ Այժմ կիրարկվում են միայն այն դրույթները, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ հարաբերություններին և չեն առնչվում առանձին ԵՄ անդամ երկրներին։

ԵՄ անդամ երկրները, կարծես, տրամադրված չեն խոչընդոտներ ստեղծել վավերացման համար, սակայն հեղափոխությունից հետո արագ վավերացման անհրաժեշտությունը բավական հազվադեպ է ամենաբարձր մակարդակով շեշտվում ՀՀ իշխանությունների կողմից, ինչը կարող է տպավորություն ստեղծել, որ գործընթացն այնքան էլ կարևոր չէ գործող իշխանությունների համար։

Միաժամանակ, հայաստանյան և եվրոպական գործադիր մարմինները ողջ տարվա ընթացքում հետևողականորեն շարունակել են աշխատանքը։ Հունիսի 21-ին Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը, որը կողմերի նախարարական մակարդակով համագործակցության ձևաչափն է և որոշումներ ընդունող հիմնական մարմինը, նոյեմբերի 27-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի առաջին նիստը՝ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով գործող ձևաչափը։ Մշակվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը, որն ամրագրում է համաձայնագրի կատարմանն ուղղված հստակ գործողություններ բոլոր ոլորտներում՝ 300-ից ավելի գործողություն։ Հոկտեմբերի 24-ին Բրյուսելում գումարվել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը, ընդունվել է համատեղ հայտարարություն։

ԵՄ կողմից Հայաստանին ֆինանսական միջոցների տրամադրումը շարունակվում է իրականացվել 2017-2020թթ. համար մշակված ծրագրով, որի ընդհանուր ծավալը 160 մլն եվրո է։ Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հրապարակած տվյալների` 2017թ.-ին տրամադրվել է 34.5 մլն եվրո, 2018թ.՝ 36 մլն + 10 մլն եվրո։ 2019թ․ին նախատեսվում է, որ բյուջեն մոտ 10 տոկոսով ավել կլինի 2018թ․-ից, դրա համար մշակվում են համապատասխան ծրագրեր։ Այս հարցով ԵՄ-ի և Հայաստանի իշխանությունների միջև որոշակի բարդություններ ծագեցին հեղափոխությունից հետո։ Մասնավորապես՝ հեղափոխության վերաբերյալ ԵՄ կողմից հնչող դրական գնահատականների ֆոնին ՀՀ իշխանություններն ակնկալում էին ֆինանսական աջակցության ծավալների զգալի աճ, սակայն ԵՄ-ն չշտապեց ավելացնել ֆինանսավորումը՝ սպասելով բարեփոխումների հարցում տեսանելի առաջընթացի և հստակ արդյունքների։ Բացի այդ, ԵՄ կողմից սպասողական կեցվածքը կապված էր նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։

Հեղափոխությունից հետո ստեղծված որոշակի անորոշությունն արտահայտվեց նաև ՀՀ-ԵՄ քաղաքական հարաբերությունների վրա։ 2018թ․-ին առաջին անգամ ողջ տարվա ընթացքում Հայաստան չի այցելել Եվրամիությունը (ոչ թե ԵՄ անդամ երկրները) ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա։ ՀՀ վարչապետի մակարդակով նույնպես որևէ պաշտոնական այց ԵՄ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը ԵՄ ղեկավարության հետ ունեցել է մեկ հանդիպում հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում, որի հիմնական առիթը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ոչ ֆորմալ գագաթաժողովն էր։ Գագաթաժողովի շրջանակներում վարչապետը հանդիպումներ է անցկացրել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել և զարգացնել համագործակցությունը։ Սակայն Բրյուսել այցից հետո օդանավակայանում լրագրողների հետ Փաշինյանի շփումների ժամանակ արված հայտարարություններից ակնհայտ դարձավ, որ Եվրամիության և Հայաստանի իշխանությունների միջև որոշակի չհասկացվածություն է մնացել, ՀՀ իշխանությունները պահանջներ են ներկայացրել, որոնց պատասխանը չեն ստացել։ Դրան հետևեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկու հայտարարությունն այն մասին, որ իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները, սակայն ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական և ֆինանսական։ Եվս մեկ հանդիպում Եվրահանձնաժողովի նախագահի հետ Փաշինյանն ունեցել է Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ շրջանակներում։

Հիմնական խնդիրը նրանում է, որ ԵՄ կողմից ֆինանսավորման ծավալների փոփոխությունը չի կարող պայմանավորված լինել բացառապես տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներով։ Ֆինանսավորումը տրամադրվել է «ավելին ավելիի դիմաց» սկզբունքով, ինչը նշանակում է, որ ավելի շատ ֆինանսավորման համար անհրաժեշտ են բարեփոխումներ, հստակ արդյունքներ և ներկայացվող ծրագրեր։ Տարվա ընթացքում տեղի են ունեցել ԵՄ աջակցությամբ նաև մի շարք միջոցառումներ, համաժողովներ, շարունակել են գործել առկա ծրագրերը։

ԵՄ մուտքի վիզաների ազատականացման հարցում այս տարվա ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել։

Ամփոփելով տարին կարող ենք արձանագրել, որ այն կարևոր էր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումն ու կիրարկումը սկսելու, ինստիտուցիոնալ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու առումով։ Դրա հետ մեկտեղ, քաղաքական երկխոսության մեջ առկա է որոշակի անորոշություն, որը ընտրություններից հետո կարևոր է հաղթահարել։ Բավական քիչ են եղել ուղիղ շփումները ԵՄ ղեկավարության հետ, և եվրոպական գործընկերների համար լիարժեք ընկալելի չէ, թե ՀՀ նոր իշխանություններն ինչպես են պատրաստվում շարունակել իրենց հետ երկխոսությունը։ ԵՄ-ից առավել մեծ աջակցություն ակնկալելու համար իշխանությունները պետք է նախ կարողանան հստակ սահմանել իրենց ակնկալիքները և երկրորդը՝ հստակ գործողություններ կատարել՝ ցուցադրող բարեփոխումները շարունակելու, առաջընթաց ապահովելու իրենց հաստատակամությունը։

Հաջորդ տարում ԵՄ հետ երկխոսության ակտիվացումն ու ԵՄ անդամ երկրների հետ ամենաբարձր մակարդակով ինտենսիվ աշխատանքը կարևոր է լինելու նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը խթանելու համար։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: